Լրահոս
Իմ ադեն․ ղալախը (անտիպ)
Օրվա լրահոսը

Ինքնաթիռով Դոնի Ռոստովից ժամանել էին Գյումրի՝ «Մաուգլին» դիտելու․ Քաղաքական  մոտիվներով  խաղ՝ աճեմյանական բեմում

Դեկտեմբեր 11,2021 15:44

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրեց  անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգի «Մաուգլի» ստեղծագործությունը՝ իհարկե, հայկական մոտիվներով ու քաղաքական երանգներով։

Այն աճեմյանցիների ամենածախսատար բեմադրություններից է․ ավելի քան 13 միլիոն դրամ Գյումրու դրամատիկականի արտաբյուջեից է հատկացվել, հագուստների ֆինանսավորումն էլ կատարվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով։  Ներկայացման մեջ ընդգրկված են ավելի քան 60 դերասաններ։ Այն  վերջին 20 տարվա ամենամասշտաբային ներկայացումներից է։

Գյումրու դրամատիկականի  տնօրեն, «Մաուգլի»-ի բեմադրության հեղինակ Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ,  թատրոնի  դերասանական խմբից բացի ներգրավված են թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողները, թատերական խմբակների սաները, պատանի դերասաններ, օրինակ՝ Մուգլիին մարմնավորող Արտուշը Բաղդասարյանը, որն արդեն իսկ մի քանի  ներկայացում խաղացել է Գյումրու թատրոնում։

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, «Մաուգլին»  երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում։ Այն, նրա խոսքով, մեծ ռիսկ էր բեմադրելը, վերջին շրջանում նման ծախս  չէին արել ոչ մի ներկայացման համար․ պահանջում էր  մեծ ձևավորում, պրոֆեսիոնալ  մասնագետներ։

Առաջնախաղն հանդիսատեսին ներկայացվեց ջունգլիների վերածված շքեղ բեմով՝ անընդմեջ փոփոխվող դեկորացիաներով, զգեստների ու նկարչական  յուրօրինակ ձևավորմամբ,  անզուգական դերասանական խաղով։

Ավելորդ է ասել, որ տոմսերը վաղուց էին սպառված․ ինչպես  միշտ Գյումրու թատրոնում նույնիսկ կանգնելու տեղ չկար։

Տոմսերը, ըստ թատրոնի տնօրենի, այս անգամ փոքր-ինչ թանկ են եղել, սակայն թե՛ երեկվա և թե՛ այսօրվա համար տոմսեր չեն ճարվում։

Թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանն էլ  տեղեկացրեց, որ երեկ Դոնի Ռոստովից հատուկ ժամանել են Գյումրի՝ «Մաուգլին» դիտելու։

«Տեղեկանալով, որ «Մաուգլու» առաջնախաղն է, զանգահարեցին, ասացին՝ հատուկ գալիս ենք «Մաուգլին» դիտեք ու վերադառնանք»,- պատմեց դերասանը։

Փորձերը  տևել  են ուղիղ մեկ տարի․ Սամվել Գրիգորյանի բնութագրմամբ՝ այն մեծ տանջանքով ստեղծված ներկայացում է։

Նա պատմեց, որ փորձերի ընթացքում՝ նույն ժամանակահատվածում  18 դերասաններ հիվանդացել են, սակայն հիվանդ-հիվանդ եկել են փորձերին՝  հանուն հադիսատեսի արհամարհելով  մրսածությունն ու գրիպը։

