Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչին են դեմ՝ պարզ է: Իսկ ինչի՞ն են կողմ

Մարտ 18,2022 10:00

Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Հայաստանի իշխանությունը պետք է չեզոքություն պահպանի: (Օրինակ, ՄԱԿ-ում ձեռնպահ քվեարկելը ճիշտ էր): Մնացած բոլոր տարբերակները վտանգ են ներկայացնում մեր պետության համար: Կարելի է հուսալ, որ Ռուսաստանը չի ստիպի մեր իշխանություններին՝ գնալ անբարոյական քայլերի ու, ասենք, կրկնել իր քարոզչական հեքիաթները «նացիստների» մասին կամ արդարացնել ուկրաինական քաղաքների հրետակոծությունը:

Բացի իշխանությունից՝ մնացած քաղաքական ուժերը պարտավոր չեն չեզոք լինել, հակառակը՝ նրանք, իմ կարծիքով, պետք է ելնեն իրենց դավանած քաղաքական, մարդկային արժեքներից ու կողմնորոշեն իրենց համակիրներին: Եվ ահա այստեղ թե՛ խորհրդարանական ընդդիմության եւ թե՛ կուսակցությունների մեծամասնության պահվածքում ես տեսնում եմ ավելի շուտ «ռուսաստանյան թեքում»: Ես չեմ տեսել, որ քիչ թե շատ խոշոր, ազդեցիկ կուսակցություններից մեկը որեւէ քննադատական բառ ասի Ռուսաստանի հասցեին: Բացատրությունները կարող են լինել երկուսից մեկը: Կա՛մ նրանց դուր է գալիս Ռուսաստանի քաղաքականությանը, եւ նրանք, մասնավորապես, ողջունում են «Հայոց արծիվների» նախաձեռնությունը՝ Դոնբաս ջոկատ ուղարկելու: Կամ էլ՝ նրանք հույս ունեն, որ Պուտինը Փաշինյանից ինչ-որ հարցում դժգոհ կմնա, ու այդ դեպքում իրենք կառաջարկեն իրենց ծառայությունները: Միանգամից ասեմ. որ դրանք սին հույսեր են. Պուտինին (ինչպես նաեւ Ալիեւին ու Էրդողանին) պետք է Հայաստանի պարտված ղեկավարը, եւ այդ պատճառով Փաշինյանն այսօր ունի Ռուսաստանի լիակատար աջակցությունը: Այդպես է լինելու առնվազն մինչեւ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելը: Այսպիսով, հայաստանյան այն քաղաքական ուժերը, որոնք Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալու երազանք ունեն,  ողջունում են այդ երկրի ներխուժումը հարեւան պետության տարածք, իսկ նրանք, ովքեր նման հույս չունեն, այդ քայլը դատապարտում են: Կրկնեմ, բացի այդ զուտ պրագմատիկ մոտիվացիայից քաղաքական կուսակցություններից սպասելի են նաեւ «արժեքային» մոտեցումներ. օրինակ, մարդ սպանելը լա՞վ է, թե՞ վատ:

Բայց դրանով ընդդիմության գործողությունների հանդեպ իմ տարակուսանքը չի ավարտվում: Պետք է հստակորեն ասվի՝ ընդդիմադիրները ընդհանրապես դե՞մ են Թուրքիայի հետ բանակցություններին, թե՞ կողմ են, ասենք, մեր  կողմից որոշակի նախապայմաններ առաջ քաշելուց հետո՝ օրինակ, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո միայն հնարավոր են բանակցությունները: Գուցե այլ նախապայմաններ կան՝ ցանկալի է իմանալ: Ընդդիմությունը սկզբունքորե՞ն է դեմ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու գաղափարին, թե դեմ է ադրբեջանական կողմի հրապարակած նախապայմաններին: Հայաստանն այդ  դեպքում ի՞նչ պայմաններ պիտի ներկայացնի իր կողմից:

