Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հերոսի մորը դանակով սպառնացած աշակերտուհիները ոստիկանությունում են

Ապրիլ 25,2022 15:12

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մորը՝ տիկին Լիդային (լուսանկարում) նախօրեին սպառնացած երկու անչափահաս աղջիկներն այսօր առավոտյան ոստիկանություն են հրավիրվել:

Տիկին Լիդան Aravot.am-ին ասաց, որ չի պատրաստվում առերեսվել այդ աղջիկների հետ, նրա պահանջը մեկն է. «Որ կանչեն էլ՝ չեմ գնա, որովհետեւ Ազատության հրապարակում եմ: Ես պարզել եմ՝ ովքեր են, տվել ոստիկանությանը: Թող ինչ ուզում են՝ անեն: Առաջին հերթին ծնկաչոք ներողություն խնդրեն բոլոր արցախցիներից այն անպարկեշտ ու անվայելուչ բառերի համար, երկրորդ՝ դանակը, որով ինձ սպառնացել են, բերեն, դնեն ոստիկանություն: Այդ աղջիկներին՝ որպես ապագա հանցագործների, թող դատեն: Այն երեխաները, որոնք օգնեցին ինձ պարզել, թե ովքեր են այդ աղջիկները, պատմել են, որ այդ աղջիկը միշտ էլ մոտը դանակ է ունեցել: Բնորոշեցին վատ վարքով, պատմեցին, որ մինչեւ գիշերվա երեքը թրեւ են գալիս շնիկներով, ավելի կոպիտ բառեր չեմ ասի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվեց տեղեկություն, որ ապրիլին 23-ի երեկոյան, տիկին Լիդան տուն գնալու ճանապարհին սպառնալիքներ է ստացել երկու անչափահաս աղջիկների կողմից: Վերջիններիցս մեկը նույնիսկ դանակով սպառնացել է այն նկատողության համար, որը ստացել է, ըստ տիկին Լիդայի, արցախցիների հասցեին անպարկեշտ արտահայտությունների համար իր կողմից հնչած նկատողության համար:

«Ես 72 տարեկան եմ, նախկինում նման դեպք չեմ տեսել: Այս ամենը նա բերեց հետը…  Անընդհատ սպառնում էր՝ գիտե՞ս պապաս ով է, որ պապաս բռնի, քեզ մորթելու է, գլուխդ կտրեմ, գլորեմ, տանդ տեղը իմանամ…»:

Տիկին Լիդան չի կարողացել պարզել՝ ով է այդ աղջկա հայրը, որով աղջիկը հպարտացել ու սպառնացել է:

Մարգարիտ Քուշկյան

Այս աղջիկների հաճախած դպրոցի տնօրեն Մարգարիտ Քուշկյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց. «Ինձ այսօր՝ առավոտ շուտ, անչափահասների բաժնի տեսուչը զանգել էր ու ասել, որ դպրոցի հարակից տարածքում միջադեպ է եղել…երբ ասաց, տիկին Լիդան է հաղորդում տվել, արդեն գլխի ընկա, որ մեր հերոսի մայրն է, կապի մեջ ենք, դասարան ենք անվանակոչել հերոսի անունով: Զանգեցի տիկին Լիդային, որ ավելի ստույգ իմանամ, որ տեսախցիկն եմ հետ տալիս, որ ձայնագրությունները նայեմ: Տիկին Լիդան արդեն իր փոքրիկ հետաքննությունն արել էր, աղջիկների անունները տվեց: Մեկը ութերորդ, մյուսը՝ իններորդ դասարանի աշակերտուհիներ են: Անմիջապես ծնողներին կանչեցի, ոստիկանությունից էլ էին եկել: Ծնողների ու դասղեկների ուղեկցությամբ գնացին ոստիկանության Նոր Նորքի անչափահասների բաժանմունք: Այդ աղջիկները ոչնչով աչքի չեն ընկել: Երբեւէ գրավոր նկատողություն չեն ունեցել: Մեկը բազմազավակ ընտանիքի երեխա է: Հանգիստ, սուսուփուս երեխաներ են, ոչ մի արտառոց բան չի եղել: Այս ինը տարիների մեջ առաջին անգամ էին իմ աշխատասենյակում լինում: Գերազանցիկ աշակերտներ չեն, բայց ծույլ էլ չեն»:

Մեր հարցին՝ որպես դպրոցի տնօրեն՝ փորձե՞ց պարզել, դանակն ինչու էր իր մոտ պահում աշակերտուհիներից մեկը, տիկին Քուշկյանը պատասխանեց՝ չի հարցրել:

Ըստ նրա՝ աշակերտուհիներից մեկը պատմել է, որ հիվանդ է, տիկին Լիդային էլ չեն կարողացել դպրոց հրավիրել առերեսման. «Այդպես առանց հստակ, հաստատ իմանալու, ինձ իրավունք չվերապահեցի մեղադրանքներ ներկայացնել եւ դա իմ գործն էլ չէ, ես ընդամենը հայտնաբերեցի»:

Տնօրենի խոսքով, աղջիկները նաեւ հերքել են, թե իրենք սպառնացել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930