Վանեցյանի արձագանքը՝ ՔՊ-ականների քննադատություններին
Միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ աշխատասենյակ դառնա Արթուր Վանեցյանի համար, քան ԱԺ-ի իր աշխատասենյակն է, որովհետեւ չենք հիշում, որ պարոն Վանեցյանը խորհրդարանական ակտիվությամբ փայլեր. «Առավոտի» հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանեց իշխանական ու մերձիշխանական շրջանակներից հնչող այս եւ այլ քննադատություններին՝ իր նախաձեռնած նստացույցի հետ կապված. «Եթե իշխանությունները կործանում են մեր երկիրը, իրենց թվում է՝ ես պետք է գնամ ու մասնակցեմ «Սնդիկի մասին» օրենքի քննարկմա՞նը, թե՞ ծառատունկի կարեւորության մասին խոսեմ: Նման բանով զբաղվողներն ուղղակի անլուրջ են: Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ են բերում՝ սրա-նրա համար անձնական բժիշկ ավելացնելու, վարչապետին աշխատանքից ազատվելուց հետո թիկնազոր ապահովելու, ՊՊԾ-ն ԱԱԾ կազմից հանելու, թե մի հատ օրենք են ընդունում, որ Վանաձորի ընտրված համայնքապետին ապօրինի տանեն նստացնեն ու ուրիշ մարդ նշանակեն նրա փոխարեն: Դա՞ է դրանց օրենսդրական աշխատանքը: Որեւէ բան չեն անում, բացառապես իրենց իշխանությունը պահելու համար ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններ են»:
ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, որ «Վանեցյանի հաջողության դեպքում կստանանք պատերազմ, անհաջողության դեպքում՝ խաղաղություն»: Նրա խոսքով՝ «Մենք խաղաղության օրակարգով ենք գնում, իրենք՝ պատերազմի։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Իրենց հաջողությունն ուղիղ պատերազմի է բերելու, անհաջողությունը՝ խաղաղության: Ժողովուրդն է որոշելու՝ խաղաղությո՞ւն կլինի, թե՞ պատերազմ. «Քանի որ իրենք այս պահին 50 հոգի են, ուրեմն՝ ժողովուրդը որոշել է, որ խաղաղություն կլինի»:
Վանեցյանը արձագանքեց. «Դա հերթական մանիպուլյացիան է մարդկանց վախեցնելու, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ, որ եթե չհանձնենք Հայաստանը, չհանձնենք Արցախը, լինելու է պատերազմ, եթե չզիջենք մեր ինքնիշխանությունը, լինելու է պատերազմ: Սո՛ւտ են ասում, իրե՛նք են անվերջ պատերազմի պատճառները եւ վե՛րջ: Նոյեմբերի 9-ին կնքվել է հրադադարի պայմանագիրը, դրանից հետո մշտապես ունենք սպառնալիք սահմանին, ունենք թշնամու զինուժի ներկայություն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, ունենք նոր գերիներ, նոր զոհեր ու ամեն օր Ադրբեջանից ու Թուրքիայից լսում ենք պատերազմի սպառնալիքի մասին: Իրենք են պատերազմ բերողները, մենք պայքարում ենք հենց պատերազմի դեմ: Մեր հաջողության դեպքում պատերազմ չի լինելու, ես վստահեցնում եմ: Ժողովուրդը, ճիշտ է, ընտրում է խաղաղության տարբերակը, բայց ո՛չ իրենց ասած: Ժողովուրդը նաեւ ընտրում է ապագան, բայց ո՛չ իրենց ապագան: Տարբերություն պետք է դնենք ինչ է ուզում իրականում ժողովուրդը եւ ինչ են ուզում իրենք»:
ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասում է՝ Վանեցյանը հեծանիվ քշելով եւ այլ գործողություններով միգուցե ուզում է կրկնօրինակել այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին, բայց դա առնվազն լուրջ չի: Վանեցյանը պատասխանեց, որ անբովանդակ, անլուրջ քննադատություններ են դրանք. «Մարդ էր, եկել էր այստեղ, ասել է՝ քշեք իմ հեծանիվը, ես էլ քշել եմ եւ ի՞նչ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Վանեցյանի հնչեցրած թեզերին, հարցրեցինք՝ դուք նշել եք, թե՝ «ես ասում եմ՝ սրանց քշեմ, ես դառնամ վարչապետ», բայց մարդիկ առանց տեսնելու, թե ով է գալու հաջորդիվ, ո՞նց կարող են իշխանափոխություն անել, բա կարող է մրից ելնեն, մրջուրն ընկնեն՝ Վանեցյանը պատասխանեց. «Ես եկել եմ Ազատության հրապարակ՝ որպես քաղաքացի Արթուր Վանեցյան, ես չեմ եկել՝ որպես «Հայրենիք» կուսակցության ղեկավար կամ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար: Ու դրա նպատակը մեկն է՝ այս վերջին մի քանի տարիների ընթացքում այս իշխանությունները մարդկանց մեջ մանիպուլատիվ կերպով մտցրել են, թե՝ սրանք նախկին են, սրանք վատն են, սրանք հին են, սրանք նոր են: Ես ասել եմ՝ եկեք բոլորդ դրոշներդ դրեք մի կողմ, եկեք պայքարենք հանուն Արցախի, Հայաստանի: Այդ պայքարում եթե մենք հիմա խոսենք իշխանության կիսման մասին, թե իշխանությունում ով ինչ տեղ է զբաղեցնելու, ինչ է անելու, ճիշտ չէ:
Այդ հարցին կանդրադառնանք, երբ լինի պատեհ առիթը, երբ կզգանք, որ կա արդեն հանրային ճնշումը, հանրային ալիքը, որ մարդիկ արդեն պատրաստ են իրականացնել իշխանափոխություն, այդ հարցին կանդրադառնանք: Դա էլ է որոշելու ժողովուրդը:
Համեմատություն չանենք Նիկոլ Փաշինյանի ասածի հետ, բայց ժողովուրդը փողոցում կորոշի, թե ով է այն առաջնորդը, որը կկարողանա ղեկավարել այս երկիրը: Կլինեմ դա ես, թե մյուսը, այս պահին որեւէ կապ չունի»:
Հարցին՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցության անդամները այստեղ գալիս են այցելուի կարգավիճակով, նախաձեռնության կողքին չեն, ինչո՞վ եք սա բացատրում, ինչ-որ հարցում տարաձայնությո՞ւն կա ձեր մեջ, ի՞նչն է, որ չեք կիսում՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Որեւէ տարաձայնություն չկա, իմ գործընկերները ինձ աջակցում են, գալիս են յուրաքանչյուր օր, մինչեւ ուշ գիշեր մնում են իմ հետ բոլորը՝ բացառություն չկա: Բայց մենք ասել ենք, որ այս պայքարը լինելու է ապակենտրոն եւ ցանցային, մի քիչ համբերեք, ամեն ինչ կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2022