Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ մանդատ է տվել ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին․ կառավարող ուժը հակասում է իր նախընտրական խոստումներին

Ապրիլ 15,2022 23:00

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Արցախյան հիմնախնդրի լուծման, տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում հաճախ են առաջ մղում այն թեզը, որ իրենք ժողովրդից մանդատ են ստացել։ Վերջին օրերին ակտիվացել են այս հարցերի շուրջ քննարկումները։ Այս հոդվածում կփորձենք հասկանալ, թե կառավարող ուժը ընտրությունների արդյունքում ինչպիսի քայլեր իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից։

Ի՞նչ են հայտարարում Փաշինյանն ու նրա թիմակիցները

Երկու օր առաջ՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմին և իր մեղավորությանը։

Վարչապետի պնդմամբ` միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար:

«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրե՛ք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ինքն այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգն այլընտրանք չունի:

Իր ելույթում Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումն ու ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը։

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- հայտարարեց վարչապետը:

Երեկ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց․ «Առաջ քաշվեց այն գաղափարը (նկատի ունի՝ 90-ականներին- խմբ․), որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի․ տարիներ են անցել, ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել»:

Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որ Արցախը չհայաթափվի։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կազմում լինելու դեպքում Արցախը չի հայաթափվի, պատգամավորը պատասխանեց․ «Այսինքն, ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞»։

Այնուհետև Խաչատրյանը, պատասխանելով հարցին՝ պատկերացնո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում թե՞ ոչ, նշեց․ «Վարչապետը բաց ասաց, որ մենք մեր գործընկերների հետ, ովքեր կարող են օգնել Հայաստանին ու Արցախին, այժմ քննարկելու ենք անվտանգության հարցերը, նոր կարգավիճակի, որովհետև նրանք մեր ուզած կարգավիճակի հարցը չեն ուզում քննարկել։ Երբ որ մենք ասում ենք, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանից դուրս, ասում են՝ ցտեսություն, գնացեք, լուծեք ձեր հարցը։ Բայց մենք օժանդակության կարիք ունենք։ Ասում են՝ եթե ուզում եք՝ կոալիցիա ձևավորվի, եթե ուզում եք՝ Հայաստանն, Արցախը օգնություն ստանան, կարգավիճակի նշաձո՛ղն իջեցրեք, և մենք, փոխանակ իրենց հետ քննարկենք, թե մինչև ուր իջեցնենք, ասում ենք՝ լավ, էդ մի կողմ դրեցինք, քննարկենք անվտանգության հարցերը։

Այս տարվա մարտին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 5 կետանոց առաջարկ։ Առաջարկների թվում էին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով հարցին, թե իրենց համաձա՞յն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշեց․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանեց․ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտում չի ունեցել, և խոսքը Արցախի հայ բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի մասին է»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։

Իսկ մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, և ուրեմն հարց է ծագում՝ ինչու է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ-ի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»։ 

Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Խոսելով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց․ «Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։

Երկու դեպքում էլ Փաշինյանը նշում է Արցախի ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին՝ չնշելով ոչինչ ինքնորոշման սկզբունքի մասին։

Դիտարկենք ՔՊ նախընտրական ծրագիրն ու ելույթները՝ հասկանալու համար, թե ներկայիս կառավարող ուժը ժողովրդից ինչ մանդատ է ստացել։

«Անջատում հանուն փրկության» սկզբունք և ինքնորոշման իրավունք

«Անջատում հանուն փրկության» գաղափարի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռ 44-օրյա պատերազմի օրերին։ Պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է միջազգային հանրությանն ի ցույց դնել ԼՂ-ի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը «հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»: ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Փաշինյանը կրկին խոսեց այս սկզբունքի մասին։

ՔՊ նախընտրական ծրագրում Արցախյան հակամարտության կարգավորման մասին ասվում էր հետևյալը․

  • «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
  • Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։
  • Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։

Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հունիսի 17-ի հանրահավաքի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը խոսեց այս գաղափարի մասին․ «44-օրյա պատերազմը, ԼՂ հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը [ԼՂ ] հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։

Արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց․ «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում։

Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում, սակայն, Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ձևակերպումները մի փոքր այլ էին։

  • Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: 
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Կառավարության ծրագրից դուրս է մնացել «Անջատում հանուն փրկության սկզբունքը»։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա եթե այդ ձևակերպումը կար կառավարության ծրագրում, ապա այն հիմա անհետացել է կառավարող ուժի ներկայացուցիչների խոսույթից։ Նրանք օգտագործում են «ԼՂ ժողովրդի իրավունքներ» ընդհանրական ձևակերպումը։

Արցախի տարածքների դեօկուպացիա

2021-ի հունվարին Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի և Ալիևի հետ։ Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը ԼՂ կարգավիճակի հստակեցման համատեքստում խոսել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիայի, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովման մասին։

Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:

Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին ոչ մեկ անգամ խոսել է նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը (12

ՔՊ նախընտրական ծրագրում նշված էր․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:

Իսկ կառավարության ծրագրում արդեն ոչ մի խոսք չկար Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին:

Խաղաղության օրակարգ և հարևանների հետ հարաբերություններ

Նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական հարցերի շուրջ ՔՊ դիրքորոշումը հետևյալն էր․

  • «Հայաստանը կարևորում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։
  • Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչը բխում է տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից համապատասխան կառուցողական քայլերի դեպքում»:

Իսկ կառավարության ծրագրում արտաքին քաղաքական հարցերի մասին ձևակերպումներն այսպիսին էին․

  • «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:
  • Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը:
  • Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
  • Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:

Այսպիսով, ժողովուրդը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին տվել է՝

  • պատերազմի հետևանքների վերացման,
  • Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման,
  • Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրականացման վրա,
  • «անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման,
  • նախկին ԼՂԻՄ բնակավայրերի դեօկուպացիայի, Արցախի վերահսկողության ներքո վերադարձնելու,
  • 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչման մանդատ։

Ավելին, ծրագրում հստակ նշվում էր՝ այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։

Նախընտրական ծրագրի այս կետերից երկուսը՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը և Արցախի տարածքների դեօկուպացիան, դուրս են մնացել կառավարության ծրագրից։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին կառավարության ծրագրում նշվում էր, սակայն վերջին շրջանում կառավարող ուժի ներկայացուցիչները խոսում են Արցախի ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին։ Իսկ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններն, ըստ էության, անուղղակի ակնարկ են այն մասին, որ կարող է քննարկվել Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրի այն ձևակերպմանը, թե Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, ապա Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները հակասում են դրան։ Վիգեն Խաչատրյանը, հիշեցնենք, ասել էր, թե 90-ականներին առաջ եկած գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ չի եղել։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը խոսում են ժողովրդից մանդատ ստանալու մասին, սակայն իրենց նախընտրական ծրագրում և ելույթներում տված խոստումներին հակասող հայտարարություններ են անում։

Աննա Սահակյան

Infocom.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930