Միայն «թուրք» եւ «դավաճան» ասելը գուցե ոմանց սիրտը հովացնում է, բայց, մեղմ ասած, քաղաքական նոր իմաստներ չի ստեղծում:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ներողություն եմ խնդրում շատախոսությանս համար: Թե ինչպիսի՞ հարաբերություններ մենք պետք է ունենանք ցանկացած ազգի կամ ժողովրդի հետ՝ մենք պետք է ընդունենք հստակ ռազմավարություն, որը պետք է իր հերթին միաձայն հաստատված լինի մեր բոլոր անխտիր հայ քաղաքական ուժերի կողմից, որոնք իշխանության գալով շարունակեն նախորդ իշխանության ռազմավարությունը: Իմ պատկերացմամբ, այդ ռազմավարության հիմքում պետք է լինի հետեւյալ սկզբունքը՝ պատերազմ կամ վերպետական կառույց, որի մեջ պետք է մտնեն հարաբերվող ազգերն ու ժողովուրդները, եթե նախընտրում են վերպետական կառույցը, որը պետք է ծառայի մեր պետություններին՝ պետությունների մեջ մտնող ազգերին ու ժողովուրդներին, ապա այդ կառույցի մեջ ծառայելու համար գործուղվում են կամ ընտրվում են պետությունների լավագույն ներկայացուցիչները եւ վերպետական կառույցի օրենքները պարտադիր են բոլոր պետությունների համար, որոնք մտնում են այդ կառույցի մեջ: Կամ էլ պատերազմ, սա էլ է հստակ, ինչպես տեսնում ենք, միջազգային միջպետական հարաբերություններում գործում են ջունգլիների օրենքը՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է եւ մանկական ինքնախաբեությամբ զբաղվել, թե մեծ ձյաձյաները մեզ կպաշտպանեն՝ սա ինքնասպան հիմարություն է: Եթե իսկական ռուս ու իսկական ուկրաինացի ազգայնականները ղեկավարեին իրենց երկրները, ապա նրանք իրար հետ շատ ավելի շատ ռազմավարական ընդհանրություններ կգտնեին, իսկ տարաձայնությունները կլինեին միայն մարտավարական եւ միասին մի հզոր ճակատով պատերազմ կհայտարարեին այսօրվա նրանց ընդհանուր թշնամիներին, նրանց խնդրի լուծումն էլ է վերը բերվածը՝ երկու կողմերի ազգայնականները իրենց երկրներում պետք է ստեղծեն ստվերային կառավարություն, այդ կառավարությունները պետք է ստեղծեն վերպետական ստվերային կառավարություն եւ այսօրվա պատերազմի երկու կողմերի իշխանություններին լյուստրացիա անեն, որոնք ընդամենը գործիք են դրսի ուժերի ձեռքում՝ սեփական ազգերի ոգին ջախջախելու ու մանիպուլացնելու համար: Մեզ էլ չէ՞, դուխով բարձրացրին ամպերը ու դուխով շրմփացրին գետնին, սրա նպատակն էլ էր մեր ոգին կոտրելու, պարզապես ձրի պանրի մասին հա մոռանում ենք, բայց մենք կոտրվողներից չենք, ոչ էլ ռուսուկրաինացիներն են կոտրվող, էդքան խելքը գլխին ռուսուկրաինացի է եկել մեր երկիր, մեր խելքը գլխին հայերն էլ առիթից օգտվեն, միասին մշակեն մեր ազգերի ապագան, իսկ այսօրվա բոլոր հետխորհրդային իշխանությունները միայն լավ բաներ են խոսում, բայց իրականում գորբաչովականություն տարածում՝ ես եմ վերջին պրեզիդենտն այս պետության, հակառակ դեպքում ինձնից հետո ոչ պրեզիդենտ կլինի, ոչ էլ պետություն: Ամեն ինչ մեր ձեռքերում է, ողջ ազգով մի ռազմավարություն, իսկ օրենքներով կնշենք այն ռազմավարական կարմիր գծերը, որոնք չպետք է հատի ցանկացած մարտավարություն:

  2. Hay says:

    Պարոն Աբրահամյան, չեմ հասկանում Ձեր հակառուսականությունը, արդեն նմանվում եք շիրինյանին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031