Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսքան գունագեղ Հայաստանում ո՞նց կարող ես գորշ լինել»

Հոկտեմբեր 27,2021 13:00

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը՝ Թաթոսը, դափնիների պակաս չունի, սակայն ամենակարեւորը իր ժողովրդականությունն ու ճանաչում է: Թաթոսի գույներն ու բնապատկերներն անհնար է շփոթել այլ նկարչի վրձնածի հետ:

«Առավոտի» հետ զրույցում գեղանկարիչը նշեց, որ վերջերս Մոսկվայում ցուցահանդես է ունեցել, որը բավականին լավ է անցել: Հաջորդ տարի էլ նախատեսում է ցուցադրել իր նոր գործերը, իսկ հոկտեմբեր ամսվա դրությամբ այս տարի շուրջ 200 աշխատանք է նկարել: «Դա քիչ է իմ չափանիշներով, որովհետեւ եղել է տարի, որ 380-ից ավելի նկար եմ արել… Ես տարվա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բայց երբ բնությունը բարեհաճ է լինում, դուրս եմ գալիս ու գնում նկարելու:

Հենց լավ օր է լինում, տիկնոջս ասում եմ՝ հագնվիր, գնում ենք նկարելու: Բնության մեջ աշխատելիս հոգիդ խաղաղվում է, իսկ երբ նկարդ էլ ավարտում ես, դու քեզ պարգեւատրում ես…»,-ասում է վարպետը:
Ապա հավելում է. «Ես լույս եմ նկարում, մեկ էլ շատ եմ ուզում նկարներումս խինդ ու ուրախություն լինեն: Այսքան գունագեղ Հայաստան աշխարհում ո՞նց կարող ես գորշ լինել: Այն, ինչ տալիս է բնությունը, ուրիշ ոչ մի տեղ չես կարող ստանալ: Բնությունը հուշում է, ժպտում է, հետդ կիսվում է»:

Թաթոսն օրինակ է բերում՝ եթե Ջոկոնդայի նկարին ուրախությամբ ես նայում, ժպտում է, եթե տխուր ես, հետդ տխրում է. «Ապշելու բան է, միմիկայի շատ նուրբ տարրեր կան, որ ուրախությունն ու ժպիտը տեսնվում են: Նույնն էլ բնությունն է… Եթե ընկալման շնորհ ունես, բնության հետ սկսում ես երջանկանալ, փարթամանալ, քո ապրած պահերը բնությանը համահունչ են դառնում, իսկ եթե ազնիվ ես գտնվում քո անելիքի ու ասելիքի հանդեպ, դա արտահայտվում է նաեւ քո նկարներում»:

Պարզվեց՝ Հրանտ Թադեւոսյանը նաեւ քովիդն է նկարել: Ասում է. «Եթե չլիներ չարիքը, բարիքը երբեք չէր երեւա, բարին տեսնելու համար պիտի չարի հետ համեմատես… Քանի որ ապրում ենք ժամանակի մեջ, տառապում չարիքի պատճառով, դրա համար որոշեցի մարդկանց ինչ-որ ձեւով ցույց տալ այն, ինչն այնքանով է հորինվածքային, աբստրակտ, որքանով ուսումնասիրված է… Ինչպես ինքն է անհասկանալի, այդպես էլ նկարում եղած պատկերը: Մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ, որ դա երկրում ստեղծված ձեռագործ բան չէ»:

Հրանտ Թադեւոսյանն ասում է, որ չի հավատում մահին, նրա խոսքով՝ դժոխք կոչվածը հենց սա է, որ կա, իսկ լիարժեք երջանիկ մարդ չկա. «Հենց տեսնում ես շատ երջանիկ ես, վրա է հասնում ծերությունը, այդ երջանկությունը դառնում է զրոյի հավասար կամ մի հիվանդություն է կպնում: Դրա համար ապրում ենք այս ժամանակի մեջ եւ մեզ տրված հնարավոր պատկերացումների սահմաններում»:

Արդյոք իրեն հաջողա՞կ մարդ է համարում: Նկարիչը դրական է պատասխանում, ասում է, որ իրեն հաջողակ է համարում այն պատճառով, որ ամեն ինչի հասել է ինքնուրույն, չի քայլել ուրիշի բացած ճանապարհով. «Ոչ մեկը չի եղել, որ ինձ խորհուրդ տա, ուղղորդի, ես ծնվել եմ այդպիսին, եւ ինչ արել եմ, ինքս եմ մտածել, կազմակերպել, ինքս եմ եղել իմ գլխի տերը ու ես իմացել եմ, թե ոնց գնամ եւ ինչպես անեմ: Բոլոր կանոններով ապրել եմ` փողոցի, շրջապատի, ընկերական, սպորտային, անգամ ֆուտբոլիստ եմ եղել՝ Կաունասի բանակի ֆուտբոլի ակումբում եմ խաղացել, բոքսով եմ զբաղվել: Այնքան ժամանակ չէի խփում, մինչեւ ինձ չցավեցնեին… Կյանքում միշտ ապրել եմ նուրբ զգացականով, եղել եմ ճշտապահ, այդպես էլ իմ նկարչության մեջ եմ… Ի դեպ, ժամադրության գնալիս, եթե տղամարդ է, 5 րոպե ավել եմ սպասում, կանանց դեպքում 15 րոպե, հետո, որ տեսնում եմ՝ հեռվից գալիս են, թողնում, գնում եմ…»:

