Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանի ու Արամ Խաչատրյանի միջեւ նախատեսված հեռուստաբանավեճը տեղի չունեցավ

Նոյեմբեր 23,2021 23:50

Այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Լոռի» հեռուստաընկերության եթերում նախատեսվում էր հեռուստաբանավեճ՝ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջադրված թեկնածուներ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի եւ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջեւ:

Հեռուստաբանավեճը դեռեւս օրեր առաջ համաձայնեցվել է կողմերի հետ: Սակայն այն այսօր չկայացավ:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ինքը առանձին որեւէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ հեռուստաբանավեճի չի մասնակցելու. «Նախ, չեմ ընդունում կամայական ընտրովիությունը` թե ով ում հետ պիտի բանավիճի, երկրորդը` ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի ներկայացուցիչները վանաձորցիներ են, իսկ վանաձորցին ինձ համար ընտրազանգված չէ, այլ իմ համաքաղաքացին է, եւ ես չեմ պատրաստվում նրանց բաժանել ուժեղների կամ թույլերի։ Եթե մարդիկ իրենց մեջ ուժ, կամք ու պատրաստակամություն են գտել` հայտ ներկայացնելու համայնքի ղեկավարի՝ առայժմ թափուր պաշտոնի համար, ուրեմն ուժեղ են։ Եվ վերջում, որքանով տեղեկացված եմ ` Առաջին ալիքը ուղիղ եթերով կազմակերպելու է հեռուստաբանավեճ, որի ժամանակ էլ սիրով կհանդիպեմ բոլորի հետ»,- գրել է Ասլանյանը:

Որից մի քանի ժամ անց հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Խաչատրյանը: Վերջինս նշել է, որ բանավեճին մասնակցող մյուս կողմի ընտրությունն ինքը չի կատարել. «Ամենայն հարգանքով բոլոր թեկնածուների, ինչպես նաև մեր տեղական հեռուստաընկերության նկատմամբ՝ պիտի ասեմ, որ կողմի ընտրությունը ես չեմ կատարել:

Այսօր միայն, բանավեճից ժամեր առաջ տեղեկանում եմ վերջինիս հրաժարվելու մասին: Հեռուստաընկերության խմբագիրն ինձ դեռեւս 10 օր առաջ տեղեկացրել է, որ ստացել է նախկին քաղաքապետի համաձայնությունը ինձ հետ բանավիճելու»,- գրել է Խաչատրյանը: Միաժամանակ հեռուստաբանավեճին չմասնակցելու Մամիկոն Ասլանյանի պատճառաբանությունը որակելով «հեքիաթի ժանրից». «Պատճառաբանությունները հեքիաթի ժանրից են: Մինչ Հ1-ի բանավեճը, նոյեմբերի 24-ին՝ բոլոր թեկնածուներով հրավիրված ենք Լոռի հեռուստաընկերություն, իսկ նոյեմբերի 25-ին՝ Ֆորտունա հեռուստաընկերություն: Սիրով կմասնակցեմ՝ կարեւորելով տեղական հեռուստատեսության դերն ու նշանակությունը ինչպես ՏԻՄ գործունեության, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում: Հուսով եմ, որ մրցակից քաղաքական ուժերը ներկա կգտնվեն հեռուստաբանավեճին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Վանաձոր  խոշորացված համայնքի ընտրությունները, որին մասնակցելու են 10-ը քաղաքական ուժեր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930