Լրահոս
Օրվա լրահոսը

Ամաչկոտ պատանիներից՝ էկո-գրիչ ու պայուսակ արտադրողներ․ «UPSHIFT» միջազգային ծրագիրն ամփոփում է Սպիտակում կատարված աշխատանքների արդյունքները

Նոյեմբեր 07,2021 15:49

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին Լոռու բարձրաստիճան պաշտոնյաներից ու ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից բացի, մասնակցում էին Հայաստանում «Յունիսեֆ»-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը և Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։

Ինչպես հայտնի է, «UPSHIFT» միջազգային ծրագիրն իրագործվում է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ նպատակ ունենալով պատանիներին ներգրավել իրենց իսկ համայնքների զարգացման գործում, զարգացնել նրանց ստեղծագործական կարողությունները, քննադատական մտածողությունը, օգնել կապեր ձեռք բերելու, շփվելու, նորարարական գաղափարները կյանքի կոչելու, ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկվելու ու աշխատաշուկայում տեղ զբաղեցնելու, իսկ որ ամենակարևորն է՝ ակտիվ, խոսք ունեցող ու որոշում կայացնող քաղաքացի ձևավորվելու։

Հայաստանում այն ներդրվել է երկու տարի առաջ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/ կ-ի կողմից։

Առաջինը փորձարկվել է Գյումրիում՝ 12-18 տարեկան երիտասարդների շրջանակում, որոնք մեծ տեղ հատկացնելով էկոլոգիական խնդիրներին՝ սկսել էին էկոպայուսակներ արտադրել,  տարիներ շարունակ աղբի մեջ թաղված ու այս առումով այս քաղաքի գլխին պատուհաս դարձած Գյումրի գետակի մաքրման աշխատանքներով զբաղվել։

Ինքնատիպ գաղափարներ իրագործվել էին նաև Սպիտակի ու հարակից գյուղերի պատանիների կողմից։ Նրանք ցուցադրեցին իրենց իրականացրած նախագծերը, որոնց մեկը էկո-գրիչների արտադրությունն էր, դպրոցի ֆուտբոլային դաշտի ու  Սպիտակի համայնքային այգու վերանորոգումը, աուդիո գրադարանի հիմնումը, որը համայնքի երիտասարդներին մոտ զարգացնում է այլընտրանքային՝ աուդիո գրքեր կարդալու մշակույթը, Մեծ Պառնիում այլընտրանքային մոտեցումներով համայնքային պուրակի հիմնումը։

Aravot.am֊ի հետ զրույցում «Յունիսեֆ»-ի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանը «UPSHIFT»-ը համարեց պատանիներին հնարավորություններ տալու ծրագիր։

Նրա բնութագրմամբ, իրենք փորձում են  երիտասարդներին տալ 21-րդ դարի հմտություններ, որպեսզի վերջիններս կարողանան մտածել իրենց համայնքի խնդիրների մասին, վեր հանեն դրանք  ու լուծումներ փնտրեն՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/ կ նախագահ Արթուր Նաջարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրին մասնակցող երիտասարդներից շատերը 7 ամիս առաջ ամաչում էին անգամ իրենց անուն- ազգանունն ասել, հաղորդակցման, ներկայացման խնդիր ունեին, այժմ դարձել են շատ ինքնավստահ։

«Երեխաներից յուրաքանչյուրն ասում էր, բայց կհաջողե՞նք․ այսօր մեր վեց խմբերը սերտ համագործակցության մեջ են մտել համայնքային ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այն, որ աջակցություն են ստացել հենց ՏԻՄ կողմից, սա երիտասարդների մոտ մեծ ոգևորություն է առաջացրել, որ իրենք համայնքում կարողացել են իրենց հինգ հոգանոց խմբից բացի համախմբել  այլ երիտասարդների, համայնքի բնակիչներին։ Օրինակ՝ ծրագրերից մեկը պուրակի հիմնումն էր և դրա իրագործման համար՝ կոնստրուկցիաները պատրաստելու, ներկելու, նստարանները տեղադրելու համար ողջ համայնքն է կանգնել նրանց կողքին։ Ավելին, ավագանու անդամներն են կանգնել նրանց կողքին, որպեսզի կարողանան կյանքի կոչել։ Եվ այս պատանիները կարծես իրենց համայնքի զարկերակը լինեն, իրենք են համայնքին նոր կյանք շնորհել։ Մենք փորձեցինք թաղից, համայնքից, այսօր երեխաներն արդեն խոսում են աշխարհում դրական փոփոխություններ կատարելու մասին»։

