Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականջ քաշելու» նոր տարբերակները

Հոկտեմբեր 28,2021 10:00

1996 թվականի սեպտեմբերի 26-ին՝ այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանին համակրող զանգվածը ներխուժել էր Ազգային ժողով եւ ծեծի ենթարկել խորհրդարանի նախագահին ու փոխնախագահին, ԱԺՄ-ական պատգամավոր Շավարշ Քոչարյանը ԱԺ նիստի ժամանակ մոտեցավ ամբիոնին՝ ելույթ ունենալու համար: Նրա ՀՀՇ-ական գործընկերները, համարելով, որ Շ. Քոչարյանը նախորդ գիշերվա իրադարձությունների մեղավորներից մեկն է, սկսեցին քաշքշել նրան ամբիոնից եւ փորձում էին հարվածել: Հատուկ ջոկատայինները խառնվեցին կռվին՝ տարբեր կողմեր քաշելով պատգամավորներին:

Հասարակական կարծիքը ԱԺՄ-ականների կողմն էր՝ մարդկանց մեծամասնությանը չէր հետաքրքրում ԱԺ ղեկավարների ծեծը՝ նրանք ատելությամբ էին լցված ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի հանդեպ՝ ընդդիմության պայքարը համարելով արդար: (Բնականաբար, հասարակական կարծիքի ուղղվածության իմ դիտարկումները սուբյեկտիվ են՝ հավաստի սոցիոլոգիական տվյալներ այդ հարցի շուրջ չկան):

2002 թվականի հուլիսին խորհրդարանն ընդունեց, այսպես կոչված, «ականջ քաշելու մասին օրենքը»: Նախապատմությունը հետեւյալն էր. ընդդիմադիր պատգամավորները ժամանակ առ ժամանակ «գրավում էին» խորհրդարանի ամբիոնը եւ թույլ չէին տալիս, որ նիստը շարունակվի՝ մինչեւ որ իրենց հետաքրքրող հարցերը չքննարկվեն: Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ (հեռուստահարցազրույցով) հրահանգեց իրեն ենթարկվող խորհրդարանական մեծամասնությանը՝ օրենք ընդունել, որով ընդդիմադիր պատգամավորների «ականջները կքաշվեն», այսինքն՝ ոստիկանությունը ուժով կիջեցնի պատգամավորներին ամբիոնից: Հասարակական կարծիքը դարձյալ ընդդիմության կողմից էր, քանի որ մարդկանց մեծամասնությունն ատելությամբ էր լցված Ռ.Քոչարյանի հանդեպ:

Այդ տեսանկյունից Փաշինյանը շարունակում է երկրորդ նախագահի քաղաքական գիծը կամ, կարելի է ասել, «իշխելու ոճը», ինչը, հավանաբար, պայմանավորված է բնավորությունների (նարցիսիզմի տարրերի) նմանությամբ: Ներկայիս վարչապետը ավելի հեռուն է գնացել՝ առաջ «ականջ էին քաշում» ամբիոնը շրջափակելու, իսկ հիմա՝ պարզապես ելույթ ունենալու համար, երբ հնչում են իշխանության ականջների համար տհաճ արտահայտություններ: Անկախ նրանից, թե որքանով եմ ես համաձայն այդ արտահայտությունների հետ, ոստիկանության միջոցով պատգամավորների բերանները ծեփելը ժողովրդավարական լավագույն պրակտիկան չէ:

Բայց արձանագրենք նաեւ, որ հասարակական կարծիքն այս պարագայում իշխանության կողմից է, որովհետեւ քաղաքացիների մեծամասնությունը ատելությամբ է լցված Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց հետ համագործակցած եւ համագործակցող քաղաքական ուժերի հանդեպ: Ինչ էլ ասեն ներկայիս ընդդիմադիր պատգամավորները, դա դրական չի ընկալվի այդ մեծամասնության կողմից:

…Իսկ ժողովրդավարությունը կամ օրինականությունը վերջին հարցն է, որ այդ մարդկանց հետաքրքրում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Խիստ, շատ խիստ սուբյեկտիվ էր հարգելի պարոն Աբրահամյան. Ինչպես կարող է հասարակական կարծիքը լինել իշխանության կողմից որը հեռացնում է պատգամավորին նրա համար, որ նա հայտարարում է Արցախն ուրացողը դավաճան է:

  2. Hay says:

    Հասարակական կարծիքը իշխանության կողմից չի, հավատացնում եմ Ձեզ, էդ 10-20% նախիրը հասարակություն չի: Ցանկացած խելքը գլխին մարդու համար սա շատ տհաճ երևույթ է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031