«Մաուգլի»-ի  մեջ յուրաքանչյուրս մեզ  կտեսնենք, հասարակության բոլոր շերտերը կտեսնեն իրենց այնտեղ։  Փորձել ենք հնարավորինս լինել անկեղծ։  Հաճախ են հարցնում՝ մշակույթի մարդիկ ի՞նչ դիրքորոշում ունեն երկրում տիրող իրավիճակի շուրջ, նրանք, կարծում եմ, իրենց ներկայացումներով են խոսելու, մեր ասելիքը հնչեցնում ենք մեր ներկայացմամբ»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Բեմադրության մեջ  շեշտադրված է  մարդու և բնության  ներդաշնակության կորուստը, բնությունից հեռանալը, ավելի ճիշտ ՝ ինքն իրենից հեռանալը, որը կարող է պատճառ դառնալ կործանման։ Մարդկային օրենքները չեն գործում, քանի որ դրանք այլևս ներդաշնակ չեն բնության հետ, այդ  պատճառով էլ  սկսվում են ամենածանր արատները՝ դավաճանությունը, ստախոսությունը, սիրո պակասը, հավատի կորուստը, հավատարմության իսպառ բացակայությունը։  Սակայն բեմադրիչը լավատես է․ երբ ջունգլիներում պառակտում է սկսվում ու  վտանգ  սպառնում գազաններին, նրանք միավորվում են՝ դուրս գալով արտաքին թշնամու՝ շեկ շների դեմ ու կանխելով ջունգլիների կործանումը։

Հայկական ներքաղաքական կյանքը ցայտուն կերպով է արտացոլված  ներկայացման մեջ՝ առաջարկներն ու դիտողությունները նուրբ ձևակերպումներով են։

Հայկական մոտիվներով «Մաուգլիի» մեջ նկատելի էր նաև բարոյական օրենքների կարևորումը․  գրված օրենքները, ըստ ներկայացման, արմավենու նման կարող են թեքվել այս ու այն կողմ՝ ի շահ որևէ մեկի, իսկ խելացի առաջնորդը,  երբեմն  դրանք խախտելով, պիտի կարողանա հարցի բարոյական կողմը պահպանելով ճիշտ լուծում ստանալ։

Ներկայացման ամենատպավորիչ մտքերից  է․«Ամեն առաջնորդ չէ, որ արժանի է իր ոհմակին», իսկ առաջնորդին  պիտի փնտրել  միմիայն ոհմակի ներսում։

«Երբ հարց են տալիս՝ ինչի՞ց ես դու զարհուրում, պատասխանում եմ՝ դավաճանությունից, ապշելու բան է դա և պիտի հանենք մեր արյան միջից։ Դավաճանություն կտեսնեք նաև բնության մեջ, դուք կտեսնենք կենդանիների, բայց դա մարդկանց մասին է, մեր մասին է, հրաշք ձևով լուծված են բոլոր հարցերը։

Ես փորձերին ներկա եմ եղել և  միշտ ինձ հիացրել է այն, որ Լյուդվիգ Հարությունյանը Քիփլինգից հեռանալով՝  Քիփլինգին ավելի շատ է մոտեցել, նման բան քիչ է լինում։ Ապշած եմ՝ ինչպես կարող է այդքան հեռանալ, շատ ձևափոխումներ և նորամուծություններ կան, որը դարձյալ Քիփլինգինն է, բայց շեշտադրումներն այսօրվա են և մեր մասին է, արդյոք ուշադի՞ր ենք բնությանը, արդյոք մեր մեջ չե՞նք տեսնում բնությունը, որը ծնվելու օրվանից կա մեր մեջ։Դրա՛ մասին է այսօրվա ներկայացումը»,- ասում է դերասան Սամվել Գրիգորյանը։

Նկատենք, որ  մոտ երկու ժամ տևած ներկայացումից հետո հանդիսատեսը չէր հեռանում դահլիճից․ կես ժամից ավել հոտնկայս, անդադար ծափահարություններով երկրպագում էր ի՛ր թատրոնի աշխատանքը։ Այն դիտելու համար մեծ թվով մարդիկ  տոմսեր են ամրագրել նաև  հանրապետության այլ տեղանքներից։

Նշենք, որ Մաուգլիին մարմնավորում են երեք սերնդի ներկայացուցիչներ՝ Արեն Պետնյակը,  Արտուշ Բաղդասարյանը, Արսեն Միքայելյանը։

Նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանինը, բեմական շարժումներն Ալիկ Ասատուրյանինն են, որի հետ Գյումրու դրամատիկականն առաջին անգամն է համագործակցում, դեկորների բուտաֆորիան ՌԴ-ից հատուկ հրավիրված նկարիչ-կատարող Մելս Գևորգյանի ստեղծագործությունն է, դիմակներինը Տիգրան Աբգարյանինն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031