Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ախուրյանում ընդդիմադիր գյուղապետի գլխավորած դաշինքին փորձում են զրկել ընտրություններին մասնակցելուց

Նոյեմբեր 14,2021 19:20

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, որն Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Իկիլիկյան դաշինք»-ի ցուցակը, հայտնվել է դատական քաշքշուկների մեջ։

«Իկիլիկյան դաշինք»-ը դատի էր տվել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին ՝ իրենց գրանցումն անվավեր ճանաչելու համար, շահել է դատը, սակայն դրանից հետո հայտնվել է մեկ այլ պատմության մեջ․ այժմ էլ ՔՊ-ն է դատի տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Իկիլիկյան դաշինք»-ի գրանցումը։

Ըստ ընդդիմադիր հայացքներ ունեցող Վարդան Իկիլիկյանի, սա վախկոտության ակնհայտ դրսևորում է ու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կոպիտ ոտնահարում։

Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում պատմեց հետևյալը․ «Երբ մեր փաստաթղթերը հանձնեցինք հանձնաժողով, ավագանու կազմում համայնքների թվի ներկայացվածությունը մեզ բացատրեցին ապակողմնորոշիչ ձևով ։

Բնականաբար, հանձնաժողովը պարտավոր է ճիշտ փաստաթղթեր ընդունել, մեր ցուցակում ավագանու 26 թեկնածուներ ներկայացված էին 14 համայնքներից: Հանձնաժողովը ուսումնասիրեց համայնքների ներկայացվածությունը, և երբ ես ասացի, որ այդտեղ մենք, հավանաբար, խնդիր ունենք, մեզ պատասխանեցին՝ ոչ. թվով 26 ավագանու թեկնածուներ ներկայացված են 14 համայնքներից և հանձնաժողովի մեկնաբանմամբ՝ նրանց թիվը բավարար է, 50 + 1 տոկոսը ներկայացված է։

Օրենքը սխալ մեկնաբանեցին, մեր փաստաթղթերը ընդունեցին։ Երկու օր հետո ՝ ամսի 3-ին, որոշումը կայացրեցին, մեզ գրանցեցին։

«Իկիլիկյան դաշինք»-ը գրանցված համարվեց՝ որպես թեկնածու։ Մենք մեզ ապահով զգացինք, որ բոլոր փաստաթղթերը նորմալ վիճակում են, բայց 3 օր հետո հարցը քննարկվում է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դիտողություններ են լսվում, որ այստեղի ընտրատարածքային հանձնաժողովը սխալ է թույլ տվել, սակայն սխալը հայտնաբերելուց հետո մեզ պիտի 48 ժամ ժամանակ տային, որ պակաս փաստաթուղթը լրացնեինք։

Մենք զրկվել ենք դրա իրավունքից, որի պատճառով դիմել ենք վարչական դատարան։ Վարչական դատարանն արագացված դատաքննություն անցկացրեց ու որոշեց, որ հանձնաժողովը սխալ հիմքերով է որոշումը չեղյալ համարել, որովհետև դա էական ազդեցություն չի թողել գործընթացի վրա ու հանձնաժողովի նախկին որոշումը՝ մեր դաշինքի գրանցված լինելու վերաբերյալ, թողեց ուժի մեջ»։

Վարդան Իկիլիկյանի պատմելով, գործընթացը մտավ հունի մեջ, որովհետև թե՛ իրենք, թե՛ վարչական դատարանը որոշումն ուղարկել էր ընտրատարածքային հանձնաժողով, սակայն այսօր վարչական դատարանից գրություն են ստացել, թե հայցադիմում է ներկայացվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Ըստ մեր զրուցակցի, քանի որ վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, ՔՊ-ն նոր հայց է ներկայացրել՝ պահանջելով «Իկիլիկյան դաշինք»-ին զրկել գրանցումից։

«Վարչական դատարանը նրանց հայցադիմումը վարույթ է ընդունել, վաղը ժամը 16․00-ին նիստ է տեղի ունենալու։ Ես փորձեցի ինձ կոռեկտ պահել, մտածեցի փաստաթղթային խնդիր է, թեև գիտեինք հոսանքը որտեղից է գալիս, հանգիստ տանենք այս ամենը, սակայն հասկանում ենք, որ այս պահին նորից փորձում են գնալ դատարան ու շատ վատ քայլերով ուզում են ճնշում գործադրել և՛ դատարանի, և՛ հանձնաժողովի վրա։

Եթե մենք գնում ենք ընտրության, ի սեր Աստծո, ժողովրդի իշխանությունն է, նրանց իրավունքն է ընտրելու, թող թույլ տան ժողովուրդն իր ընտրությունը կատարի։ Ես ուզում եմ առանց ցնցումների, առանց որևիցե միջադեպերի, առանց իրավիճակը սրելու ընտրություն անցկացնել։

