«Երբ սկսեցի ֆիլմի վրա աշխատել, ընթացքում հասկացա՝ այն, ինչ այսպես կոչված իշխանությունը արեց մեր երկրի հետ, ես էլ ներդնելու եմ իմ գործիքները, իմ մոնտաժով անելու եմ նրանց հետ այն, ինչ ուզեմ»,- ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Մարդ էղի» վավերագրական նոր ֆիլմի ցուցադրությունից առաջ իր ելույթում նշեց ֆիլմի հեղինակ Հովհաննես Իշխանյանը:
23 րոպե տևողությամբ «Մարդ էղի» վավերագրական սարսափ ֆիլմը Ն․ Փաշինյանի տեսաարխիվների և նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի համադրությունն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են նրա արտահայտությունները մարգարեանում՝ Հայաստանը մխրճելով աղետի մեջ։ Ֆիլմը պատկերների և ձայների խեղման ու տարաիմաստավորման միջոցով ներկայացնում է դավաճանության, ողբերգության ծրագրումը և համայն հայության անհաղթահարելի տագնապը։
Կարդացեք նաև
Խոսելով «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի ստեղծման մասին՝ Հովհաննես Իշխանյանը նշեց. «Մենք պատերազմից հետո, ինչպես բոլոր հայերը, որոնք մտածում էին՝ ինչ պիտի անեն, հավաքվեցինք մի քանի հոգով, ստեղծեցինք վավերագրողների համայնք, որտեղ կան ռեժիսորներ, լուսանկարիչներ, երաժիշտներ: Նպատակը վավերագրական աշխատանքների միջոցով հայերի իրավունքների պաշտպանությունն է, արժանապատվությունը վերականգնելու հարցը: Բացի այդ մեկ ուրիշ միտք էլ ներառեցինք՝ տեսնելով, թե ոնց է աշխարհում ու Հայաստանում արվեստը սնվում ողբերգություններից, ու դա նրա համար դառնում է շուկայի մեջ մտնելու լավ միս: Որոշեցինք՝ մեր միտքը պետք է լինի ողբերգության կանխարգելումը վավերագրական աշխատանքների միջոցով»:
Հովհաննես Իշխանյանը տեղեկացրեց՝ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքն արդեն ինը ամիս գործունեություն է ծավալում՝ աշխատելով իր բնորոշմամբ՝ լրիվ էնտուզիազմի վրա: Մինչ ֆիլմի դիտումը նա հոլովակի միջոցով ներկայացրեց այդ ամիսներին համայնքի կողմից կատարված աշխատանքը:
Ներկայացնելով ֆիլմը ՝ Հովհաննես Իշխանյանն ասաց. «Երբ սկսեցի ֆիլմի վրա աշխատել, լավ չէի հասկանում՝ ինչ եմ անում: Երբ ընթացքում սկսում էի հասկանալ՝ ինչ եմ անում պատկերների հետ, ինչի համար, ինձ բռնեցի նրա վրա, որ 2018-ից դեռ առաջ այդ ամբողջ կեղծիքների, երկերեսանիության և այդ ամենից արդարանալու համար պատկերներով ու մոնտաժով աշխատում եմ՝ անելանելի վիճակ ստեղծելու, խեղելու պատկերը, ձայները: Հասկացա՝ դա եմ անում: Երբ սկսեցի ֆիլմի վրա աշխատել, ընթացքում հասկացա՝ այն, ինչ այսպես կոչված իշխանությունը արեց մեր երկրի հետ, ես էլ ներդնելու եմ իմ գործիքները, իմ մոնտաժով անելու եմ նրանց հետ այն, ինչ ուզեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