Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թերություններով հանդերձ՝ իր աշխատանքը մակագրել եմ, որովհետեւ պատերազմի մասնակից է». Մանուել Մանուկյանի թեզի ղեկավար

Հունվար 22,2022 13:10

Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ իրեն հեռացրել են Երեւանի պետական համալսարանից, ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մանուել Մանուկյանի մագիստրոսական թեզի գրախոս, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Վրեժ Քարդումյանը armlur.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մանուել Մանուկյանի ներկայացրած աշխատանքը ոչ մի կերպ չէր համապատասխանում մագիստրոսական թեզին ներկայացվող պահանջներին, իսկ  ինչ վերաբերում է Մանուելի պնդումներին, որ իր հանդեպ կա քաղաքական հետապնդում, դրանք Քարդումյանի որակմամբ, անհեթեթություն են եւ կեղծիք:

Aravot.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը հետեւյալը փոխանցեց. «Քարդումյանը ստում է, իմ թեզի ղեկավարը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկանն է՝ պարոն Նահապետյանը: Թեզը իր հետ միասին ենք գրել, պարոն Նահապետյանը լուրջ մասնագետ է, իրենք այսպիսի հայտարարություններով կասկածի տակ են դնում նաեւ այդ մարդու մասնագիտական կարողությունները։

Ես պահանջում եմ, որ Քարդումյանը լրագրողների ներկայությամբ գա և ապացուցի, որ իմ թեզը չի համապատասխանում մագիստրոսական թեզի կանոններին։  Կուրսի բոլոր ուսանողների թեզերի հետ տանենք համեմատություն, եւ տեսնենք՝ միայն իմ թեզը ամենավատն էր։  Կա դիտավորություն, Քարդումյանը իրեն համարում է մասնագետ, բայց իր քննադատությունների մեջ սխալներ կային և այդ պարզ սխալները կասկածի տակ են դնում իր մասնագիտական կարողությունները։ Այսպիսով իրենք ոչ թե միայն ինձ են կպնում իրենց քայլերով, այլ նաեւ մեծ փորձ ունեցող փոխդեկանին: Այդ թեզի վրա ես եւ փոխդեկանը միասին ենք աշխատել և իր ցուցումներով եմ այն գրել»։

Aravot.am-ը կապվեց նաեւ Մանուել Մանուկյանի թեզի ղեկավար, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Նահապետյանի հետ, խնդրեցինք  գնահատել Մանուելի աշխատանքի որակը, հարցրինք՝ իսկապե՞ս նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Ես ղեկավարել եմ Մանուելի թեզը, իրեն էլեկտրոնային փոստով ուղարկել եմ եւ պահանջվող գրականությունը, եւ թեմատիկ ճիշտ ուղղությունները, եւ դա կա: Միայն բանավոր չեմ ասել: Ինքը մի քիչ շատ դժվարացավ թեզի վրա աշխատելու հարցում, բովանդակությունը վերնագրին չէր համապատասխանում, ուղղակի որպես Ապրիլյան պատերազմի մասնակից՝ ես իրեն ընդառաջել եւ ստորագրել այդ թեզը, բայց նաեւ իրեն ասել եմ, որ թերությունները շատ-շատ են:

Առաջինը ես եմ իրեն ասել դրա մասին, որ օրինակ Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպայի խորհուրդը տարբեր կազմակերպություններ են, բազմաթիվ այլ դիտողություններ էլ եմ արել, բայց ժամկետը լրանում էր, ուստի կամ պետք է մակագրեի, կամ չմակագրեի: Իսկ եթե չմակագրեի, հենց այդ ժամանակ զրկելու էի իրեն պաշտպանությանը մասնակցելուց: Ուղղակի հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանուել Մանուկյանը Ապրիլյան պատերազմին մասնակցել է, այդ ահռելի թերություններով հանդերձ՝ աշխատանքը մակագրել եմ: Բայց եթե օբյեկտիվ մոտենանք, կարող է մեկ այլ դեպքում չմակագրեի»,-ասաց պարոն Նահապետյանը:

Ինչ վերաբերում է Մանուել Մանուկյանի այն պնդմանը, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, դեկանի տեղակալը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ի՞նչ քաղաքական հետապնդում, ինչի՞ մասին է խոսքը, ընդհակառակը ֆակուլտետը միշտ իր նկատմամբ բարյացակամ է գտնվել, եւ եթե բարյացակամ չգտնվեր, նախ ես չէի մակագրի: Անգամ բացասական կարծիքից հետո դեկանը թույլ է տվել, որ նա մասնակցի պաշտպանությանը, որ գոնե կարողանա բանավոր պաշտպանվել: Ես պաշտպանությանը ներկա չեմ եղել, հանձնաժողովն է լսել, ցավոք, ցավոք, իրեն չի հաջողվել պաշտպանվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31