Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիշխանության հարցում «կարմիր գծեր» չկան

Մարտ 22,2022 10:00

Պատկերացրեք այսպիսի մի տեսարան. Երեւանի փողոցներ են դուրս եկել մի խումբ հայեր, Հայաստանի քաղաքացիներ՝ պաստառները ձեռքներին, որոնց վրա գրված է՝ «1915 թվականին Հայոց ցեղասպանություն չի եղել»: Նման բան հնարավոր չէ պատկերացնել, այդպես չէ՞: «Հայ լինելը» լռելյայն ենթադրում է, որ դու ընդունում ես մեր պետության որոշ հանգուցային դրվագները: Ցեղասպանության փաստը հերքելու քարոզչությամբ հանդես գալը Հայաստանում, ի տարբերություն մի շարք այլ պետությունների, քրեականացված չէ. դրա անհրաժեշտությունը չկա՝ դա «կարմիր գիծ է», որից այն կողմ սկսվում է մեր ազգին «չպատկանելու» ոլորտը:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերը նույնպես քրեականացված չեն՝ չնայած Սահմանադրության չփոփոխվող հոդվածով մեր երկիրը հռչակված է ինքնիշխան պետություն: Իրավաբանները բացատրում են. շարքային քաղաքացիների, ոչ պաշտոնյաների համար այն, ինչ արգելված չէ, թույլատրված է: Օրինակ, մինչեւ 2021 թվականի օգոստոսի 2-ը հայհոյելը քրեական հետեւանքներ չէր ենթադրում, հիմա ենթադրում է եւ ոստիկանության ու այլ իրավապահների ջանքերի զգալի մասն այժմ ուղղված է Փաշինյանի հասցեին հայհոյանքները որսալուն եւ այդ քաղաքացիներին պատասխանատվության կանչելուն: Իհարկե, հայհոյանքն ինքնին հեղհեղուկ եզր է: Իհարկե, վարչապետի կողմից հայհոյանքներ հնչեցնելուց նրան պատասխանատվության չեն ենթարկում, բայց դա, ինչպես ասում են, նույն իրավաբանները. «իրավակիրառ պրակտիկա» է: Իսկ բուն օրենքով հայհոյանքը քրեականացված է: Մինչդեռ Հայաստանի ինքնիշխանության դեմ քարոզը քրեականացված չէ:

Ի տարբերություն Հայոց ցեղասպանության դեպքի, այստեղ հասարակության կողմից «կարմիր գիծ» չի քաշվում: Այսինքն՝ երբ մարդիկ դուրս են գալիս փողոց եւ կոչ են անում, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա այլ պետության մաս, դա մի կողմից օրենքով արգելված չէ, իսկ մյուս կողմից՝ հասարակության մեծամասնությունը դա չի համարում արտառոց, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող վարքագիծ: Ինչպես եւ ագրեսիան, մահը, քաղաքների հրետակոծումը խորհրդանշող «Z» տառով Երեւանի փողոցներում ցույցեր անելը:

Ինչպես մեր քաղաքացիների մեծամասնությունը հանգիստ է ընդունել Արցախի մեծ մասի կորուստը եւ ընտրություններով իր աջակցությունն է հայտնել պատերազմում պարտված ԶՈւ գլխավոր հրամանատարին, այնպես էլ դեմ չի լինի, որ Հայաստանը մտնի Ռուսաստան-Բելառուս- ДНР-ЛНР միության մեջ: Ի տարբերություն Արմեն Աշոտյանի, կարծում եմ, որ դա «էմոցիաների» հարց չէ: Դա արժեքային համակարգի եւ քաղաքակրթական ընտրության հարց է: Կամ, ինչպես որ դա մեր հասարակության դեպքում է՝ դրանց նկատմամբ խորապես անտարբեր լինելու հարց:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hay says:

