Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե Արմեն Սարգսյանից ակնկալում էինք, որ պետք է ՍԴ դիմի, բայց նա չէր դիմում՝ հիմա նույնիսկ այդ ակնկալիքները չենք կարող ունենալ․ «Առերեսում»

Հունվար 29,2022 23:00

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»,– ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 23–ին հրապարակված հրաժարականում։ Ըստ նրա՝ «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»։ Ո՞ւմ է հասցեագրված վերջին ակնարկը։ Նախագահի հրաժարականի առնչությամբ այս եւ այլ հարցադրումների են անդրադառնում «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը եւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Անդրադարձ կատարվեց նոր նախագահի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն իսկ հրապարակած չափանիշին՝ «Նախագահը, կառավարությունը և խորհրդարանի մեծամասնությունը պետք է քաղաքական ներդաշնակություն ունենան»։ Արդյոք զսպումների և հակակշիռների փոխարեն՝ ունենալու ենք առավե՞լ միաբեւեռ իշխանություն։

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից

Թեւան Պողոսյան․ Ցանկացած քաղաքական միավոր ցանկանում էր, որ նախագահի ինստիտուտի կողմից հայտարարությունն իրենց տեսակետին համահունչ լինի․․․ Եվ քանի որ նախագահի պաշտոնի գաղափարն այնպես էր գրված, որ պետք է բոլորին միավորի՝ պետք է կարողանայիր բանակցությունների միջոցով գտնեիր այնպիսի մի մոտեցում, որը բավարարեր բոլորին, կամ հնարավորություն ընձեռեր՝ բոլորը գային, միանային։ Բայց մեր յուրահատկությունները հաշվի առնելով՝ երբ որ մեկի հետ էր հանդիպում, հետո՝ մյուսի, հետո փորձում չեզոք տեքստ հրապարակել՝ ամեն մեկը համարում էր, թե իր դեմ է․․․ Սա բնական գործընթաց է, եւ բխում է այն խնդիրներից, որ մենք քաղաքականապես հասունանանք՝ երկխոսության ու քաղաքական կոնսենսուսի հասնելու հնարավորությունը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի մի մասը, որը չունենք։

Էդգար Ղազարյան․ Այո, այդ առաքելությունը դրված է նրա վրա Սահմանադրությամբ, քանի որ պետք է լինի քաղաքական որեւէ կուսակցությունից չեզոք, եթե նույնիսկ կուսակցական է՝ հրաժարվի, որպեսզի պետության գլխի ու սահմանադրության պահապանի գործառույթը պատշաճ իրականացնի։ Բայց իրականում նա իր գործողություններով խառնել է քաղաքական համակարգը, ավելի մեծ լարվածություն է ստեղծվել։ Նրանից ոչ թե ակնկալվել է, որ ինքն այս կամ այն քաղաքական ուժի շահերը սպասարկի, այլ ճիշտ հակառակը՝ նրանից ակնկալվել է, որ ինքը քաղաքական չեզոքությամբ՝ իր գործառույթները կատարի։ Իսկ ինքն իր գործառույթների կատարումից հրաժարվել է։

… Նախագահը, ըստ մեր երկրի Սահմանադրության՝ հետեւում է Սահմանադրության պահպանմանը, եւ իր գործողությունները դրան պետք է միտված լինեն։ Նախագահը ունի նաեւ ուղերձներով ԱԺ–ին դիմելու իրավունք, որից ոչ մի անգամ ինքը չի օգտվել։ Նախագահն ունի, ենթադրենք, ընտրության օր որոշելու իրավունք, որն իր փոխարեն՝ որոշել է դեռեւս մարտ ամսին՝ իր կողմից պաշտոնի նշանակված Նիկոլ Փաշինյանը եւ ինքը ոչ մի անհանգստություն չի հայտնել, որ մտել են իր լիազորությունների դաշտ։

Թեւան Պողոսյան․ Չկա որեւէ հավատ, որ այս իշխանությունները կբերեն ու գիտակցաբար կքվեարկեն որեւէ մեկի օգտին, որը բոլորի դուռը կարողանալու է ծեծել, բացել ու մտնել։ Եթե Արմեն Սարգսյանը շատերին կարողանում էր հրավիրել, քննարկումներ անել, միգուցե ոչ այնքան հաճո որոշումներ ընդունել, բայց միեւնույն է՝ քննարկման դաշտը ձեւավորվում էր՝ հիմա դա էլ չի լինելու։ Ամենացավալին է։

Էդգար Ղազարյան․ Լրացնելով ու համաձայնելով ձեր մտքին՝ ասեմ, որ եթե մենք Արմեն Սարգսյանից ակնկալում էինք, որ նա պետք է սահմանադրական դատարան դիմի, բայց նա չէր դիմում՝ այս պարագայում նույնիսկ այդ ակնկալիքները չենք կարող ունենալ։ Այսինքն՝ այն, ինչ կներկայացվի նախագահին, նույն օրը, մի քանի վայրկյանում կստորագրի եւ կհրապարակվի, ինչպես Սահմանադրությունը 4 ժամում ընդունեցին, սահմանադրական օրենքները՝ 2 ժամում։ Այսինքն՝ այդ ակնկալիքն արդեն անգամ այլեւս չենք կարող ունենալ։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31