Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրի այցելած ՔՊ-ական պատգամավորներին «քեմալական սովածներ» անվանելու համար հրավիրվել է ոստիկանություն

Փետրվար 26,2022 18:08

Aravot.am-ի տեղեկություններով,  Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում նյութեր են նախապատրաստվում  գյումրեցի ընդդիմադիր  քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի՝ ֆեյսբուքյան գրառումներից մեկի հիման վրա։

Մեր տեղեկություններով, ոստիկանությունը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի մշտադիտարկման արդյունքում  Կարապետ Պողոսյան  օգտատիրոջ  էջում հայտնաբերել է  հետևյալ գրառումը  և սկսել պարզել հանգամանքները․ «Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Գյումրի այցելած քեմալական սովածներին հյուրասիրել են քաղաքում ամենաթանկ «Իմպերիալ» ռեստորանում… Սոված-չտեսներին կերակրելու ծախսը կազմել է մոտ 1.000.000 դրամ… Հետաքրքիր է՝ ո՞վ է փակել էդ հաշիվը»:

Կարապետ Պողոսյանը երեկ ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իրեն այս գրառման համար հրավիրել էին ոստիկանություն։ Նա իր գրառման տակ տեղադրել  էր  երեկ Գյումրի այցելած Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորների լուսանկարը, որոնք տնակներ, վթարային շենքեր այցելելուց հետո հյուրընկալվել էին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ։

Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանն ասաց․ «Այս գրառման հետ կապված երեկ ժամը 22․00-ից անց ինձ հրավիրել են ոստիկանություն, որտեղ ես բացատրություն եմ տվել։ Ու քանի որ հիմա նյութեր են նախապատրաստվում, չգիտեմ արդյունքն ինչ կլինի՝ քրեական գործ կհարուցվի, թե՞ կմերժվի, հետևաբար այս պահին չեմ ուզում մեկնաբանել։

Որպես իրավապաշտպան, որը տարիներ շարունակ՝ նախորդ իշխանությունների օրոք, եղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ուզում եմ փաստել, որ սա ամենավերջին խայտառակությունն է, երբ որ հանցագործության նման աճի դեպքում, բան-գործ թողած՝ ընկել են ֆեյսբուքյան օգտատերերի  գրառումների հետևից»։

Մեր ճշտող հարցին, թե ձեզ ոստիկանություն են հրավիրել ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքո՞վ, Կարապետ Պողոսյանը պատասխանեց․ «Այո, հրավիրել են ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով, ճիշտն ասած չհասկացա՝ «քեմալական»  արտահայտությո՞ւնն էր ծանր վիրավորանք, թե՞ «սովածները»։

Ես խնդրել եմ ոստիկանությունից, որպեսզի իրենք պարզաբանեն, թե գրառմանս մեջ նշված «քեմալական սովածներ» ասելով՝ իրենք ո՞ւմ են  նկատի ունեցել։ Ես գիտեմ՝ ում եմ նկատի ունեցել, բայց իրենք էլ պիտի ասեն՝ ո՞ւմ են նկատի ունեցել, որպեսզի հասկանանք՝ ուր ենք գնում։ Եթե  օրինակ՝ իրենք, «քեմալական սովածներ» ասելով, ի նկատի ունեն գործող իշխանությանը, ես կուզենայի իրենց դիրքորոշումն իմանալ»։

Մեր այն հարցին, թե Գյումրի այցելած 19 պատգամավորներից որևէ  մեկի բողոքո՞վ են ձեզ հրավիրել ոստիկանություն, Կարապետ Պողոսյանը պատասխանեց․ «Միանշանակ վստահ եմ, որ ոստիկանությունում պարապ մարդ չկա, որ նստի իմ ֆեյսբուքյան էջը դիտարկի։

Վստահ եմ, որ գործող իշխանությունների տեղական ներկայացուցիչների հիստերիայի արդյունքն է, որը ոստիկանության գլխին հերթական խնդիրն է դարձել։ Իմ էջին հետևել են այսօրվա գործող իշխանությունները, իրենք են  այդ արտահայտությունը վերագրել իրենց, որովհետև այնտեղ կոնկրետ որևէ մեկին նկատի չեմ էլ ունեցել։

Երևի իրենք ընդունում են, որ իրենք թուրք են, սոված են։ Սովորաբար յուրաքանչյուր մեկը՝ կապ չունի իրեն կվիրավորես, թե չես վիրավորի,  երբ արտահայտություն ես անում, որն իրեն սազում է, միանգամից վերագրում է իրեն։ Ես առաջին հերթին ինքս ոստիկանությունից խնդրել եմ, որպեսզի ոստիկանությունը պարզաբանի, թե «քեմալական սովածներ» արտահայտության տակ իրենք ո՞ւմ են տեսել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ Մարտիրոսյան says:

    տո այ խելոք,դու իրավունք չունես ոստիկանությանը հարցեր տալու, և եթե իրենք են քեզ հրավիրել,ուրեմն իենք են քեզ հարցեր տալու…ու լեննականցու էդ շուստրիությունդ էլ շատ պրիմիտիվ էր,թե ով ինչ ա հասկացել ու ոնց….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28