Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր՝ Ալավարդու եւ Օձուն համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Հունվար 29,2022 19:57
Alaverdi

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 25-ին ոստիկանության Թումանյանի բաժնի վերլուծական աշխատանքներն իրականացնող ավագ տեսուչ Ձավարյանը զեկուցագիր է ներկայացրել, որ Լոռու մարզի դատախազությունից ստացվել է քրեական գործ, համաձայն որի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի կողմից անփույթ վերաբերմունք դրսեւորելու, իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում էական վնաս է պատճառվել Ալավերդի համայնքի օրինական շահերին:

Համաձայն զեկուցագրի` մասնավորապես չեն փոխվել Հաղպատ բնակավայրում՝ Կամո Վարոսյանին, ինչպես նաեւ Ալավերդի համայնքում Անահիտ Ղահրամանյանին պատկանող բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող հողակտորների եւ դրանց վրա առկա շինությունների նպատակային նշանակությունները: Արդյունքում նշված անձինք իրենց պատկանող որպես բնակելի տներ հաշվառված շինությունները փաստացի օգտագործել են որպես հասարակական նշանակության կառույցներ, համապատասխանաբար՝ հյուրանոց եւ հյուրատուն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021 թ. դեկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեր տեղեկություններով, նույն օրը Ձավարյանը եւս մեկ զեկուցագիր է ներկայացրել: Համաձայն զեկուցագրի, այս անգամ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը չի կատարել իր վրա դրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու եւ կանխարգելելու պարտականությունները, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում Գագիկ Թորոսյանի կողմից համայնքին պատկանող հողակտորի վրա առանց որեւէ օրինական հիմքի կառուցվել է ինքնակամ կառույց՝ ատամնաբուժարան, իսկ Արսեն Տիտանյանի հողամասի վրա՝ բջջային կապի աշտարակ:

Բացի այդ, Գագիկ Թորոսյանին են օտարվել օտարման ոչ ենթակա հողամասեր, Վարդան Աղեկյանին եւ Ֆելիքս Ղարիբյանին ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են աճուրդի կարգով վաճառքի ենթակա հողամասեր, մի շարք դեպքերում սահմանված կարգով չեն փոխվել հողամասերի գործառնական նշանակությունները, իսկ Վարդանուշ եւ Գոհար Նալբանդյաններին համատեղ սեփականության սկզբունքով պատկանող հողամասին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ բնակելի տուն կառուցելու շինարարության թույլտվություն՝ հաշվի չառնելով, որ այն գտնվում է հանրապետական նշանակության ճանապարհի հարեւանությամբ եւ խախտվում է ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 29-ի թիվ 2404Ն որոշմամբ սահմանված հեռավորությունները նշված ճանապարհից:

Այս դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. դեկտեմբերի 13-ին նույնպես հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հերթական ընդդիմադիր համայնքապետերին պատժելու փորձերը շարունակվում են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31