Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Տավուշում ամուսինների ինքնասպանության դեպքի վերաբերյալ

Ապրիլ 11,2022 17:26

Ապրիլի 8-ին Տավուշի մարզի բնակավայրերից մեկում ամուսինների ինքնասպանության դեպքից Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած ամուսինները երկու մանկահասակ երեխա ունեն: Ամուսինները վերջին ժամանակներում ընտանեկան խնդիրներ են ունեցել: Ինքնասպանությունից մի քանի օր առաջ՝ երիտասարդ կինը եկել է Իջեւան՝ մորաքրոջ տուն, մեկ օր անց տեղափոխվել Տավուշի մարզի գյուղերից մեկում ապրող տատիկի տուն:

Երեք օր տատիկի տանը մնալուց հետո՝ հենց այդտեղ էլ ինքնասպանություն է գործել:

Մեր աղբյուրը պատմեց, որ այդ կինը դեպքի օրը նույնիսկ Իջեւան է գնացել՝ ամուսնու աշխատավայր, փորձելով նրա հետ հանդիպել, հաշտվել:

Կնոջ ինքնասպանությունից ժամեր անց իր տանը ինքնասպան է եղել մահացած կնոջ ամուսինը: Ըստ լուրերի՝ ամուսինը չի դիմացել կնոջ մահվան լուրին, որովհետեւ շատ է սիրել նրան: Ամուսինը հարգված մարդ է եղել թե Իջեւանում, թե կողքի գյուղերում: Ինքնասպանություն գործած կինը նամակ է թողել, բայց իրավապահները չեն թողել, որ հարազատներն այն վերցնեն:

Մեր աղբյուրը փոխանցեց, որ այդ կինն ու իր քույրը երկու հարազատ եղբայրների կանայք են:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Իջևան բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 8-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ «Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ 24-ամյա բնակչուհին Լուսաձոր բնակավայրի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ քրեական գործ։

Նույն օրը՝ ժամը 20։35-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ստացվել է մեկ այլ հաղորդում ևս՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 35-ամյա բնակչի՝ իր տան նկուղի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան լինելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ամուսիններ են. որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու վերաբերյալ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ». Հոդվածը հրապարակումից հետո խմբագրվել է, քանի որ հակասություններ կան մեր վարքականոնի այն դրույթի հետ, ըստ որի՝ «Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների և կոռուպցիոն երևույթների հետ:

«Առավոտը» նաև ստորագրել է ԶԼՄ Դիտորդ մարմնի կանոնագիրը, որտեղ կետերից մեկով նշվում է, որ լրատվամիջոցը պարտավոր է պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ: Ինչպես նաև «Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ» գլխի 4․3 կետով նշվում է, որ լրագրողները պետք է առանձնապես նրբանկատ լինեն, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930