Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ-ներում հետիոտները մեղքի մեծ բաժին ունեն, հույսը Աստծո ու վարորդի վրա են դնում. Վարդան Թադեւոսյան

Մարտ 01,2022 16:00

Ճանապարհատրանսպորտային վթարների ամենագլխավոր պատճառը արագությունն է: Այս կարծիքին է Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը:

Ըստ նրա՝ արագությունն անգամ մեկ տոկոսով ավելացնելը 4 տոկոսով բարձրացնում է մահացության ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները:

Այսօր «Մեդիա կենտրոնում» ճանապարհատրանսպորտային ոլորտի մասնագետները վերլուծեցին Համաշխարհային բանկի հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ 2020-ին Հայաստանը գրանցել է ճանապարհատրանսպորտային պատահարների մահացության 2-րդ ամենաբարձր ցուցանիշը՝ 11,74 մահ 100,000 բնակչի հաշվով: Առաջին տեղում Վրաստանն է:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանի խոսքով, ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասն անզգուշության հետեւանք է, որի մեղավորը հետիոտներն են: Ըստ նրա, վթարների հիմնական տոկոսը երեկոյան՝ ուշ ժամերի են տեղի ունենում: Վթարների պատճառներից մեկն էլ, ըստ պարոն Թադեւոսյանի՝ մարզերում ճանապարհները լուսավորված չեն, համապատասխան ցուցանակները բացակայում են:

«Քաղաքացիների գիտակցության մեջ դեռ չի մտել այն սկզբունքը, որ փողոցը պետք է անցնել թույլատրելի տեղից: Այն վայրերում, որտեղ տեղի են ունենում այդ վթարները՝ շատ դեպքերում կան վերգետնյա անցումներ, բայց մարդիկ չեն ուզում ժամանակ ծախսել, մի քանի քայլ ավել կատարել, որ անվտանգ անցնեն: Հույսն Աստծո, վարորդի զգոնության վրա են դնում, բայց պետք է մտածեն, որ մեքենան տեխնիկա է, վարորդը կարող է անզգույշ լինել եւ այլն»,-ասաց նա:

Վարդան Թադեւոսյանը ներկայացրեց Քննչական կոմիտեի վարույթում գտնվող Երեւան քաղաքի տվյալները, ըստ որոնց՝ 2021 թվականի ընթացքում քննվել է 369 քրեական գործ, որից 228-ը փոխանցվել է 2020 թ.-ից:

Իսկ մարզերին առնչվող 105 քրեական գործ կա եւ 108 անձի նկատմամբ ուղարկվել է գործը դատարան, որից 70-ը մահվան ելքով է եղել: Ըստ նրա, 270 գործի վարույթ կարճվել է՝ 79 մահվան ելքով, իսկ 270-ից 86-ն էլ արդարացման հիմքով է:

Վարդան Թադեւոսյանը չբացառեց, որ ՃՏՊ-ների թվի ավելացումը պայմանավորված է հետպատերազմյան շրջանով. «Մարդիկ էմոցիոնալ են. հոգեկան ծանր իրավիճակում, ինչն ազդում է մեքենան վարելիս: Այդ էմոցիաներով ապրում ենք, անուշադիր ենք դարձել, դիմացինի նկատմամբ չարացել ենք»:

Թե բալային համակարգը, որի դեմ քաղաքացիները բողոքում էին նախքան ներդրվելը, որքանո՞վ ազդեցություն ունեցավ վթարների թվի նվազեցման վրա, Պողոս Շահինյանը նշեց, որ բալային համակարգի առավելությունն այն է, որ, եթե վարորդը կատարում մի քանի խախտում, զրկվում է վարորդական իրավունքից:

Էդուարդ Կարապետյանը եւ Նարեկ Զուլալյանը՝ ձախից

Քննարկմանը ներկա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Էդուարդ Կարապետյանն ասաց, որ 2020 թվականի համեմատ՝ 2021-ին շուրջ 13 տոկոսով վրաերթերի եւ վթարների աճ կա: Նրա խոսքով, հիմնական պատճառը ճանապարհային երթեւեկության եւ երթեւեկության ապահովման անվտանգության կանոնները խախտելն է. «Հետիոտները փողոցն անցնում են չթույլատրված տեղով, բայց պետք չէ մեղքը միայն հետիոտների վրա բարդել, վարորդներն էլ իրենց հերթին ուշադրությունը շեղում են երթեւեկությունից, արագությունը չեն իջեցնում՝ ընդհուպ մինչեւ կանգառ անելը, մտածում են՝ ճանապարհն իրենցն է ու հետիոտնը պետք է զիջի»: Նա նաեւ ասաց, որ մահվան ելքերով վթարները հիմնականում տեղի են ունենում Մյասնիկյան եւ Արշակունյաց պողոտաներում, որտեղ արագությունը գերազանցում են:

Ըստ Վարդան Թադեւոսյանի՝ մարզերից վթարների ամենաբարձր ցուցանիշը Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում է՝ Երեւան-Սեւան Սեւան-Գեղարքունիք ճանապարհներին, որտեղ գրեթե ամեն օր վթարներ են լինում: Այս դեպքում էլ գլխավոր պատճառը արագության գերազանցումն է, անուշադրությունը, անսարք մեքենաներով երթեւեկելը:

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ծրագրերի կառավարման գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանի խոսքով, վթարների պատճառների մեջ մեծ թիվ է կազմում ճանապարհների ենթակառուցվածքների հարցը: Ըստ նրա, միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվում են ծրագրեր, որոնք վեր են հանում ճանապարհերի վթարավտանգ, այսպես ասած, «սեւ կետերը»:

Նարեկ Զուլալյանն ասաց, որ այդ ծրագրերով դրանք նաեւ վերացվում են՝ ասֆալտբետոնե ծածկն են բարելավում, արագացման, դանդաղեցման գոտիներ են ստեղծում, մայթերն են վերականգնում, ճանապարհային նշաններ ու արգելապատնեշներ են տեղադրում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031