Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է հայհոյանք ու թեթեւ ապտակ լրագրողին, այնպես չի եղել, ինչպես ԱԺ նախագահը, որին հայհոյել էին, ինքը գլխով քիթը բերանին հագցրեց». Ռուբիկ Հակոբյան

Հունվար 26,2022 12:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում շարունակվեց ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության քննարկումը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում վեճ եղավ ՔՊ-ի ու ընդդիմադիրների միջեւ: ՔՊ-ականները ասում էին, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքականապես չեզոք չէ, խտրական մոտեցումներ ունի:

Այսօրվա նիստում արդեն վեճը հասավ փոխադարձ վիրավորանքների եւ կռվի:

Մինչ այդ` Ռուբիկ Հակոբյանն ամփոփիչ ելույթում նախ բացատրեց, թե ինչու առաջադրվեց: Նա նշեց, որ ինքը ասել է, որ հստակ քաղաքական գործիչ է, ընդդիմադիր հայացքներ ունի ու ոլորտային այս հանձնաժողովում ոլորտի պրոֆեսիոնալներին երեւի կհրավիրեն, ցանկացել է չառաջադրվել: Բայց երբ տեսավ, որ քաղաքական մեծամասնությունը ում առաջադրել էր, հիմնականում քաղաքական գործիչներ էին, քաղաքական մեծամասնությունը այս կարեւոր հանձնաժողովում նման թեկնածուների է առաջադրում, այս անգամ արդեն ինքն է դիմել «Հայաստան» խմբակցությանը. «Ասացի՝ պատրաստ եմ մասնակցել այդ մրցույթին…Ես այս ոլորտի մասնագետ եմ, նույնիսկ իմ թեկնածուական թեզն է վերաբերում քաղաքական ժուռնալիստիկային, բայց որեւէ հարց մասնագիտական չհնչեց` ամբողջությամբ քաղաքականացվեց, ի քաղաքական կենսագրությանն անդրադարձան: Քաղաքական հարցադրումներ են եղել, վիրավորանքներ, ես կփորձեմ պատասխանել»:

Թագուհի Ղազարյանը քննադատել էր Ռուբիկ Հակոբյանի միտքը՝ 25 տարեկանների հետ կապված ու ասել, որ Չարենցը 25 տարեկան չկար, որ գրել էր «Երկիր Նաիրին», հիշեցրել, Դուրյանին, Թումանյանին: Ռուբիկ Հակոբյանն ի պատասխան խորհուրդ տվեց կարդալ վաղամեռիկ Միսաք Մեծարենց: Հակոբյանը հորդորեց իր արտահայտած պարզ միտքը հասկանալ այնպես, ինչպես ասել է:

Խոսելով Հանրայինի մասին՝ նա ասաց. «Պետության մեջ եթե դեպքեր են կատարվում, դրանք թոփ թեմաներ են ու Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է անդրադառնալ այդ թեմային: ՏԻՄ-ի ընտրությունները թոփ թեմա էր, ընդհանրապես անդրադարձ չկար, ես հետեւել եմ: Դուք ինձ ասում եք՝ քաղաքականացնում եք: Դուք երեսպաշտորեն տանում եք մի տեղ, որի հետ ես կապ չունեմ ընդհանրապես: Հանրային հեռուստատեսությունը պարտավորված է օբյեկտիվ ճշմարտությունների մասին խոսել, սահմանադրությամբ է այդպես»:

Լրագրող Վահե Մակարյանի հետ միջադեպին անդրադառնալով՝ Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Եթե ծանոթանայիք «Դատալեքսին», ուղղակի եղել է հայհոյանք ու թեթեւ ապտակ, այսինքն, այնպես չի եղել, ինչպես ԱԺ նախագահը, որին հայհոյել էին, ինքը գլխով քիթը բերանին հագցրեց: Դուք բացատրեցիք, որ տղամարդկային պահվածք է, հայհոյանք է տվել՝ պատասխան ստացել: Այս սելեկտիվ մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված, եթե ոչ` երեսպաշտությամբ: Թագուհի Ղազարյանն ասում է՝ սեռային տարբերություն եք դնում, երբ ասում եք՝ տղամարդիկ կհասկանան: Եթե հայհոյում են, ես ասում եմ՝ տղամարդիկ կհասկանան, որովհետեւ չեմ պատկերացնում, որ կինը կապտակի ու գլխով կխփի, ոնց որ Ալեն Սիմոնյանն էր խփում: Ձեր լիդերը հրապարակային սեռական կոպիտ, դաժան, սրիկա հայհոյանք է տալիս, ձեռքով գործողությունն է ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ, ասում է՝ փակեք կամերան, որ չերեւա, դուք ինձ ասում եք՝ «խառնամբոխ» եք ասում ժողովրդին: Մի հատ Մալխասյանի բացատրական բառարանը բացեք ու կտեսնեք, որ այդ բառի մեջ վիրավորական ոչինչ չկա: Ճիշտ եք ասում, որ մարդկանց չի կարելի վիրավորել: Ես ասել եմ՝ այս հայհոյանք տվողը թող իմանա, որ տականք, սրիկա է ու ղալաթ կանի, որ նման բան կանի ընդդիմությանը»:

Հակոբյանը պատմեց, որ երբ դրանից հետո կանչել են ոստիկանություն` այնտեղ ասել է, որ չի զղջում, այն գործողությունները, որ Էրդողանն ու Ալիեւը արել են իր նկատմամբ, այսօր նա դա ասում է, որ կանի ընդդիմության նկատմամբ:

Ռուբիկ Հակոբյանը պատրաստվում էր ՀՌՀ անդամ ընտրվելու իր թեկնածությունը հանել, բայց չհասցրեց, որովհետեւ վեճ եղավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31