    Ես առավել քան համոզված եմ, որ ռուսների կամ բելոռուսների արժեքային համակարգը շատ ավելի բարձր է, քան էդ արևմտյան կենդանիների, որոնց երեխաներին 6 տարեկանից դպրոցում մաստուրբացիայով ճիշտ զբաղվել են սովորեցնում (դեռ գեյրոպայի բոլոր երկրներում չի գործում այդ դասընթացը, բայց դա ընդամենը ժամանակի հարց է):

  2. Լավատես says:

    Գլոբալ տենդենցը՝ դա պետությունների ապամոնտաժումն է, պետությունների փոխարեն լինելու են տարածքներ՝ առանց ազգային պատկանելիության, սա մարդկանց ոչխարի հոտի վերածելու քոչվորի այլասերված տեսակի երազանքն է, մարդկային հոտի հովիվն էլ այդ այլասերված տեսակը ինքն իրեն է կարգել: Իսկ այն այլասերված նստակյացները, ովքեր կարծում են, թե որեւէ մեծ երկրի հետւիորդը դառնալով կարող են իրենց տեսակը կամ գոյությունը պահպանել, սխալվում են, այդ մեծ երկրների դերը այս այլասերվածների օրակարգում՝ ճզմել փոքր երկրներին, զրկելով նրանց ազգային ոգուց, ազգային հատկանիշներից, նույնիսկ ֆիզիկական գոյությունը չի ապահովվում, որովհետեւ այս պատերազմների առաջնագիծ առաջին հերթին ուղարկում են օտար թնդանոթային ազգերին, հետո նոր նրանց հետեւից սեփական ազգի զինվորներին ուղարկում: Սա չի նշանակում, որ մենք գործ չունենք այդ մեծ երկրկների ազգերի հետ, հակառակը, մենք պետք է լինենք չափազանց սկզբունքային, որ ցանկացած ազգ՝ լինի մեծ թե փոքր, ուժեղ թե թույլ, մեզ հետ հարաբերվելուց առաջ նախապես իմանա մեր կարմիր գծերը, ով էլ ուզում է լինի՝ եղբայր թե թշնամի, ուժեղ թե թույլ, մենք բոլորի հետ շփվում ենք մեզ համար սրբություն հանդիսացող նույն սկզբունքներով, մի քիչ ձեւափոխելով հայտնի խոսքը՝ մենք չունենք բարեկամներ կամ թշնամիներ, մենք ունենք սուրբ սկզբունքներ, որոնց պաշտպանելու համար պատրաստ ենք ազգովին կենաց մահու կռիվ տալ: Մենք մեր տարածաշրջանում պետք է տարածենք այդ սկզբունքները, դա նորմալների սկզբունքներն են՝ լինի նստակյաց թե քոչվոր, մենք միայն մեր նորմալ գլոբալ տենդենցը պետք է մարտադաշտ հանենք այլասերվածների գլոբալ տենդենցը հաղթահարելու համար: Սա մեր շանսն է, հաղթահարելով չարին այսօր մենք երկար տարիների երջանիկ ապագա կապահովենք մեր սերունդներին: Նորմալ ազգեր եւ ժողովուրդներ, դառնանք չափազանց սկզբունքային, մեր փրկությունը պայքարի մեջ է:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Զավեշտալի է, երբ Հայաստանի իրական ինքնիշխանության զրոյացումը նիկոլի կողմից չեն նկատում, բայց կոկորդիլոսի արցունքներ են թափում ձեւական-վերացական «ինքնիշխանության» համար: Թե բա՝ ավելի լավ է թուրքական «ինքնիշխան» վիլայեթ դառնանք, քան թե մեր անվտանգությունը ապահովող երկրի հետ միութենական դաշինքի մեջ մտնենք: Հիմա ո՞վ է ավելի ինքնիշխան՝ թուրքի կոշիկները լիզող նիկոլը, թե՞ Ռամզան Կադիրովը, որն անծայրածիր Ռուսաստանի կամայական տեղում ինչ ուզի կարող է անել ու հետն էլ օրական մոտ մեկ միլիարդ ռուբլի դոտացիա-կոնտրիբուցիա է ստանում Մոսկվայից…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031