Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ մի քանի օր առաջ «քթի և դեմքի պատռած վերքեր» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկ՝ 44-ամյա Ռ․ Ջ-ն։
Վերջինս, մեր տեղեկություններով, Մեծ Բրիտանիայի Թագավորության քաղաքացի է, սակայն բնակվում է Մոսկվայում, մասնագիտությամբ մանկավարժ է։
Զբոսաշրջիկի՝ մարմնական վնասվածք ստանալու մասին Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Մեր այս տեղեկությունը հաստատեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նա ասաց, որ ամիս 24-ի լուսադեմին իրենց մոտ է տեղափոխել Ռ․ Ջ․-ն, որի վերքերը մշակվել են, ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել ու դուրս են գրել հիվանդանոցից։
Կարդացեք նաև
Ոստիկանության Կումայրի բաժնում այժմ նյութեր են նախապատրաստվում։
Տուժողի ընկերուհին՝ Սանկ Պետերբուրգ քաղաքի բնակչուհի Պ․Կ․-ն ոստիկանությանը հայտնել է, որ իր ընկերոջ՝ Ռ․ Ջ․-ի հետ որպես զբոսաշրջիկներ՝ մարտի 14-ին եկել են Գյումրի քաղաք, տուն են վարձակալել քաղաքի կենտրոնական հատվածում։
Մարտի 24-ին՝ ժամը ժ.02.00-ի սահմաններում, ընկերը՝ Ռ․ Ջ․-ն Գյումրու փողոցներում փնտրել է իրենց կատվին, մեկ ժամ անց տուն է վերադարձել դեմքի վնասվածքներով ու պատմել է, որ Գյումրու Գորկու փողոցում իրեն են մոտեցել երեք երիտասարդներ։ Նրանցից մեկն այնպես է հարվածել իր դեմքին, որ անմիջապես վայր է ընկել։
Երիտասարդներն այս արարքը պարզաբանել են նրանով, որ իրենց թվացել է՝ Ռ․Ջ․-ն գող է։ Նրանք ցույց են տվել մի տեսանյութ, որտեղ ինքը՝ լուսարձակը ձեռքին, ինչ-որ բան է փնտրում: Սակայն տեսնելով, որ սխալվել են, երիտասարդները ներողություն են խնդրել իրենց քաղաք ժամանած հյուրից, նույնիսկ առաջարկել հիվանդանոց տեղափոխել։ Զբոսաշրջիկը մերժել է, որից հետո տղաները հեռացել են։
Ճշտեցինք, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել երեք երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու լուսանկարը՝ Humans Of Gyumri էջից