Հրանտ Թադեւոսյանն ասում է, որ բոլոր առումներով հավատում է իր ճակատագրին, ու ամեն ինչ ընդունում է՝ ինչպես կա. «Որ հիվանդանում էլ եմ, ասում եմ՝ ուրեմն մի անպետք բան արել եմ, սա դրա պատասխանն է… Ես 52 տարեկանում եմ Նկարիչների միության անդամ դարձել, տանում էի նկարներս, չար մարդիկ մինչեւ ժյուրիի նայելը՝ հանում, դնում էին մերժվածների մեջ: Եվ սա այն դեպքում, երբ ինստիտուտում միշտ մրցանակներ էի ստանում… Ու ինչքան շատ էին խանգարում, այնքան ավելի ամրանում էի, ավելի լավ էի նկարում… Հետո չեմ հշում, թե որերորդ ցուցահանդեսն էի բացում Ժուռնալիստների տանը, եկան Նկարիչների միությունից, նայեցին ու շատ հավանեցին: Դրանից առաջ մի քսան տարի չեմ աշխատել… 1968-88թթ. ոչ մի նկար չնկարեցի… Բայց հենց ցուցահանդեսը բացեցի, հաջորդ տարի 385 աշխատանք արեցի…

Էդուարդ Արծրունյանը եկավ նայեց, հարցրեց՝ ո՞ր երկրից ես, էս ինչ հրաշալի գործեր են: Ասացի՝ Երեւանում եմ անընդհատ եղել: Հարցրեց՝ Միության անդա՞մ ես: Ասացի՝ ոչ: Զարմացավ մարդը: Ասացի՝ անընդհատ դիմում եմ տալիս, չեք էլ նայում: Էլ ավելի զարմացավ: Ասաց՝ հենց հիմա դիմում գրի: Հրաժարվեցի… Իրենք դիմում գրեցին, իրենք երաշխավորեցին ու մի օր ասացին, որ Նկարիչների միության անդամ եմ:
Դրանից հետո Նկարիչների միությունում ցուցահանդես ունեցա, առաջին օրը հարյուր հոգի եկավ, հետո ութ հարյուր, հետո ավելի շատ ու էդտեղից սկսեց բումը… 2008 թ. ինձ Վաստակավորի կոչում տվին, 2014-ին էլ՝ Ժողովրդականի … Ասածս այն է, որ իմ ճանապարհը հարթ չի եղել»:

Հրանտ Թադեւոսյանին խնդրեցինք որոշ դրվագներ պատմել՝ հայտնի մարդկանց հետ հանդիպումներից, հատկապես, որ շփվել է իր նման վառ անհատականությունների հետ: Վահրամ Փափազյանին հիշեց, որին հյուրընկալվել էր մի հիսուն տարի առաջ վաղ առավոտյան, երբ շատ երիտասարդ էր. «Ասաց՝ տղաք, նստեք, ես ձեզ համար պետք է բաստուրմայով ձվածեղ պատրաստեմ: Այ մարդ, սարքեց՝ մի անմահական բան, ասում էր՝ կանգնիր, նայիր, քեզ պետք կգա, նաեւ մի բաժակ խմեցինք, թեեւ ինքը շատ չէր խմում»:
Համո Սահյանին էլ անդրադարձավ. «Մի անգամ էլ ես էի, Վլադիմիր Մսրյանը, Լեւոն Թուխիկյանը, Շչորս Դավթյանն էլ իր մեքենան տվել էր, որ մեզ տանի Համոյի գյուղը` Լոր: Երեքով նստած ենք հետեւում, Համոն առջեւում էր՝ ցիլոն գլխին: Մինչեւ Սիսիան գնացինք, դուրսը ծաղկունք, լավ եղանակ էր, բայց ոչ ոք ոչինչ չխոսեց, արդեն թեքվում էինք Սիսիան, մեկ էլ Համոն շրջվեց ու ասաց՝ տղերք, բայց ինչ լավ զրույց արեցինք չէ՞ (ժպտում է-Գ.Հ.)… Ասացի՝ Սահակիչ, մոտս օղի կա, դու էլ ձայն չես հանում, մենք էլ լռել ենք: Ասաց՝ դե բերեք խմենք: Ասացի՝ խմենք, բայց «զակուսկի» չկա: Ասաց՝ ստեղ կանգնի: Մեկ էլ Վլադիմիր Մսրյանին ասաց՝ Վովա, դու Պագանինի ես խաղացել, ողջ Հայաստանը քեզ ճանաչում է, ինչ ուզես, կտան, գնա մի բան գտի: Մսրյանը խնդրեց, որ իրեն միանամ:

Մոտեցանք մի տան, որտեղ մի տարիքով կին լվացք էր փռում, բարեւեցինք, ձայն չհանեց, ձեռքերը սրբեց, ավարտեց, նոր բարեւեց: Ասացի, մայրիկ ջան, այստեղ լավաշ վաճառող կա՞… Ասաց՝ բալիկ ջան, ողջ գյուղը վաճառում է, բայց տարել են շուկա: Հարցրեց՝ որքան է պետք: Ասացինք՝ երեք հատ, զարմացավ՝ մի՞թե երեք լավաշ կարելի է վաճառել: Ասացի՝ պարզապես օղի ունեինք, ուզում էինք մի բաժակ խմել, Համո Սահյանն էլ է մեզ հետ: Կինը ոգեւորվեց՝ վայ, մեր Համոն է, ու գնաց փաթաթած լավաշով ինչ-որ բան բերեց: Երբ այս մասին Համոն իմացավ, հպարտությունից քիթը տնկեց՝ «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի Մուրադի նման… Փաթեթի մեջ մի գլուխ սոխ էր, լավաշ: Համոն հպարտ-հպարտ ասաց՝ դե գնա Հոկտեմբերյան ու կանգնի գյուղի մեջ ու ասա՝ հաց տվեք…»:

Հրանտ Թադեւոսյանը ուշագրավ հուշեր ունի Երվանդ Քոչարի հետ կապված: Ասում է՝ երբ նա Վարդան Մամիկոնյանի արձանն էր կերտում, ինքը հաճախ էր գնում Քոչարի մոտ, օգնում նրան, մաեստրո բառը հենց Քոչարի արվեստանոցում է լսել՝ այդպես էին նրան դիմում. «Փիլիսոփա մարդ էր, ինձ ասում էր Բուլո ջան սա տուր, նա տուր, օգնում էի իրեն Թոխմախում՝ Մամիկոնյանի արձանը կերտելիս… Մի օր Խաչատուր Եսայանն ու Նաիրի Զարյանը եկան… Զարյանն ասաց՝ մաեստրո, ինչու ես ձիու գլուխն այդքան սուր արել: Քոչարը լավ հումոր ուներ, ասաց՝ Նաիրի ջան, եթե դու եւ Խաչատուր Եսայանը վազեք, Եսայանը քեզանից առաջ կանցնի, թեեւ ոտքի խնդիր ունի: Էդ ոնց՝ զարմացավ Զարյանը: Դե, ոնց ասեմ՝ Խաչատուր Եսայանի գլուխը սուր է, քոնը՝ ոչ, ինքը օդը ճեղքելով արագ կանցնի: Զարյանը նեղվեց՝ էհհհ, ինչ էլ օրինակ բերեցիր»:
Հրանտ Թադեւոսյանը հիշեց, որ իր արվեստանոց հաճախ Անդրանիկ Մարգարյանն էր գալիս. «Ասում էր՝ Հրո ջան, մի 15 րոպեով գամ, գալիս էր ու մինչեւ ուշ գիշեր մնում»:

Շիրազից ու Հենրիկ Սիրավյանից էլ դրվագներ պատմեց Թաթոսը, կրկին Քոչարին ու Գառզուին հիշեց: «Մի շրջան վարձով էի ապրում եղբորս հետ, կիսանկուղային բնակարան էր, ցածր առաստաղով: Մի անգամ Քոչարն ու Գառզուն եկան, դուռը շատ ցածր էր, միշտ կռացած էինք ներս մտնում: Քոչարն էլ բարձրահասակ չէր: Բայց երբ անցավ, ցիլոն գլխից ընկավ: Շրջվեց, ասաց՝ Բուլո ջան, վաղը բոլորին կասես, որ երբ Քոչարը մտավ տուն, գլուխը կպավ դռանը: Նկատի ուներ՝ իբր բարձրահասակ է (նորից ժպտում է- Գ.Հ.)… Մի նկար ունեմ՝ Մոսկվայի հայկական եկեղեցուն եմ նվիրել…

Աստիճանների վրա սրբեր են՝ Հայաստան աշխարհի մուտքն է: Սրբերը աստիճանի վրա են, ինչը նշանակում է, որ Հայաստան մտնելիս պետք է ոտքերը հանել, նոր մտնել՝ որպես սրբավայր: Քոչարն ու Գառզուն ֆրանսերեն էին խոսում նկարիս մասին, ես էլ մի քիչ հասկանում էի: Ասացի՝ մաեստրո, իզուր ես ուրիշերեն խոսում, մեկ է հասկանում եմ: Ժպտացին… Ասացին՝ ո՞նց է այս գաղափարը Եվրոպայի վրայից թռել ու հասել Հայաստան, հրաշալի աշխատանք է»,-նշեց Հրանտ Թադեւոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ

25.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031