Արթուր Նաջարյանն ասաց, որ գաղափարներից մեկը՝ էկո-գրիչների արտադրությունը, բիզնես ծրագրի է վերածվել․ երեխաները պատվեր են ստանում անգամ արտերկրից ու տեսնելով, որ իրենց մարդկային ռեսուրսները չեն բավարարում արտադրության համար, համայնքի այլ երիտասարդների են ներգրավում։

Արթուր Նաջարյանի փաստմամբ, նրանք դպրոցներում դասընթացներ են իրականացնում, սովորեցնում են ինչպես պատրաստել ու նեգրավում են գործունեության մեջ։

«Տեղյակ եմ, որ պատվերն են ստացել և՛ Երևանում գործող գրասենյակներից, և՛ նաև արտերկրից»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ «UPSHIFT»-ը լինելով «Յունիսեֆ»-ի ծրագիր, իրենք հայաֆիկացրեցին և  այն հարմարեցրեցին հայ իրականությանը, առաջին անգամ Գյումրիում ներդրվելուց հետո ծրագիրն ընդլայնում է իր աշխարհագրությունը։

Արթուր Նաջարյանը նաև նշեց՝ 3 տարվա փորձը ցույց է տվել, որ երիտասարդները հետարքրքված են էկոհամակարգով, իրենց շրջակա միջավայրով, ինչը նկատելի չէ ավագ սերնդի մոտ։

«Սա նշանակում է, որ մենք ունենք պատասխանատվության մեջ զգացում, շրջակա միջավայրի վրա դողացող պատանիներ։ Մեզանից անցնում է նրանց ոգևորել, աջակցել, որովհետև շատերն անփորձ են և վախենում են․ մենք այսօր արդեն ունենք ինքնավստահ, բանակցող պատանիներին, կարծես դիվանագետներ լինեն։ Երեխաներ, որոնք առաջին օրերին իրենց անունները տալուց ամաչում էին, այսօր արդեն համայնքապետերին և մարզպետների հետ բանակցությունների են գնում, սրանից մեծ հաջողություն մենք չէինք ակնկալում»,-ասաց Արթուր Նաջարյանը։

ՀՀ-ում «Յունիսեֆ»-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդից ևս հետաքրքրվեցինք մեծ հաջողություն արձանագրած  այս ծրագրի շարունակականության մասին։

Քրիստինա Վայգանդն ասաց՝ շատ ուրախ է լինել Հայաստանում՝ որպես «Յունիսեֆ»-ի ներկայացուցիչ և ուրախ է իր գալուստը նշել Վանաձորում՝ մեծ թվով երիտասարդների հետ, լսել նրանց ցանկությունները, խնդիրները ու ապագայի լուծումները։

«UPSHIFT»-ը մենք սկսել ենք Հայաստանում մի քանի տարի առաջ, այն ակտիվ և հաջողված ծրագրերից մեկն է Հայաստանում։ Այն ոչ միայն նորարական լուծումներ է տալիս երիտասարդներին, այլ նաև պլատֆորմ  է հանդիսանում, որ նրանք ի հայտ բերեն խնդիրները և դրանց լուծում տան։ Մենք  այն իրականացնում ենք մեր գործընկերների միջոցով և վստահաբար կշարունակենք Տավուշում և Գեղարքունիքում, հետո կփորձենք այլ մարզեր նույնպես ներգրավել»,-ասաց Քրիստինա Վայգանդը։

Առանձնահատուկ ոգևորված էր Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։ Եվրամիությունն այս ծրագրի ֆինանսավորողն է։

Բրունո Մոնտարիոլը, դիմելով պատանիներին, ասաց, որ ինքն  ունի հինգ երեխաներ, որոնք իրեն շատ հաճախ են հարցեր տալիս, իսկ  սա նշանակում է՝ երեխաները ոչ միայն ապագան են,  այլ մեծահասակներին հարցեր ուղղողները, որոնք ստիպում են մտածել ու  առաջ գնալ։

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ իր ելույթում նշեց՝ եթե երիտասարդը չուզի բարեփոխել իր իրականությունը, իր քաղաքը, ինչքան էլ  իրենք՝ որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, ուզեն, այն չի փոխվելու։

Ծրագիրն ամփոփվեց «Արցախիկներ» նորաստեղծ նվագախմբի յուրահատուկ կատարումներով։

Լուսանկարները՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930