Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Շուշան Փաշինյանն անդրադարձել է Վանո Սիրադեղյանին

Նոյեմբեր 09,2021 14:50

«Վանո Սիրադեղյան-75» նախագծի մեկնարկին ընդառաջ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնել է կլոր սեղան, որը վարում է ավագ դպրոցի դասավանդող, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը: Մասնակիցների թվում են ավագ դպրոցի սովորողներ, քոլեջի ուսանողներ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ: Կլոր սեղանի թեման է՝ «Վանո Սիրադեղյան պետական, կուսակցական գործիչը, գրողն ու հրապարակախոսը»:

Կլոր սեղանի մասնակիցների թվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Փաշինյանը: Իր զեկուցման մեջ նա Վանո Սիրադեղյանին որակել է Հայաստանի Հանրապետության ամենաառեղծվածային եւ շատ մեծ գործունեություն վարած քաղաքական գործիչներից մեկը:

«Շատերն են ասում, որ նա մեր քաղաքական պատմության մեջ եղել է հակասական կերպար: Նրա մասին ժողովրդի կողմից եղել են տարբեր ընկալումներ և կարծիքներ: Նա ե՛ւ կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ, ե՛ւ կապվում է կարևոր եւ լավ քաղաքական գործիչ լինելու, ճիշտ ճանապարհով գնալու եւ լավագույն արձակագիր լինելու հետ:

Մինչև մահը Վանո Սիրադեղյանը գտնվել է միջազգային հետախուզման մեջ: 1999 թ. փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թ. մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով: 1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թ. ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը, ինչից մղվել է նրա միջազգային հետախուզումը մինչև մահ»,-գրել է վարչապետի դուստրը:

Շուշան Փաշինյանն անդրադարձել է նաեւ Վանո Սիրադեղյանին՝ որպես արձակագիր. «Ինչպես գիտենք, նա եղել է արձակագիր և բավականին մեծ գրություններ է հղել Հայաստանին, քաղաքական գործիչներին և ժողովրդին: Պարզ չէ, թե արդյոք գրե՞լ է հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, բայց այն ամենը, ինչը թողել է մեզ դրանից առաջ ևս կարևոր եւ շատ հետաքրքիր է: Նրա գաղափարախոսությունները պետության, պետության հզորացման, Հայաստանի պատմության, իրադրությունների, ապագայի վերաբերյալ այսօր կարդալով շատ բան կարելի է հասկանալ, վերլուծել, մտածել»:

Շուշանի աշխատանքում ի թիվս այլնի՝ հղումներ են արված նաեւ Վանո Սիրադեղյանի մտքերին՝ ընտրությունների, Դաշնակցության, Սփյուռքի, Թուրքիայի կարծրացրած դիրքորոշման, Արցախի ու Ադրբեջանի մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930