Նման երևույթն ազդում է նաև մեր հեղինակության վրա, բայց այս պարագայում տեսնում ենք, չեն փորձում մաքուր ու ճիշտ ընտրապայքար անել, այսինքն՝ ամեն ինչ փորձում են անել, որ ինձ՝ որպես թեկնածու, դուրս բերեն դաշտից։ Իսկ դա ես թույլ չեմ տա, ինձ համար դա լուրջ վիրավորանք է։ Ժողովրդավարություն ասվածը, որը շատ է շահարկվում մեր երկրում, կարծես թե զուրկ է հիմքերից, նման գործելակերպը մեզ համար շատ խորթ է ու անընդունելի։

Մենք ընտրությա՞ն ենք գնում, թե՞ դուրս ենք մղում թեկնածուներին, վերջապես մեր դաշինքի մեջ 26 թեկնածու են, ոտնահարվում է թե ՛ թեկնածուների իրավունքը, և թե՛ ամբողջ ընտրողների ընտրելու իրավունքը, որովհետև ես ամեն դեպքում իմ համայնքի բնակչության պահանջով եմ որոշել առաջադրվել, այսօր նաև ոտնահարվում է ժողովրդի այդ իրավունքը»։

Վարդան Իկիլիկյանը պահանջում է բոլորին ազատ թողնել մասնակցելու ընտրություններին, թույլ տալ մտնեն ընտրապայքարի մեջ, իսկ որոշում կայացնողը կլինի ժողովուրդը։

«Ինչ էլ ժողովուրդը որոշի, ընդունելի է, բայց անհատների ու կուսակցությունների որոշումները այսպիսի ճնշումներով մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Վարդան Իկլիկյանը։

Մեր հարցին՝ վախենո՞ւմ են ձեր առաջադրումից, սա կապ ունի՞ ձեր ընդդիմադիր հայացքների հետ, Վարդան Իկիլիկյանն ասաց․ «Այնպես չէ, որ միայն ես եմ ընդդիմադիր, այն երկու թեկնածուն էլ են ընդդիմադիր, ես կարծում եմ՝ այո՛, դա վախկոտության և թուլության նշան է, թեև կարծես փիառ են անում իմ համար, ցույց են տալիս, որ ես ավելի ուժեղ եմ, ավելի ընդունելի թեկնածու եմ։ Իհարկե, փիառ անելով՝ իմ ժամանակ են վատնում, ես արդեն քարոզարշավս սկսելու էի, չենք հասցնում պատրաստել համապատասխան պաստառներ, բուկլետներ։ Փոխարենը զբաղված եմ դատարաններին պատասխանելով, դատական քաշքշուկների ու այս ամենի միջով անցնելով։

Դա բացասաբար է անդրադառնում մեր վրա, մենք պիտի հասցնենք ժողովրդին ներկայանալ՝ ծրագրերով, մեր հանդիպումներով, որպեսզի ժողովուրդը հասցնի կողմնորոշվել՝ ում ընտրել կամ չընտրել, ով ենք մենք, մեզանից ի՞նչ ենք ներկայացնում»։

Վարդան Իկիլիկյանը նաև ասաց, որ ինքը խոսել է ՔՊ-ի շտաբի պատասխանատուի հետ, նրանց համայնքապետի թեկնածուն Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանն է՝ իր վաղեմի ընկերը։ ՔՊ-ի շտաբից պատասխանել են, որ վարչական դատարան դիմելու նախաձեռնությունը ՔՊ-ի քաղաքական որոշումն է։

«Եթե օրինակ իմ կուսակցությունն առանց իմ կարծիքը հաշվի առնելու փորձեր գնալ նման քաղաքական կոմպրոմիսների ու նման որոշումներ կայացներ, ես կհրաժարվեի նման կուսակցությունից՝ որպես թեկնածու, ինքնաբացարկ կհայտնեի, չէի դառնա քաղաքական գործիք։ Սա ժողովրդի մոտ ավելորդ ջղայնություն է առաջացնում, հաճելի միջավայր չի ձևավորվում։

Պիտի թույլ տան, որ բոլոր առաջադրվող քաղաքական ուժերն էլ մտնեն ընտրապայքարի։ Ժողովուրդը բոլորին էլ ճանաչում է, թույլ տան, որ ժողովուրդն իր ընտրությունը կատարի, ժողովրդին չզրկեն այդ հնարավորությունից»,- ասում է Վարդան Իկիլիկյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում միավորվում են Ախուրյանի համայնքի 33 համայնքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930