Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արթիկում չկան նախկիններ, չկան ներկաներ»․ Երդվել է գեներալ Մանվելի սանիկը

Դեկտեմբեր 23,2021 20:45

Այսօր տեղի է ունեցել Արթիկ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդմնակալությունը։

Նա Արթիկի ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր «կուսակցությունը, ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահն է, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչի անվան համալսարանի ֆինանսատնտեսական ֆակուլտետն ավարտած 49-ամյա Անանիկ Ոսկանյանի ինքնակենսագրականում առավել շեշտված է նրա՝ մարտական գործողությունների մասնակցությունն ու անվանական զենքով, տարբեր պատվոգրերով, մեդալներով պարգևատրվելը։ Նա կոչումով ավագ-լեյնտենանտ է։

Հանդիսավոր արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով։

Նորընտիր համայնքապետը, ձեռքը դնելով Աստվածաշնչի ու ՀՀ Սահմանադրության վրա, Արթիկի 24 համայնքների բնակիչների առջև երդվել է ազնվորեն ու անաչառորեն կատարել համայնքի ղեկավարի պարտականությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ուժերի անմնացորդ նվիրմամբ ծառայել համայնքի բարգավաճմանը ու գործել՝ ի բարօրություն բնակիչների։

Նա պարտավորվել է պահպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։

Իսկ ելույթում Անանիկ Ոսկանյանը կարևորել է համայնքների համաչափ զարգացումը։

Հետաքրքիր մաղթանքով է հանդես եկել Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը։

Սուրբ Հայրը Անանիկ Ոսկանյանին մաղթել է լինել նախանձախնդիր։

«Արժանապատիվ արթիկցինե՛ր, սիրելի ներկաներ, մեծարգո նորընտիր համայնքապետ, բոլորիս համար պահն առավել քան հուզիչ է, որովհետև տեղափոխվում ենք մի ընթացք, մի փուլ, տարիներ շարունակ լսել էինք խոշորացում լինելու մասին և այսօր այդ իրականության առջև ենք։ Բնականաբար, որքան էլ մենք մտովի պատկերացրել ենք, մեր մտքում էսքիզել ենք, դա բոլորովին այլ է, բոլորին այլ է լինելու իրականությունը։ Հետևաբար մենք նորընտիր համայնքապետին մաղթում ենք ուժ, կարողություն, իմաստություն և ամենակարևորը՝ նախանձախնդրություն, որովհետև երբ որ մարդու նախանձախնդրությունը թուլանա, մարդն այդտեղ կսայթաքի։

Եվ քանի որ մեծամասնությունը ձեզ է վստահել, մենք լիահույս ենք, որ երբեք այդ նախանձախնդրությունը չի թուլանալու, և ինչպես դուք ասացիք՝ կարողանալու եք արդարացնել յուրաքանչյուր անձի և անհատի մտածումը, ակնկալիքը և հույսը։

Աղոթում ենք, որ Աստծո իմաստությունը Ձեզանում լինի այն ներքին զսպանակող ուժը, որ Արթիկ խոշորացված համայնքը կարողանա կառավարել ճիշտ, Աստվածահաճո, Սահմանադրության համաձայն, ինչպես երդման մեջ էր ասվում և, բնականաբար, ի դեմս մեզ՝ իմացեք, որ միշտ պատրաստակամ ենք մեր փորձառությամբ օգտակար և օժանդակություն բերելու»,-ասել է Արթիկի թեմի առաջնորդը։

Ի դեպ, ելույթ ունեցողները մերժել են պաշտոնյաներին « նախկինների ու ներկաների» բաժանելու արատավոր երևույթը, նշել, որ իրավունք չունեն պառակտումն ու տարաձայնությունները բերել Արթիկ համայնք։

Ելույթներ ունեցողներից մեկը՝ Սևակ Պետոյանը, որը ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի ցուցակով, մասնավորապես ասել է․ «Արթիկում չկան հակառակորդներ, չկան ներկաներ, չկան նախկիններ»։

Մանրամասները՝ տեսանյութում՝

Նկատենք, որ Արթիկում իրականում չկան նախկիններ, չկան ներկաներ, այստեղ նախկինները ներկա են․ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակը համալրվել է այնպիսի գյուղապետերով, որոնցից շատերը ժամանակին ՀՀԿ-ական էին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031