Aravot.am-ն անդրադարձել է ոստիկանությանն ուղղված ահազանգին՝ Երեւանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել:
Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը 124 մանկապարտեզի մասին է, Aravot.am-ը հեռախոսով կապվեց մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանի հետ:
«Ծնողը դիմել է ոստիկանություն, իրականում բոլորիս է հետաքրքիր: Դրանով զբաղվում են ոստիկանները, այս պահին անչափահասների գծով համապատասխան բաժինը, գնում է քննություն, տեղյակ է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Մեզ համար էլ է հետաքրքիր՝ իրականում ինչ է կատարվել, կամ չի կատարվել, մենք էլ սպասում ենք:
Իրականության հետ որեւէ աղերս չունեցող դեպք է, բայց եթե գործը ոստիկանությունում է, ինչպես ես, այնպես էլ մյուս աշխատակիցները, սպասում ենք տեսնենք, թե ինչ կպարզեն»,-ասաց 124 մանկապարտեզի տնօրենը:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ երեխայի ծնողը ինչպես է հարաբերվել մանկապարտեզի աշխատակիցների հետ, ունեցե՞լ է որեւէ խնդիր: Տնօրենը պատասխանեց, որ մանկապարտեզի նախկին տնօրենի մահանալուց հետո է ինքը նշանակվել, եւ ոչնչից տեղյակ չէ:
«Ես նոր եմ նշանակվել եւ որեւէ հարցով չեմ առնչվել ծնողի եւ երեխայի հետ, դրա համար ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»,-ասաց տիկին Լադոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