Զազրախոսներ կան հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ճամբարներում: Իմ կարծիքով՝ ամենաճիշտը զազրախոսներին անտեսելն է, նրանցից որեւէ պարագայում չվիրավորվելը:
Ի՞նչ կա վիրավորվելու, եթե նրանց ժամանակին ծնողները չեն բացատրել, թե ինչպես է պետք պահել հասարակական վայրերում: Նույնը, բնականաբար, վերաբերում է Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վատ դաստիարակության դրսեւորումներն, իհարկե, ցավալի են, բայց այս պարագայում դա ոչ թե անձնական, այն հասարակական խնդիր է:
Ինչո՞ւ Հայաստանի ղեկավարը կարող է իրեն պահել այսպես: Շատ պարզ. որովհետեւ դա Հայաստանի բնակչության ակտիվ մեծամասնությանը դուր է գալիս: Փաշինյանի 680 հազարանոց ընտրազանգվածի ներկայացուցիչները՝ տեսնելով, թե ինչպես է նա մատ (կամ գուցե ուրիշ բան) թափ տալիս, իրար ժպտում են, թերեւս, նաեւ՝ ողջագուրվում են եւ բավարարված բացականչում՝ «տեսա՞ր, ոնց շշեց էդ թալանչիներին»:
Ինչպես հայտնի է, վարչապետը մամուլի քարտուղար չունի, սակայն այդ պարտականությունը հաջողությամբ կատարում են նրա մի քանի տասնյակ ստորադասները՝ ՔՊ պատգամավորները: Նրանց փաստարկը հետեւյալն է. «Բա որ ընդդիմադիրները շիշ էին շպրտում, լա՞վ էր»: Դա նման է ռուսաստանյան պաշտոնական քարոզչություն թեզին՝ «բա որ ամերիկացիները ռմբակոծում էին Բելգրադը կամ Իրաքը, լա՞վ էր»: Մեկ անձի, կամ մեկ պետության վատ արարքներն ամենեւին չեն արդարացնում մեկ այլ անձի կամ պետության նմանատիպ արարքները:
Կարդացեք նաև
Մի խոսքով, «բա որ»-ը լուրջ փաստարկ չէ: Ես վարչապետի «մամուլի քարտուղարներին» (նրա բոլոր քայլերն արդարացնողներին) առաջարկում եմ ավելի ուժեղ փաստարկ. նրան ընտրել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Հետեւաբար, նրանք Փաշինյանից հենց այդպիսի վարքագիծ են ակնկալում:
Ես միշտ այն համոզմանն էի, որ սոցիումն է ձեւավորում քաղաքական լիդերներին եւ ոչ թե հակառակը: Դա ճիշտ է հատկապես այն դեպքերում, երբ ընտրությունների արդյունքները ոչ ոք լրջորեն կասկածի տակ չի դնում: Այդպիսի ընտրություններ էին, մասնավորապես, համարվում 1991, 2018, 2021 թվականի քվեարկությունները: Իսկ հիմա փորձենք բացատրել, թե ինչու է քաղաքացիների մեծամասնությունը 1991-ին ընտրել գիտությունների դոկտորին, իսկ 2021-ին՝ մատ կամ այլ բան թափ տվողին: Ես այստեղ եմ տեսնում մեր ամենամեծ խնդիրներից մեկը:
…Տաքսիստներն իրենց մեքենաներում հաճախ բարձրաձայն միացնում են ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներից մեկի մենախոսությունները եւ ամեն մի «մատ թափ տալուց» գոհունակությամբ քմծիծաղ են տալիս: Երբ ես խնդրում եմ այդ ձայնագրությունն անջատել, նրանք արդարանում են. «Հա, հասկանում եմ, որ դա ձեզ դուր չի գալիս, բայց մարդը ճիշտ բաներ է ասում»։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Օրենսդրորեն պետք է ձև գտնել, որ անկիրթ, իր անուն ազգանունը առանց տառասխալների գրել չիմացողների ձայնը որոշիչ չլինի ընտրություններում:
«…Ես միշտ այն համոզմանն էի, որ սոցիումն է ձեւավորում քաղաքական լիդերներին եւ ոչ թե հակառակը:..»
