Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես չկալանավորվեց Վանո Սիրադեղյանը

Հոկտեմբեր 30,2021 15:30
Viktor dallaqyan

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի սկզբունքայնությունից մինչեւ Հրանտ Մաթեւոսյանի հանձնարարություն. 20 տարի անց

Հոկտեմբերի 15-ին, 75 տարեկանում մահացավ Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադիրներից, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ, իսկ 1990-92 եւ 1997-2000 հատվածներում՝ կուսակցության վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում նա մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել՝ Ներքին գործերի նախարար, Երեւանի քաղաքապետ, նախագահի խորհրդական: Հայաստանում 1998 թվականի փետրվար-ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց որոշ ժամանակ անց Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով. հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից եւ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Սիրադեղյանի նկատմամբ հետապնդումները հասան իրենց գագաթնակետին: 2000-ի ապրիլին Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից: 2000թ. հոկտեմբերին Ազգային ժողովը Սիրադեղյանի բացակայությունները համարեց անհարգելի, որի հետեւանքով նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ արդյունքում խորհրդարանը բավարարեց Սիրադեղյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Նա մինչ այժմ հետախուզման մեջ էր:

Այս իրադարձությունները զուգահեռվել են բավական ուշագրավ իրադարձություններով, որոնցում ծանրակշիռ դերակատարում է ունեցել խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ նախագահ Վիկտոր Դալլաքյանի գլխավորությամբ: Վանո Սիրադեղյանին կալանավորելու քաղաքական հրահանգն ի սկզբանե նախատեսվում էր կյանքի կոչել՝ օգտագործելով պատգամավոր Վանո Սիրադեղյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու հարցը: Քննարկումներ են եղել ԱԺ հենց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 1999 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, Վանո Սիրադեղյանը եղել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999-2003 թվականներին այդ հանձնաժողովի նախագահը Վիկտոր Դալլաքյանն էր: Տպավորիչ էր նաեւ հանձնաժողովի 32 հոգանոց կազմը. Վազգեն Մանուկյան, Արշակ Սադոյան, Սասուն Միքայելյան, Աղվան Վարդանյան, Ռուբիկ Հակոբյան, Կիմ Բալայան, Արթուր Բաղդասարյան, Հայկ Բաբուխանյան, Գրիգոր Հարությունյան, Աղասի Արշակյան, Հրանտ Ոսկանյան եւ այլք:

Այդ ժամանակվա ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նիստերի քվեարկությունների կեսից ավելին բացակայելու դեպքում, եթե պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատգամավորի բացակայությունը համարում էր հարգելի, ապա այդ հարցը ԱԺ նիստերի օրակարգում չէր ընդգրկվում: Իսկ եթե հանձնաժողովը պատգամավորի բացակայությունը համարում էր անհարգելի, ապա հարցը պարտադիր ընդգրկվում էր ԱԺ նիստի օրակարգում, քննարկվում եւ վերջնական որոշում ընդունում էր խորհրդարանը: 1999 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացած նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից Վանո Սիրադեղյանը բացակայել էր եւ այդ հիմքով, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Սիրադեղյանի բացակայությունները կարող էր համարել անհարգելի՝ նրա հարցը մտցնելով խորհրդարանի նիստի օրակարգ: Իսկ Սիրադեղյանի բացակայություններն ԱԺ-ի կողմից անհարգելի համարվելու դեպքում, նրան կզրկեին պատգամավորական անձեռմխելիությունից, որից հետո Սիրադեղյանին կկալանավորեին: Սակայն Վիկտոր Դալլաքյանի գլխավորած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատգամավոր Սիրադեղյանի բացակայությունները համարել էր հարգելի եւ հարցը չէր ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում՝ տապալվել էր Սիրադեղյանի բացակայություններն անհարգելի համարելու, այդ հիմքով նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ Սիրադեղյանին կալանավորելու քաղաքական պատվերը: Վանո Սիրադեղյանի բացակայությունները հարգելի համարելու որոշման հիմքում նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկներն էին:

