«Առաջանում են իրավիճակներ, որոնցում քաղաքացիների շահերի լավագույն պաշտպանությունը վարձակալության իրավունքի պետական գրանցումն է։ Նման իրավիճակները չէ, որ քաղաքացիներին պետք է սովորեցնեն իրավունքների պաշտպանության մեխանիզմները կիրառել, բայց սա իրավիճակ է, երբ բոլորը հետագա իրավունքները պաշտպանելու համար պետք է դրանք գրանցեն»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով իրավիճակին, որ անշարժ գույքի վարձակալության շուկան այս պահին ՀՀ-ում մեծ գնաճ է արձանագրել, եւ շատ քաղաքացիներ վարձավճարի թանկացման հետեւանքով դրսում հայտնվելու վտանգի առաջ են, քանի որ վարձակալության պայմանագրեր կնքած չեն եղել։
Տիգրան Խաչատրյանը հարցադրում արեց․ «Կառավարությունը պե՞տք է գնա որեւէ մեկին ասի, որ բնակարանի գինը չբարձրացնի․ կարծում եմ՝ ոչ, որովհետեւ ՀՀ գալիս են բոլոր ժամանակներում եւ այն պատճառով, որ շուկան կարգավորվող է։ Կառավարությունը չի խառնվում նման հարցերին»։
Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ պետք չի անհանգստանալ, թե ամիսներ անց անգամ զբոսաշրջիկների համար բնակարաններ չեն լինի․ «Կլինեն։ Մի մասը կգնա, մյուսները կգան, կլինեն հյուրանոցներ։ Ես կարգավորման մեծ առարկա չեմ տեսնում։ Ժամանակը ցույց կտա»։
Քննարկմանը ներկա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ (լուսանկարում) իր հերթին շեշտեց, որ վարձակալության պայմանագրերը համատարած ստվերի դաշտում են․ «ՊԵԿ-ը գրեթե չունի գործիքակազմ այստեղ։ Չենք կարող ստուգում անել եւ ֆիզիկական անձին լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել։ Մենք հիմա տեղեկատվություն ենք հավաքագրում, թե որտեղ կան վարձակալված բնակարաններ՝ հիմնականում խոշոր ծավալների, եւ վարձատուներին ծանուցելու ենք, որ հաջորդ տարի իրենք պարտավոր են գրանցել վարձակալության պայմանագրերը եւ վարձակալության գումարների մասով վճարել եկամտային հարկ։ Կադաստրի եռամսյակային տեղեկությունների հիման վրա ենք հիմա ծանուցում, թեեւ հիմա ինքներս ենք տեղեկություններ հավաքագրում․ վարձակալության պայմանագրերը ենթակա են գրանցման, եւ դրանցից գոյանում են հարկեր»։
Կարդացեք նաև
Բադասյանի խոսքով՝ այս կարգավորումը թե վարձատուի, թե վարձակալողի իրավունքների պաշտպանությունն է, եւ չի կարող բացառվել, որ մի օր էլ վարձատուները կարիք կունենան իրենց իրավունքների պաշտպանությունն ամրագրելու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