30 տարի առաջ ես «հավը՞, թե՞ ձուն» կարգի այս հարցին պատասխան չունեի: Թերևս երկու կողմից էլ շատ համոզիչ փաստարկներ կլինեին, թե ով է ում ձևավորում: Հիմա, համենայնդեպս ինձ համար, փաստերն ավելի քան համոզիչ են: Ուղեղների լվացման, համատարած բթացման ժամանակակից կատարյալ տեխնոլոգիաները սոցիումը չի ստեղծել, կամ նա չի օգտագործում: Դրանք ստեղծել են անհատները, երևի չգիտակցելով հետևանքների մասին, և կիրառում են լիդերները՝ քաջ գիտակցելով, թե ինչի համար: Այն, ինչ ժամանակին բռի ձևերով ուզում էին, բայց չկարողացան անել ֆաշիստները Գերմանիայում՝ «մաքրել» ազգը, հիմա հաջողությամբ անում են աշխարհի հզորները գլոբալ մակարդակով և «թափ տվողները»՝ գավառական մակարդակով: 2008-ին փոխակերպության այդ գործընթացը մեզ մոտ արդեն բուռն թափով ընթացքի մեջ էր, ու մեծ հարց է, թե հրապարակում ում ընտրազանգվածն էր գերիշխողը՝ գիտությունների դոկտորի՞, թե՞ «թափ տվողի»: Չեմ կարծում, թե սոցիումն էր թելադրել առաջինին այդքան իջնելու: Հակառակը՝ կարծում եմ որ դա իր կամքն էր՝ հասնել նպատակին՝ «թափ տվողի» օգնությամբ ընտրազանգվածից «շարիկովներ» կերտելու գնով:
Իսկ ինչու՞ եք անցյալ ժամանակով գրում Ձեր համոզմունքի մասին, կարելի է՞ հարցնել:
Մոռացա ասել, շնորհակալություն հոդվածի համար:
Պարոն Սևակ,21 րդ դարում անուն ազգանուն ճիշտ գրելը դեռ կրթվածության չափանիշ չէ,իսկ 21 րդ դարի մրցակցային կրթվածության չափանիշներին՝ ոչ ես, ոչ Դուք, ոչ պարոն Աբրահամյանը,ոչ էլ մեր հարևան Վարդանը չենք համապատասխանում։Ոչ միայն մենք չենք համապատասխանում,այլ վարչապետի թեկնածուների մեծամասնությունը նույպես։
Ես կողմնակից եմ,որ մենք ունենանք կրթված հասարակություն և որպես հետևանք խելացի ղեկավարություն,իսկ եթե Դուք հենց այսօր եք ուզում կիրթ ղեկավարություն ,(բայց տգետ հասարակություն),ապա ավելի հեշտ է ղեկավարի թեկնածուների համար սահմանել կրթվածության շեմ։
Իսկ ես հավատում եմ ժողովրդի միացյալ գիտակցությանը, պարզապես գիտակցությունը անձնականից վիրանձնականի՝ ազգայինի է վերածվում, երբ ընդհանուր գործողությանը մասնակցում է որոշակի կրիտիկական քանակից բարձր ժողովուրդ, իսկ որպեսզի հաստատ մտնենք այդ կրիտիկական քանակի տիրույթ, օրենք ընդունենք պարտադիր ընտրողական ծառայության մասին՝ քաղաքացու քաղաքացիական պարտքն է մասնակցել ընտրություններին, բայց քանի որ մեր իշխանությունընդդիմությունը իր խելքը հացի հետ չի կերել, նրանք բնական է նման օրենք չեն ընդունի, չնայած որոշ ժողովրդավար երկրներում այն գործում է, ասենք Ավստրալիայում: Մնում է մեր իսկական իշխանության ու իսկական ընդդիմության ուժերը համատեղել, ստեղծել համատեղ ընտրողական գլխավոր շտաբ եւ հենց այսօրվանից գնալ մտնել բոլոր համայնքներն ու գյուղերն ու