Անաշխատունակության թերթիկները Սիրադեղյանն անձամբ ներկայացրել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վիկտոր Դալլաքայանին, որը Սիրադեղյանի բացակայությունների հարցը ներկայացրել էր այդ հանձնաժողովի նիստերում: Եղել են դեպքեր, այդ թերթիկները Դալլաքյանին են փոխանցել Խաչատուր Սուքիասյանը, Արարատ Զուրաբյանը կամ Խաչատուր Քոքոբելյանը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Կիմ Բալայանը, Հայկ Բաբուխանյանը եւ Աղասի Արշակյանը կասկածի տակ էին դրել Վանո Սիրադեղյանի ներկայացրած անաշխատունակության թերթինկների օրինականությունը, պահանջել էին նրա բացակայությունները համարել անհարգելի եւ զրկել պատգամավորական անձեռմխելությունից, որով նախադրյալներ կստեղծվեին՝ Սիրադեղյանին կալանավորելու համար: Վերոնշյալ պատգամավորները հանձնաժողովի նիստում անգամ առաջարկել էին այցելել Սիրադեղյանին անաշխատունակության թերթիկներ տված առողջապահական հաստատություններ եւ ստուգել թերթիկների արժանահավատությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը մերժել էր այս առաջարկն ու հայտարարել. «Հո մենք գործ տվող ու մարդ հանձնող չենք»: Հանձնաժողովի անդամների բացարձակ մեծամասնությունը ողջունել էր Վիկտոր Դալլաքյանի այդ պահվածքը: Նրանց կարծիքով, եթե Սիրադեղյանը հայտնի բանդայի ձեւավորման մեջ որեւէ դեր ունի, որեւէ կերպ առնչվել է, ապա թող դա օրենքով սահմանված կարգով ապացուցեն եւ նրան խստորեն պատժեն, այլ ոչ թե Սիրադեղյանի բացակայություններն անհարգելի համարելու, նրան պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու եւ հետո՝ կալանավորելու նպատակով, քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամներին: Այդօրինակ դիրքորոշում ունեին հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, հանձնաժողովի անդամներ, ՀԿԿ-ն ներկայացնող Խորհրդային Հայաստանի ԳԽ նախագահության նախագահ, Սիրադեղյանի քաղաքական հակառակորդ Հրանտ Ոսկանյանը, Վանո Սիրադեղյանի երդվյալ քաղաքական հակառակորդներ Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ այլք: Այսինքն, 1999 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր եւ 2000 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին՝ մինչեւ Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալը (2000 թվական, ապրիլի 4), Վանո Սիրադեղյանին կալանավորելու վերաբերյալ իջեցված քաղաքական պատվերի իրականացումը տապալվել էր՝ Վիկտոր Դալլաքյանի գլխավորած ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ջանքերով:

Վերոնշյալ հարցի հետ կապված «Առավոտը» զրուցել է այդ տարիներին Վանո Սիրադեղյանի կուսակիցներից ու զինակիցներից մեկի հետ, նա գերադասեց չհրապարակել իր անունը: Մեր զրուցակիցը վերահաստատեց 1999-2000 թվականների ժամանակահատվածում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկումների սիրադեղյանական ոդիսականը՝ ներկայացնելով նաեւ մանրամասներ, որոնց անմիջական ականատեսը եղել է ինքը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանը եւ Վանո Սիրադեղյանը հանդիպել են 2000 թվականի մարտի վերջերին՝ ՀՀՇ վարչության շենքում: Նրա վկայությամբ, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը անակնկալ ձեւով այցելել էր Խանջյան փողոցի վրա գտնվող այդ շենք, Սիրադեղյանը՝ տեսնելով Դալլաքյանին, ընդհատել էր ՀՀՇ վարչության նիստը, իր կուսակիցներին խնդրել իրեն եւ Դալլաքյանին մենակ թողնել: Սիրադեղյան-Դալլաքյան շուրջ կես ժամ տեւած այդ հանդիպումից հետո, Վանո Սիրադեղյանը կանչել էր իր կուսակիցներին եւ հայտնել, որ մի քանի օրից հեռանալու է Հայաստանից: Վանո Սիրադեղյանի այդ խոսքերից հետո, ներկաներից մեկն ասել էր, թե կարո՞ղ է Դալլաքյանին ուղարկել էին, որ Սիրադեղյանին վախեցնի: Վանո Սիրադեղյանը կոպիտ ձեւով ընդհատել էր այդ անձնավորությանն, ասելով՝ «Դալլաքյանի նման մեծատառով մարդուն քո արշինով չչափես»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 2000 թվականի ապրիլին Վ. Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալուց հետո՝ հոկտեմբերի 13-ին Վիկտոր Դալլաքյանն այցելել է Սիրադեղյանի կնոջը եւ նրանից ստացել ամուսնու վերաբերյալ համապատասխան գրությունը: Նա նաեւ ասաց, որ նեղ շրջապատում Վանո Սիրադեղյանը բարձր է գնահատել իր նկատմամբ՝ Դալլաքյանի դրսեւորած մարդկային վերաբերմունքը՝ նրան նվիրելով իր հեղինակած գրքերից մեկը: «Առավոտի» տրամադրության տակ են նաեւ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի՝ Սիրադեղյանի կնոջը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին ուղղված հարցումներն ու դրանց պատասխանների կրկնօրինակները:

Այս իրադարձությունների վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստացանք նաեւ Վիկտոր Դալլաքյանից: Պարոն Դալլաքյանն ասաց, որ հարցազրույցներ չի տալիս, բայց Վանոյի պարագայում բացառություն կանի եւ մի քանի հարցի կպատասխանի:

– Պարոն Դալլաքյան, ճի՞շտ է, որ առանցքային դեր եք ունեցել Վանո Սիրադեղյանի կալանավորման հարցը տապալելու գործում:

– Նելլի ջան, ես իմ հնարավորությունների մասին շատ ավելի համեստ կարծիք ունեմ:

– Բայց չէ՞ որ 2000 թվականի մարտի վերջերին Սիրադեղյանի եւ Ձեր հանդիպումներից կարճ ժամանակ անց, ապրիլի 4-ին է Վանոն հեռացել Հայաստանից:

– Այո, Սիրադեղյանն ու ես 2000 թվականի մարտի վերջերին երկու անգամ հանդիպել ենք ԱԺ-ում եւ ՀՀՇ վարչության շենքում: Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանից Սիրադեղյանի հեռանալու հետ:

– Պարոն Դալլաքյան, իսկ այդ հանդիպումների ժամանակ ի՞նչ եք խոսել Սիրադեղյանի հետ:

– Սիրադեղյանի հետ իմ զրույցների մանրամսները հրապարակայնացնելու հետ կապված Հրանտ Մաթեւոսյանը ինձ մի հանձնարարություն է տվել. 2001 թվականին, երբ ես գրել էի Սեւանա լճի մասին օրինագիծը, դրա մասին կարծիք ստանալու նպատակով նախագիծն ուղարկել էի Հրանտ Մաթեւոսյանին եւ Սիլվա Կապուտիկյանին: Նրանք, իրենց ձեռագրով գրված տեքստում, օրինագծի վերաբերյալ բարձր կարծիք էին հայտնել՝ գովեստի խոսքեր ասելով նաեւ իմ մասին: Երբ այդ առիթով ես հանդիպեցի Հրանտ Մաթեւոսյանին, Վարպետն ինձ ասաց, թե մի խումբ լրագրողներ Շողերի միջոցով (ճանաչված լրագրող Շողեր Մաթեւոսյանը Վարպետի աղջիկն է) փորձել են իրեն համոզել, թե Դալլաքյանին ասա, թող այդ լրագրողներին պատմի 2000 թվականի իր եւ Վանոյի հանդիպումների եւ խոսակցությունների մանրամասները, որ շշմելու նյութ գրեն: Հրանտ Մաթեւոսյանն ինձ ասաց՝ որպեսզի լրագրողներից գլուխդ ազատես, կասես թե Հրանտին պատմել ես, որ մի նոյեմբերյանցի Վանո ու մի կիրովականցի Վիկտոր էլ ի՞նչ պետք է խոսեին. հանդիպել եւ խոսել են բացառապես կին արարածի բարեմասնությունների մասին:
Առայսօր ես սրբորեն կատարում եմ Հրանտ Մաթեւոսյանի հանձնարարությունը:

– Պարոն Դալլաքյան, իսկ գոնե խիստ ընդհանուր ձեւով, թեկուզ մեկ նախադասությամբ կներկայացնե՞ք Սիրադեղյանի եւ Ձեր զրույցների բովանդակությունը:

– Ներողություն խնդրելով Հրանտ Մաթեւոսյանից (ծիծաղում է-Ն.Գ.), 20 տարի անց ինձ թույլ կտամ մի փակագիծ բացել. շուրջ 2 ժամ տեւած 2000թ. մարտյան այդ 2 զրույցներում Սիրադեղյանը կարծես վերաիմաստավորում էր իր անցած ճանապարհը, ընդունում սեփական սխալները եւ ափսոսում դրանք կատարելու համար՝ ներկայանալով իր հակասական կերպարի ամբողջ դրամատիզմով: Տեսակով գրող Վանոն պատերազմ էր հայտարարել հանգամանքների բերումով քաղաքական գործիչ դարձած Վանոյին, որի ժամանակ գրողը անվերապահ կապիտուլյացիայի էր ենթարկել քաղաքական գործչին:

– Պարոն Դալլաքյան, ճի՞շտ է, որ Վանո Սիրադեղյանն ի նշան իր նկատմամբ Ձեր դրսեւորած վերաբերմունքի, Ձեզ է նվիրել իր հեղինակած գիրքը: Կասեք, ե՞րբ է դա եղել:

– Այս օրերին վերընթերցել եմ «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» վերնագրով Սիրադեղյանի հեղինակած գիրքը, որ իր մակագրությամբ նա ինձ է նվիրել 2000 թվականի մարտի 23-ին (Հայաստանից հեռանալուց տասն օր առաջ-Ն. Գ. ): 2000 թվականի մարտի 20-ին կամ 21-ին Սիրադեղյանը զանգահարեց ինձ եւ ասաց, որ ցանկանում է հանդիպել: Մենք հանդիպել ենք մարտի 23-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի իմ աշխատասենյակում՝ զրուցելով ավելի քան մեկուկես ժամ: Զրույցի վերջում, սեւեռուն հայացքով նայելով աչքերիս, Սիրադեղյանն ասաց. «Քեզ մի հարց եմ ուզում տալ. բացի բարեւ-բարի լույսից, ես ու դու որեւէ ձեւով չենք շփվել, ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է իմ նկատմամբ քո դրսեւորած մարդկային վերաբերմունքի պատճառը, երբ անգամ նրանք, ում շատ լավություններ եմ արել, այսօր, ինձ համար այս ծանր ժամանակներում, ուզում են ինձ հոշոտել: Ծառը որ ընկնում է, կացնավորները շատանում են»: Ես Սիրադեղյանին պատասխանեցի. «Իմ պահվածքի մեջ որեւէ արտառոց բան չկա: Իսկ պատճառը շատ պարզ է՝ նեղության մեջ գտնվող մարդու նկատմամբ ունեցած կարեկցանքը, անկախ նրանից, թե այդ մարդն ինչի հետեւանքով է հայտնվել անելանելի վիճակում»: Այնուհետեւ Սիրադեղյանը վերարկուի գրպանից հանեց իր հեղինակած՝ «Ձեռդ ետ տար ցավի վրայից» վերնագրով գիրքը եւ այն նվիրեց ինձ՝ մակագրելով՝ «Վիկտոր Դալլաքյանին՝ հիշեցում գրող Վանոյից. 23. մարտի. 2000 թվական»: Դրանից հետո գրող Վանոն ինձ ասաց. «Դու հասկացար իմ ցավը ու ձեռքդ ետ տարար ցավիս վրայից, որի համար շնորհակալ եմ: Թող դա հասկանան ու անեն գյադաները»:

Անուհետեւ մենք բաժանվեցինք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031