Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին ուղղված և չպատասխանված հարցերը

Նոյեմբեր 23,2021 23:20

Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը 2:15 ժամ պատասխանեց հարցերի։ Լրատվամիջոցներ կային, որոնք ստացան մեկից ավելի հարցերի պատասխաններ։ Լրատվամիջոցներ էլ կային, որոնց մասին առաջին անգամ իմացանք, ասենք՝ Ռադար Արմենիա։ Դե, ոչինչ, դեռ կայք չունեն․․․ կունենան։

Ինչ արած, որ նույնաբովանդակ հարցեր էլ տարբեր ձևակերպումներով հնչեցին մի քանի անգամ։ Հարցերը նախօրոք էին հավաքել, փաթեթավորել, դասավորել, միգուցե՝ զտել։

ՍիվիլՆեթի հարցերին հերթ չհասավ։ Իսկ հարցերը հետևյալն էին․

– Վերջին շրջանում եղան հետաքննական հրապարակումներ, որոնք վկայում էին, որ Ազգային ժողովի նախագահի խոսնակի եղբոր ղեկավարած ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում։ Մեկ այլ հրապարակում բացահայտեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընկերությունը մեկ անձից ընթացակարգով խոշոր պետական պատվերներ է ստանում։ ՍիվիլՆեթը հաշվարկել է, որ միայն այս տարվա ընթացքում Բագրատ Բադալյանի ընկերությունը մոտ 834 000 դոլարի պետական պատվեր է ստացել՝ հիմնականում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղ նախկինում փոխնախարար է եղել։ Արդյոք դուք կոռուպցիայի ռիսկ տեսնո՞ւմ եք այստեղ; Եթե այո, ապա ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Եթե ոչ, ապա ինչու։

– 1992-ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլանները ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմում այդ սահմանները էապես խախտվել են։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանը արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի և հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930