Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա նորովի պետք է կառուցել Հայաստանը, որտեղ ամեն ինչից առաջ և վեր պետք է լինի հայի անվտանգությունը

Հունվար 20,2022 09:00

Հայի խռովյալ բարոյահոգեբանական վիճակում մինչև անգամ մեծամասշտաբ, սակայն առանձին-առանձին մարդասիրական ու բարեգործական նախագծերը չեն կարող անհրաժեշտ չափի արդյունք տալ։ Հաջողության հասնելու համար հավաքական ակտիվություն և ներդաշնակ աշխատանք է պահանջվում։ Մինչդեռ շատերը փախչում են թիմային աշխատանքից, քանի որ վերջին 30 տարում մեր երկրի քաղաքական վերնախավն ապացուցել է, որ դրա արդյունքը միմիայն իրենց իսկ գրպաններն ընդլայնելն ու լեցուն պահելն է և ոչ մի աղերս չունի Հայաստանում ու սփյուռքում հայության անվտանգությունն ամրապնդելու հրամայականի հետ։

Շարունակաբար ապացուցվող այս փաստը հայությանն ավելի ու ավելի հեռացրեց հավաքական ԵՍ-ից՝ ստիպողաբար տեղավորելով նեղ ընտանեկան շահերի շրջագծում։

Հայաստանի անկախությունից հետո քաղաքական վերնախավը ոչ մի բնագավառում ոչ միայն ուղեգիծ, այլև կարմիր ու հոծ գծեր չսահմանեց, լավագույն դեպքում ուրվագծեց։ Այս վարքագծի հետևանքը եղավ ոմանց աճող սնապարծությունը թե՛ ներքին և թե՛ արտաքին աշխարհի հանդեպ։ Մինչդեռ հայը իրատեսորեն պետք է տեր կանգնի իր մշակույթին, պատմությանը, լեզվին, կրոնին, ազգային և ավանդական չափանիշներին, ընդհանրապես ինքնությանը։ Այսօր աշխարհը վերադառնում է ազգային գիտակցության, իսկ հայի քաղաքական և առևտրական վերնախավը օտարին կիրթ երևալու համար ազգայինից է փախչում․․․ Աշխարհը գնում է դեպի քաղաքակրթությունների բախում, իսկ այսօրվա թերուս վերնախավը հրաժարվում է իր հարուստ քաղաքակրթությունից…

Հայաստանի անկախությունից ի վեր, իշխող քաղաքական ուժերի վարած քաղաքականության հետևանքով, հայերը, անգիտակցաբար և օտարներին տուրք տալով, իրենք իրենց բաժանեցին, և ուրիշները տիրեցին մեզ։

Եվ այսօր հայն ամբողջ աշխարհում խնդիր ունի իր անվտանգությունը պահպանելու, զարգանալու և առաջընթացի, խնդիր ունի նորից ՄԵՆՔ դառնալու, իսկ դրա համար պարտադիր պետք է բարձրացնել նրա կրթական մակարդակը։ Մեկուսացումից դուրս գալու համար պետք է կարողանանք շփվել աշխարհի հետ՝ մեր մշակույթով, կրթության, գիտության մեջ մեր հետքը թողնելով, ինչպես արվել է խորհրդային տարիներին հայ մեծերի միջոցով։

Հարյուրավոր սերունդների ջանքերով այսօր մենք ունենք մի փոքրիկ հողակտոր, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, այս հողակտորը հզորացնելու համար նախկին գաղափարներն արդեն արդյունավետ չեն։ Հասարակական հարաբերություններում շատ կարևոր սկզբունք է արդարությունը և հավասարությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Հայության գոյության գրավականը բոլոր բնագավառներում հզոր Հայաստան ունենալն է։ Հայը պետք է դառնա գործունակ իր երկիրը զարգացնելու և հզորացնելու համար։

Ներկայիս մարտահրավերներին դիմակայելու համար հայը պետք է ներկայանա իր քաղաքակրթությամբ։ Եթե նախկինում կրթությունը անգրագիտության դեմ պայքարելու համար էր, ապա այսօր գոյությունն ապահովելու։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքական դաշտի ավերածությունը ոչնչացրեց պատրանքները։ Հիմա նորովի պետք է կառուցել Հայաստանը, որտեղ ամեն ինչից առաջ և վեր պետք է լինի ՀԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։

 

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31