Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի թատրոնի դերասանների գնահատականը չդադարող ծափերն են

Փետրվար 26,2022 15:50

Կապանի դրամատիկական պետական թատրոնի համար անցած՝ 2021 թվականը չնայած դժվարին էր, բայց հաջողություններ էլ ունեցան։ «Ես դեռ ունեմ հույս» ներկայացումն առաջնախաղից հետո սիրվեց հանդիսատեսի կողմից։

Հենց այս ներկայացումից հետո ծնվեց Խորեն Լեւոնյանի «Հույս» ալբոմը, որում մեծ մասամբ ընդգրկված են Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի խոսքերով 44-օրյա պատերազմի օրերին ստեղծված երգերը։ Ո՞վ է Հայաստանը, ի՞նչ ճանապարհ է անցել, հիվանդ է արդյո՞ք հիմա, ի՞նչ է սպասվում նրան․ վիզուալ պատկերներով, դերասանների խաղով ու երաժիշտների կատարմամբ ծնվեց «Ես դեռ ունեմ հույս» ներկայացումը։

«Հերոսուհին՝ ինքը Հայաստանի 3-րդ հանրապետությունն է, որ ծնվեց, ու իր ամբողջ կյանքը՝ սկսած մանկությունից, պատերազմ, սով, էլի պատերազմ, բայց ինքը չի ընկճվում ու միշտ մնում է լուսավոր»․–ասում է Կապանի թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ Քրիստինե Սլոյանը։

Այս ներկայացումը Կապանի դրամատիկական թատրոնի անցած տարվա միակ առաջնախաղը չէր։ Բեմադրվեցին «Գիշատիչների խնջույքը», «Անհաջող գործարքը», «Կոդա»-ն, «Մանչուկն ու Կառլսոնը», «Լոլի Բոբի» ամանորի հեքիաթ-ներկայացումը։ «Շատ նոր ներկայացումներ կլինեին, բայց  հանվեցին դերասանների հիվանդության պատճառով։  Կորոնավիրուսային վիճակը մեզ անկանխատեսելի է դարձնում, քանի որ ներկայացումներ դրվում էին, բայց պրեմիերաները չէին կայանում»,-ասում է թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։

Տիգրան Աթայանը համոզված է, որ թատրոնը անցած տարի  իր առջեւ դրած խնդիրները կատարել է։ Տնօրենի խոսքով, դերասանական կազմը որակական առումով չի զիջում երեւանյան թատրոնների  դերասանական կազմին։ Անհրաժեշտության դեպքում նաեւ դրսից են մասնագետներ հրավիրում։ «Կրասնոդարի թատրոնից մենք հրավիրել են մեր լավ ընկեր Գալուստ Ներսիսյանին, որը բեմադրել է «Կոդա» ներկայացումը։ Այն մեր թատրոնի հեղինակային ներկայացումներից է։ Մենք հաճախ ենք հրավիրում ռեժիսորներ, նկարիչ, դերասաններ, դեռ կարողանում ենք հոգալ նրանց  հոնորարի եւ կեցության հարցերը թատրոնի արտաբյուջեի հաշվին»,-ասում է թատրոնի տնօրենը։ Նշենք, որ Տիգրան Աթայանը մարմնավորել է «Կոդա» ներկայացման գլխավոր հերոսի՝ Գոռի դերը։

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի որոշմամբ թատրոնը նվեր ստացավ միկրոավտոբուս՝ մասնավորապես, սահմանամերձ բնակավայրեր հյուրախաղերի գնալու համար, նաեւ՝  գերհզոր լուսային եւ ձայնային տեխնիկա,  բազմաֆունկցիոնալ տպագրական սարք։ Սա, ըստ տնօրեն Տիգրան Աթայանի,  թատրոնի կատարած աշխատանքը գնահատելու եւ իրենց ծավալած գործունեությունն արժեւորելու մասին է խոսում։ «Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը թատրոնի սպասված հյուրերից է։ Ճիշտ է, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  հաճախ չի կարողանում ներկա գտնվել ներկայացումներին, բայց չկա այնպիսի խնդիր, որ  Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբին, որ լուծում չստանա»,-ասում է Տիգրան Աթայանը։

Aravot.am-ի զրուցակիցը՝  որպես թատրոնի տնօրեն եւ որպես կապանցի, ցավ է ապրում, որ թատրոնի դերասաններից եւ ոչ մեկը կոչում չունի։ 40 տարի թատրոնում աշխատած դերասաններ Նատալյա Բաղդասարյանին ու Արտավազդ Գրիգորյանին անցած տարի ներկայացրել էին կոչման։ «Շատ ցավալի է, որ մարդիկ ապրել են այս քաղաքում, աշխատել են ի նպաստ այս թատրոնի, այս քաղաքի համար, բայց որեւէ կոչում չունեն։ Ինձ համար սա ցավալի է եւ վիրավորական է, որ մեր թատրոնը ունի ընդամենը մեկ վաստակավոր արտիստ, որին հրավիրել ենք Երեւանից՝ թատրոնում աշխատելու»,-ասում է Տիգրան Աթայանը։

Անկախ նրանից, թե ինչ կոչում ունեն Կապանի թատրոնում աշխատող դերասանները, անկախ վերանորոգման, ֆինանսավորման հարցերից, նրանք շարունակում են անտրտունջ աշխատել ու թերեւս նրանց գնահատականը՝ ամեն ներկայացումից հետո չդադարող ծափերն են։

Լուսանկարները՝ Կապանի դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28