Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր խոսք միջազգային հարաբերություններում

Նոյեմբեր 26,2021 10:00

«Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց ուզում ենք մի հարց տանք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Թուրքիային նկատի ունենալով, քանի որ իրենք ասում են՝ մեկ ազգ՝ երկու պետություն, իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել եւ ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է», – հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ահա այսպիսի «ճանապարհային քարտեզ» է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

Հավանաբար, ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ կուղարկի Հայաստանի վարչապետին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Հարգարժան վարչապետ, ի պատասխան Ձեր հարցման, սույնով հավաստիացնում եմ,  որ Թուրքիան չի ցանկանում ոչնչացնել Հայաստան պետությունը եւ չի ցանկանում շարունակել ու ավարտին հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ի դեպ, ոչ մի ցեղասպանություն չի եղել: Երդվում եմ, որ մենք այլեւս ոչ մի վնաս չենք պատճառի Հայաստանին եւ հայ ժողովրդին»:

Ի դեպ, ինչպե՞ս պատահեց, որ հայերը, ասենք, 1914 թվականին «չֆայմեցին» նման հարցում ուղարկել Էնվերին կամ Թալեաթին՝ գուցե նրանք պատմեի՞ն իրենց մտադրությունների մասին: Կամ Մոլոտովը 1939 թվականին Ռիբենտրոպի ձեռքը սեղմելիս, կարող էր, չէ՞, հարցնել. «Մի հատ անկեղծ ասա, Յոահիմ, դուք հարձակվելո՞ւ եք Խորհրդային Միության վրա»:

Ինչ խոսք, նման մոտեցումը նորարարական է միջազգային հարաբերություններում, «աննախադե՜պ»: Որեւէ երկրի, նրա քաղաքականության մասին տեղեկություններ հավաքելու եւ վերլուծելու, բանակցությունների միջոցով ինչ-որ մի հանգուցալուծման գալու փոխարեն, դու պարզապես հարցնում ես՝ ի՞նչ է դիմացինդ մտադիր անել, եւ նա քեզ անկեղծորեն պատմում է: Օրինակ, ես Պուտինին կհարցնեի՝ «հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք ցանկանո՞ւմ եք, որ Հարավային Կովկասում «Հայաստան» անունով պետություն լինի»: Եվ Ռուսաստանի նախագահը կպատասխաներ՝ «ոչ, նման պետություն մեզ պետք չէ. մեզ պետք է տարածք, որը բնակեցված կլինի հայերով, եւ որը մեր «ֆորպոստն է» լինելու այդ տարածաշրջանում»: Բայդենին էլ կարելի է հարցնել՝ «ի՞նչ եք Դուք մտածում Հայաստանի ապագայի մասին»: ԱՄՆ նախագահն էլ կպատասխանի՝ «սպասեք, ես իմ օգնականներին կանչեմ, թող նրանք ինձ ցույց տան քարտեզի վրա Հայաստանի տեղը»:

Այդպիսով բոլորի մտադրություններն ու պատկերացումները պարզ կդառնան, եւ մենք էլ մեր անելիքը կիմանանք: Այստեղ կա միայն մի խնդիր: Մեր ղեկավարությունն էլ պետք է անկեղծորեն պատմի իր մտադրությունների մասին: Ա՛յ, դա արդեն բարդ է: Ոչ թե այն պատճառով, որ նրանք ծածկամիտ են: Ոչ, Հայաստանի ղեկավարները մեծ հաճույքով կպատմեին, թե ինչ են ուզում անել: Եթե իմանային:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Jamnews-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ես գրեթե վստահ եմ, որ եթե ՀՀ կառավարությունը Թուրքիայից նմանաբովանդակ նամակ ստանա, ապա ժամերի ընթացքում կլուծարի պաշտպանության նախարարությունը: Այսօր երկրի ղեկավարման կոնցեպտը շատ նման է «դեղին» մամուլին. բամբասանք, ապատեղեկատվություն, սենսացիաներ, …
    Նորից տեղին եմ համարում մեջբերել հանրայինի եթերում ԼՏՊ-ի նախընտրական հարցազրույցից՝ «… նա (նփ-ն) ընկալման հետ խնդիրներ ունի…»:

    • Ջորդանո Գալիլյան says:

      ԼՏՊ-ն ու իր ազգակործան պատուհասը ընկալման հետ ունեն նույնատիպ խնդիրներ: Այս ակնհայտ փաստը կարող են չտեսնել միայն տարրական տրամաբանության հետ խնդիրներ ունեցողները…

  2. Hay says:

    Պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել էս թյուրիմացությունից

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Մեր ղեկավարությունն էլ պետք է անկեղծորեն պատմի իր մտադրությունների մասին: Ա՛յ, դա արդեն բարդ է: Ոչ թե այն պատճառով, որ նրանք ծածկամիտ են: Ոչ, Հայաստանի ղեկավարները մեծ հաճույքով կպատմեին, թե ինչ են ուզում անել: Եթե իմանային:”

    Իշխանությունը զավթած թուրքահպատակները շատ լավ գիտեն, թե իրենք ինչ են ուզում եւ առանձնապես չեն էլ թաքցրել իրենց մտադրությունները: Այնպես որ արդարացնել քայլարած չարչիներին՝ նրանց վերագրելով սոսկ տգիտություն ու փնթիություն, չի ստացվի արդեն: Երեք տարի է, ինչ նրանք թուրքական վիլայեթի ասֆալտն են փռում՝ մեծ հաճույքով ու գիտակցված կերպով…

  4. Հ.Շ. says:

    այս աստիճանի երգիծական սրամտութեան դեռ չէի հանդիպած ձեր յօդուածներուն մէջ… (անշուշտ զգալի են նաեւ ցաւն ու դառնութիւնը… բայց նորէն ալ, խնդացի… վերջերս, շատ եմ ծիծաղում այս նիւթերով… միակ իսկական ողբերգութիւնը, միակ վիշտը որ անդարմանելի է՝ մեռնողները, ծանր վիրաւորները եւ գերիներն են…)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930