Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին. Civilnet

Ապրիլ 08,2022 14:04

ՍիվիլՆեթը պարզել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։

Ազատության պողոտայում գտնվող երկու հողամասեր հասցրել է վաճառել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, իրեն պատկանող հողամասն է վաճառել Արմեն Հովսեփյանը՝ կալանավորված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։

Աղվան Հովսեփյանի որդին հողամասը վաճառել է աներոջը:

Ազատության պողոտա 1/33 հասցեում է գտնվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին պատկանող հողամասը։ Դրա մակերեսը կազմում է 0,2 հեկտար (2 000 քառակուսի մետր)։ Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե) դեռ 2018-ին քրեական գործ էր հարուցել Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատների հետ կապված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 2020-ի սկզբին ՀՔԾ-ն տարածքի առանձնատներն ու հողամասերը ճանաչել էր իրեղեն ապացույց, ինչը նշանակում էր, որ իրեղեն ապացույց ճանաչված տարածքները հայտնվել էին արգելանքի տակ, ու դրանց հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ Իրեղեն ապացույցների ցանկում էր նաև Արմեն Հովսեփյանի հողամասը։

Սակայն 2020-ի մայիսի 12-ին՝ հողամասի իրեղեն ապացույց ճանաչվելուց երկու ամիս անց Հովսեփյանը հողամասը վաճառել է աներոջը՝ Գարեգին Նուշիկյանին։

Նուշիկյանը գործարար է, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր։ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետր հողամասը Նուշիկյանին վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով՝ նշված տարածքում շուկայականից անհամեմատ էժան։

Գեներալը վաճառել է հողերը

Նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը Ազատության պողոտայում ուներ երկու հողամաս: Դրանցից մեկը 2 244 քառակուսի մետր մակերեսով էր, մյուսը՝ 1 910: Դրանք կողք կողքի էին և Հովիկ Աբրահամյանի առանձնատան անմիջապես հետնամասում։ Սարոյանի՝ Ազատության պողոտա 1/25 հասցեում գտնվող հողամասը (2 244 քմ) ևս ՀՔԾ որոշմամբ համարվել էր իրեղեն ապացույց ու արգելանքի տակ էր, դրա հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ 2021-ի մայիսին ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը դիմում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հայտնելով, որ չեն առարկում Սարոյանի՝ այդ տարածքում գտնվող հողամասերի հետ կապված կադաստրային գործարքներին։ Մոտ մեկ ամիս անց Սեդրակ Սարոյանը հողամասը վաճառում է Ռուսաստանի քաղաքացի, Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Վահագն Կարախանյանին։ Գեներալը հողը վաճառել է 561,6 միլիոն դրամով։ Սարոյանը Ազատության պողոտայի այս հողը գնել էր Երևանի քաղաքապետարանից 2003-ին 4,9 միլիոն դրամով։

Սարոյանի մյուս՝ Ազատության պողոտա 1/26 հասցեով հողամասը (1 910 քմ) ևս վաճառվել է Վահագն Կարախանյանին։ Գործարքը կազմել է 463 միլիոն դրամ։ Գնելով հողամասը՝ Վահագն Կարախանյանն այն նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Լևոն Կարախանյանին։

Վահագն ու Լևոն Կարախանյանները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են, Ռուսաստանի քաղաքացիներ։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930