Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եղել են իրավիճակներ, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, իմ աշխատավարձը եղել է 60 հազար դրամ». Աղազարյանը՝ արցախցուն առանց գազ թողնելու մասին

Մարտ 29,2022 15:32

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, որ պետք է միակամ լինենք եւ սովորենք գազատարը փակ վիճակում ապրել, սոցցանցերում բուռն քննադատությունների տեղիք է տվել:

Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ եթե այս ցուրտ եղանակին ձեր տան գազն անջատենք, կսովորե՞ք ապրել այդ պայմաններում, դուք որպես իշխանություն ուրիշ առաջարկելու բան չունե՞ք արցախցուն, օրինակ, ինչո՞ւ չեք գնում Արցախ՝ մի արցախցու դարդերին դարման լինելու: Նա պատասխանեց. «Անդրանիկ Քոչարյանի մտքերը, ով հենց սկզբից կանգնած է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանության գործին, առաջամարտիկներից է եղել, պետք չի միշտ ուղիղ իմաստով հասկանալ: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ես ապրել եմ առանց գազի, առանց պայմանների: Եթե այդքան պիտի պրիմիտիվացնենք այդ մտքի էությունը, ապա ես սովոր չեմ ու ոչ մեկը չի սովորում դրան: Եղել են իրավիճակներ, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, որովհետեւ իմ աշխատավարձը եղել է 60 հազար դրամ, դա չի բավականացրել, հետեւաբար չենք միացրել: Մենք չպիտի մոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանի արտահայտած միտքը այն կոնտեքստով է ասված, որ մենք պատերազմի մեջ եք, չի ավարտվել պատերազմը: Թշնամու կողմից նմանատիպ դրսեւորումները միշտ պետք է սպասենք ու անակնկալի չգանք: Թող ների Անդրանիկ Քոչարյանը, որ ես մեկնաբանում եմ իր խոսքը, բայց նրա ասածը այն իմաստով է, որ մենք պետք է, այո, կրճտացնենք մեր ատամները եւ իրար կողքի կանգնենք»:

Հարցրեցինք՝ 90-ականներին, երբ վիճակը ծանր էր, թշնամին Ստեփանակերտի մատույցներում էր, Գերագույն խորհրդի 30-40 պատգամավորներ վեր էր կացել ու գնացել Արցախ, իրենց մաշկի վրա զգում էին՝ ինչ է կատարվում, իսկ այսօր իշխանական պատգամավորները դա չեն անում, դուք չեք գնում մի արցախցու տանը նստեք այս գազ չեղած պայմաններում, որ արցախցին իմանա՝ թիկունք ունի ու ՀՀ իշխանությունները իր կողքին են՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես ինքս այն ժամանակ մի քանի անգամ գնացել եմ, վառելիք ենք տարել: Ոչ թե անձամբ ես եմ տարել, այլ պատկերացնո՞ւմ եք, ուղղաթիռի մեջ 200 լիտրանոց մետաղից տարաները որ կան, դրած մի քանի հատ, մի հատ գնդակ կպներ՝ կպայթեր: Գնացել ենք, մասնակցել ենք, բայց հավատացնում եմ, վիճակները տարբեր են առաջ եւ հիմա: Ու այնպես չի, որ հիմա չեն գնում»:

Թե ո՞րն է տարբերությունը առաջվա ու ներկայիս վիճակի՝ Աղազարյանը պատասխանեց՝ այն ժամանակ միջազգային կազմակերպությունների «ռամկաների մեջ չէինք», հիմա չպետք է թշնամուն առիթ տանք բանակցային գործընթացում սեպ խրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031