Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սայաթ Շիրինյան. «Պայքարը համառություն, կամք է պահանջում»

Նոյեմբեր 22,2021 23:23

«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը այսօր Հանրապետության հրապարակ գնացել էր՝ աջակցելու ազգային ազատագրական պայքարի կազմակերպիչներին: Aravot.am-ի հետ զրույցում նա մեկ անգամ եւս վերահաստատեց իր եւ իր քաղաքական ուժի այն դիրքորոշումը, որ իշխանությանը օր առաջ հեռացնելը ոչ թե պաշտոնի պայքար է, աթոռակռիվ, այլ պայքար է հայրենիքի փրկության համար:

«Միշտ ասել եմ, որ որտեղ կա պայքար Նիկոլի ու նիկոլիզմի դեմ, ես այնտեղ կամ: Այսօր ազատագրական պայքարի կազմակերպիչները Հանրապետության հրապարակում լինելու կոչեր հնչեցրին եւ ես, հավատարիմ իմ խոստմանը, այստեղ եմ: Կազմակերպիչները հայտարարել են, որ սա վերկուսակցական պայքար է, եւ մեր հասարակությունը վերջապես պետք է հասկանա, որ որեւէ  անհատ, կուսակցություն, շարժում կամ դաշինք առանց հասարակության լայն շրջանների աջակցության որեւէ արդյունքի չի կարող հասնել: Ինչպես մենք չենք կարող ազատագրական պայքարը տրամաբանական ավարտին հասցնել, այնպես էլ ժողովրդի լայն շրջանակները 2020 հունիսի 20-ին աջակցեցին, որպեսզի այս դավաճանական ուժերը վերարտադրվեն եւ մտահղացումները ավարտին հասցնեն: Հետեւաբար, այս ուժին ընկերություններում սատարած մեր հայրենակիցները հիմա սրանց հեռացնելու հարցում ավելի ակտիվ պետք է լինեն:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին եւ նրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, մենք սատարում, աջակցում ենք բոլոր այն ուժերին, որոնք այս իշխանությանը համարում են կապիտուլյանտ եւ հողատու: Հետեւաբար, մենք համագործակցության համար բաց ու ազատ ենք: Այսօր այսպես թե այնպես,  հասարակության ամենամեծ աջակցությունն ունեցող ուժը «Հայաստան» դաշինքն է: Հետեւաբար, վաղ թե ուշ, բոլորը դա հասկանալու են ու համախմբվելու են նրա շուրջ: Հիմա էլ կան հասարակական կազմակերպություններ, համայնքների ղեկավարներ, անհատ անձինք, որոնք իրենց աջակցությունն են հայտնում, սակայն այս իշխանությանը դուրս շպրտել կարողանալու համար, թերեւս, համազգային աջակցություն է պետք: Ասեմ, թե ինչու: Ոստիկանության համակարգը ամբողջ հանրապետությունում որքան էլ որ է, Երեւանում կարող է կենտրոնացնել այդ թվաքանակի մոտ կեսը կամ մի փոքր ավելի: Իսկ եթե մենք լինենք 40 հազար եւ ավելի, նրանք չեն կարողանա խոնարհաբար սպասարկել միայն օրվա իշխանությունների շահերը: Հակառակ պարագայում մարդիկ էլի կգան, կկանգնեն ու, գուցե, հիասթափված կգան տուն: Բայց ուզում եմ կոչ անել, որ հիասթափությունը մեր լավ բարեկամը չէ: Պայքարը համառություն, կամք է պահանջում: Նահանջ քայլը դավաճանություն կլինի, մենք կդավաճանենք մեր երկրին»,-ասաց Սայաթ Շիրինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930