Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Մեզ խաբել են․ ապակողմնորոշել»․ Ազատանի ընդդիմադիր գյուղապետը կրկին դատարան է դիմել

Նոյեմբեր 23,2021 20:44

Խոշորացվող Ախուրյան համայնքի ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած ու դատարանի որոշմամբ գրանցումից դուրս հանված « Իկիլիկյան դաշինք»-ը, որի ավագանու ցուցակի առաջին համարը գլխավորում է Ազատանի երկարամյա գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան։ Վաղը դատական նիստն է:

«Իկիլիկյան դաշինք»-ն այս անգամ վիճարկում է թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործությունը։

Հիշեցնենք, որ այս դաշինքը մեկ անգամ ևս դատի էր տվել հանձնաժողովին՝ իրեն որպես թեկնածու գրանցումից դուրս հանելու համար, շահել էր դատը, սակայն դրանից հետո դատարան հայտ էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի պահանջը այդ նույն դատարանը բավարարել ու «Իկիլիկյան դաշինք»-ի գրանցումը համարել էր անվավեր։

ՎարդաՆ Իկիլիկյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք նորից դիմել էինք հանձնաժողով, սակայն հանձնաժողովը մեր նկատմամբ որևէ վարչական ակտ չկայացրեց, մեզ ուղղակի գրություն էին ուղարկել, մենք էլ այդ գրությունը վերցրեցինք ու մտանք դատարան՝ բողոքարկելու հանձնաժողովի անգործությունը։

Մենք դիմում էինք հղել հանձնաժողովին, որ նույն դատարանը հանձնաժողովի երկու որոշումն էլ չեղյալ է համարել, մի դեպքում մեր գրանցված լինելը, մյուս դեպքում՝ մեր գրանցված չլինելը, հարց էինք տվել, թե հիմա դուք մեր նկատմամբ որևէ որոշում չունե՞ք ձեռերիդ տակ, ինչո՞վ եք առաջնորդվում, հիմա ես թեկնածո՞ւ եմ, թե՞ թեկնածու չեմ։

Հանձնաժողովում ոչ մի բան չկարողացան պատասխանել, ասացին՝ դիմում գրեք, կպատասխանենք, պարտավոր էին որոշում կայացնել՝ վարչական ակտ, բայց իրենք ընդամենը մեր դիմումին գրությամբ պատասխան են տվել, մինչդեռ մենք ասել ենք՝ վարչական ակտ կայացրեք մեր գրանցված կամ չգրանցված լինելու մասին։ Իրենք էլ գրել են, թե փաստաթղթերի ընդունման ժամկետը եղել է մինչև հոկտեմբերի 31-ը, լրիվ ուրիշ ուղղությամբ պատասխան են գրել։

Մենք մինչև վերջ պայքարելու ենք, հանձնաժողովը կոմպետենտ չէ, էդ ինչպես է, որ 31-րդ ընտրատարածքային հանձնաժողովը Ամասիայի թեկնածու երկու դաշինքների փաստաթղթերը հետ էր տվել, ասել էր՝ համայնքների թիվը փոխված է, տարեք, ձեր փաստաթղթերը լրիվ լրացրեք, նոր բերեք, իսկ մեր նկատմամբ ոչ մի նման կարգի զգուշացում չեղավ, օրենքով սահմանված 48 ժամից օգտվելու հնարավորությունը մենք չունեցանք։

Բացի դրանից, մենք մինչև մեր որոշումը կայացնելը չենք էլ իմացել, որ ոչ թե 33, այլ 35 բնակավայր են միավորվում։

Սա մեզ համար հայտնագործություն էր, թե էդ որտեղի՞ց գոյացավ 35-ը, կառավարությունը որոշում է կայացրել, թե ինչ է արել, Հացիկ կայարանն ու Ախուրյան կայարանը ճանաչել է որպես բնակավայր, որոնք կյանքում բնակավայր չեն եղել և ոչ էլ տեղամաս է բացվել։ Կարծեմ 4 տուն կա Հացիկ կայարանում, միշտ Հացիկի հետ է եղել այն, ժողովրդի գրանցումն էլ Հացիկի գրանցում է, հիմա առանձնացրել են, այս երկուսը ճանաչվել են բնակավայր։

Եթե անգամ ավագանու թեկնածուների ընդգրկվածությունը միավորվող բնակավայրերից պահպանեինք ու աշխատեինք 33 թվի վրա, էլի խնդիր առաջ էինք կանգնելու, որովհետև այդ թիվը փոխվել, դարձել էր 35։

Նույնն արել էին Ամասիայի նկատմամբ․ 19 բնակավայր է եղել, ասել են 6 լքված բնակավայր կա, դրանք էլ են մտցրել, բայց այդ մի հանձնաժողովը փաստաթղթերը հետ է տվել, ասել է, տարեք, շտկեք, բերեք։

Իսկ մեր պարագայում ոչ մի բան, հակառակը բարձրաձայնեցին, որ մեր ավագանու 26 թեկնածուները ներկայացված են 14 համայնքից, իսկ 14-ը 50 + 1 տոկոսն է, օրենքի պահանջներին լրիվ համապատասխանում է, մենք էլ ապահով զգացինք, իրականում խաբեցին մեզ, լրիվ ապակողմնորոշիչ հայտարարություն արեցին։

Մեր ընտրողները պահանջում են մինչև վերջ գնալ, նաև իրենց ընտրելու իրավունքն է ոտնահարվել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930