Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ի պատասխան լրագրողների հարցին, անդրադարձավ Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի եւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ մամուլի հրապարակումներին, թե նրանք այդ պաշտոնին են նշանակվել կեղծ դիպլոմներով։
Նախարարի պնդմամբ՝ կեղծ դիպլոմ որակավորումը սխալ է եւ կեղծիքի մասին խոսք չկա․ «Ինչո՞ւ եք այդ նյութն այդպես տարածում մեր երկու մարզպետների հետ կապված, հարգելի լրագրողներ։ Որեւիցե մեկի այդ փաստաթուղթը կեղծ չէ, այդ բուհը հավատարմագրված չէ, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է։ Չհավատարմագրված բուհերի շրջանավարտների համար 2003 թվականից մինչեւ 2017 թվականը ամեն տարի տրվել է հնարավորություն, որ ցանկացողներն, ովքեր ունեն չհավատարմագրված բուհի ավարտական փաստաթուղթ, կարող են գալ եւ ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ հանձնելով պետական ավարտական քննություններ լիազոր մարմնի կողմից ուղղորդվելով այս կամ այն պետական բուհ։ Հիմա, հանգամանքների բերումով, վստահ եմ՝ կան մարդիկ, որոնք այն ժամանակ չեն եկել, բայց վաղը կարող են խնդիր ունենալ այդ պատճառով»։
Նախարարն ասաց, որ մտադրություն ունեն այս խնդրին լուծում տալ․ «Ուզում ենք ամբողջական լուծում տալ գոնե այն շրջանի համար, որ մարդիկ ընդունվել են այդ բուհեր, վճարել են, օրինական ձեւակերպել են․․․ մարդիկ մեղավոր չեն, որ ասենք 96-97, 98 -ին ընդունվել, ավարտել են, իրենք ի՞նչ մեղք ունեն, որ 2003-ից պետք է նոր օրենք գործեր։ Լուծումները լավ չեն տրվել, հիմա մտածում ենք լավ լուծում գտնել այս իրավիճակի համար»։
Վահրամ Դումանյանը Ռազմիկ Պետրոսյանի եւ Մելիքսեթ Պողոսյանի մասին էլ ասաց․ «Դուք խոսում եք անձերի մասին, որոնք շատ հարգելի են, շատ մեծ ներդրում ունեն։ Պարոն Պետրոսյանը կյանքն է դրել ռազմի դաշտում մեր երկրի, ժողովրդի համար, դուք այսօր ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի այդ մարդը։ Ո՞վ ասաց կեղծ է։ Պահանջում եմ ճիշտ արտահայտվեք, կեղծ չէ»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ փաստորեն ներկայացրել է չհավատարմագրված բուհի դիպլոմ, նախարարն ասաց՝ ներկայացրել է այն, ինչ ունեցել է․«Այլ հարց է, որ տվյալ օրվա ֆորմալ պահանջները այլ են եղել։ Իրեն մի մեղադրեք։ Այսօրվա օրենքով պաշտոնյան պետք է ներկայացնի պետական նմուշի դիպլոմ, այսինքն հավատարմագրված բուհի դիպլոմ, այսօր ունենք բազմաթիվ մասնավոր բուհեր, որոնք հավատարմագրում չեն անցել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կասեք, իսկ այդպիսի ծրագիր նորից կլինի թե ոչ, նման դիպլոմ ունեմ, որը խոչընդոտում է իմ կարյերայի առաջխաղացմանը։ Խնդրում եմ նորից կազմակերպել նման քննություններ, հնարավորություն տալ պաշտոնի առաջխաղացման։ Շնորհակալություն