Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գորշ պատերից՝ ընտանիքի գունեղ անկյուն Իջևանում (Ֆոտոշարք)

Ապրիլ 23,2022 17:24

Իջևանում «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ջանքերով, Եվրամիության ֆինանսավորմամբ բացվեց «Ընտանիքի անկյուն»:

Այն նպատակ ունի բարձրացնել տղամարդկանց դերը, ներգրավվածությունը երեխայի խնամքի և ծնողավարման գործում, փոխել  հանրային կարծրացած ընկալումները  կանանց և տղամարդկանց դերերի մասին:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր խոսքում  նշեց. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում հայրիկների ներգրավվածությունը ընտանեկան հոգսերում և հայրության նկատմամբ ընդհանուր առմամբ վերաբերմունքը մի փոքր փոխվել, բայց նաև հարցվողների մեծ մասը  խոստովանում են, որ իրենք դեռ երկրորդական դեր են կատարում մեր ընտանիքներում:

Եվ հիմնական բեռը երեխաների՝ խնամքի, կրթության, առողջական հարցերի, ընկած են մայրիկների վրա: Մենք էլ ուզում ենք մայրիկների ներուժն էլ ամբողջովին օգտագործվի: Հայաստանում ունենալով քիչ բնակչություն՝ մեզ համար ճոխություն է չօգտագործել  յուրաքանչյուրի ներուժը: Սա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի խորհուրդն է միշտ, ուղերձն է մեր պետությանը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էլ,  իր ելույթում կարևորելով  ընտանիքի դերը հայրենիքի կառուցման գործում,  նշեց, որ  սոցիալ-տնտեսապես կայուն պետություն ունենալու համար չենք կարող թույլ տալ, որ շատ գրագետ իրավաբան կամ հաշվապահ կինը զբաղվի միայն երեխայի խնամքով:

«Մենք որպես պետություն՝ ունենք առաջընթաց այն առումով,  որ արդեն չենք վախենում բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին: Չենք վախենում բարձրաձայնել, որ, ցավոք, մեր ընտանիքներում ունենք ընտանեկան բռնություն, որի դեմ առաջին պայքարը պիտի մղի համայնքը, որովհետև բացարձակ ամոթալի չէ օգնության ձեռք մեկնել այն մարդուն, ով դրա կարիքն ունի», -ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ պետական, ՏԻՄ մարմիններում սկսել են բյուջեները կազմելիս հաշվի առնել գենդերային բաղադրիչը:

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում հավաստիացրեց, որ վերանորոգված, կահավորված, գեղեցիկ գույներով ընտանիքի անկյունն առավել շատ բովանդակություն է, քան ձև:

«Իջևանի ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը երրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Մեկ տարի առաջ նման անկյուն ստեղծվել է Գյումրիում, այնուհետ՝ Վանաձորում.

«Կենտրոնների երկու տարվա գործունեությունը և մեր փորձը ցույց  է տվել, որ «Ընտանիքի անկյան» շահառուները՝ մասնավորապես տղամարդիկ, կենտրոն այցելելով, վերապատրաստումներին և հայրիկների դպրոցներին մասնակցելով, դարձել են ավելի հոգատար և ուշադիր իրենց  երեխայի, կնոջ, ընտանիքի նկատմամբ: Սրանք փոքրիկ, բայց մեծ ուժ ու ազդեցություն ունեցող գործոններ են երջանիկ ընտանիքներ ունենալու համար: Առկա բացը լրացնել հնարավոր է կրթության միջոցով, ինչն էլ  մենք փորձում ենք ապահովել կենտրոնների տրամադրած ծառայությունների շրջանակներում»,-ասաց Արթուր Նաջարյանը:

ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի  և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանն էլ հիշեց, թե ինչքան գորշ էր մարզպետարանի այն սենյակը, որը վերանորոգումից հետո վերածվել է տաք և ջերմ միջավայր ունեցող կենտրոնի:

«Այս սենյակն, ամիսներ առաջ մարզպետարանի վարչական շենքի ամենագորշ, տխուր սենյակներից մեկն էր, որը տարիներ շարունակ ծառայել է նաև որպես ընտրատարածքային հանձնաժողովի մի սենյակ»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան:

 

Նա նաև տեղեկացրեց, որ երկրորդ հարկում  տեղակայված է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների  բաժինը, և եթե սերտ համագործակցություն լինի, Իջևանում բռնության դեպքեր չեն լինի:

Պաշտոնական միջոցառումն ուղեկցվեց Իջևանի «Արևիկ» կենտրոնի սաների «Հայրիկները կարևոր են» խորագրով ցուցահանդեսով, ելույթ ունեցան նաև Իջևանի երաժշտական դպրոցի սաները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930