քաղաքները ու ընտանիքները եւ բոլոր քաղաքացիներին հասարակական հիմունքներով (զինվորա) ընտրագրեն պարտադիր ընտրողական ծառայության եւ հանձնել հերթական տեղական թե պետական ընտրությանը պարտադիր ժամանակին ներկայանալու երկկողմ ստորագրվելիք համաձայնագիրը: Մենք հոյակապ ժողովուրդ ունենք, մնում է կարողանանք գիտականորեն մշակված մեր սիրելի ժողովրդի հանճարը բացահայտելու ջանքեր կիրառենք: Հայ գիտնականներ ու պետական եւ հասարակական անկախ ուժեր աշխարհի, միացե՛ք, թող ձեր միակ կախվածությունը լինի միայն ձեր խղճից:
Շատ հեշտ է ԱԺ-ում մատ թափ տալ ընդդիմադիրների վրա և հերոսի կեցվածք ընդունել, բայց եթե նույն մատ թափ տվող «դուխովը» պատերազմի թեժ կետերին մոտենար, մկան պես որևէ տեղ կթաքնվեր կամ էլ բունկերը կմտներ:
Ի միջի այլոց, այսօր մեր նախկին արժանավոր վարչապետի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Փորձենք նրա հետ համեմատել ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնողին.
մեկը՝ հողեր ազատագրող – մյուսը՝ ազատագրած հողերը հանձնող,
մեկը՝ առանց թիկնապահների շրջող և պատերազմի Սպարապետ – մյուսը՝ թիկնապահներով շրջապատված և բունկեր սիրող,
մեկը՝ երկիրը պաշտպանելու համար հայ զինվորների թիվն ավելացնող և նրանց Արցախ ուղարկող – մյուսը՝ Արցախում հայ զինվորների թիվը պակասեցնող և իրեն ժողովրդից պաշտպանելու համար Հայաստանի ոստիկանների թիվն ավելացնող,
մեկը՝ մեր երկրի թշնամիների համար ատելի կերպար – մյուսը՝ նրանց հետ քիրվայության ջատագով և հայ ընդդիմադիրների վրա մատ թափ տվող:
Կարելի է շարունակել համեմատությունները, բայց ուզում եմ ավարտել հետևյալ խոսքերով ՝
Ծննդյանդ օրը շնորհավոր, սիրելի ՍՊԱՐԱՊԵՏ, դու եղար հայոց պետականության ու տարածքների վերականգնման գլխավոր հերոսներից մեկը և քո գիսաստղային լուսավոր հետքն ավելացրիր հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ:
Գիտությունների փառապանծ դոկտորը առանձնապես չի տարբերվում մեծարգո պարոն «թափ տվողից»: Երկուսն էլ նույն պարտվողականության, քիրվայության, թրքահպատակության, չարչիության քարոզիչներ են: Երկուսն էլ «խաղաղության դարաշրջան» բացող ասկյարներ են՝ համոզված, որ Հայաստանը պետություն ունենալու իրավունք «էն գլխից» չունի. թուրքական վիլայեթից այն կողմ նրանց մտահորիզոնը չի անցնում: Ես շատ լավ եմ հիշում, թե 2008-ին ինչպես էր դոկտորը մատ թափ տալիս «մոնղոլ-թաթարական թալանչիների» վրա եւ ինչպես էր իր հոգեզավակին գուրգուրում՝ որպեսզի նրա ճղճղան հոգին փառավորվի բարիկադներում ու Լֆիկի խանութներում: Եւ այժմ բոլորովին էլ զարմանալի չէ, որ «ազգակործան պատուհասի» կառավարության կարեւորագույն դիրքերում բազմել են բացառապես մեր դոկտորի կադրերը. դոկտորական ռեբրենդինգ՝ ՀՀՇ-ՀԱԿ-ՔՊ…