Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արթուր ջան, մի՛ արեք, ոնց որ ես գնամ նյարդային վիրաբույժին ասեմ՝ լանցետդ այսպես բռնիր, չի՞ ասի՝ ա՛յ տղա, ս…ր եղի ստեղից». Լեւոն Բարսեղյանը՝ ՔՊ պատգամավորին

Հոկտեմբեր 20,2021 17:17

Երեկ ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու:

Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Պատգամավորը հայտարարեց, որ սրանով ուզում է առողջացնել լրատվական դաշտը:

Քանի որ նախագիծը լրատվամիջոցների հետ չի քննարկվել՝ Aravot.am-ը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ են այս փոփոխությունները նպաստելու դաշտի առողջացմանը: Նա պատասխանեց. «Առանց այդ կարգավորման էլ, եթե ԶԼՄ-ն ինչ-որ բան է հաղորդում իր անունից, ստացվում է իր անունից, որը զրպարտության կամ վիրավորանքի տակ է ընկնում, գործող օրենսդրությամբ ինքն է պատասխան տալու: Լրացուցիչ կարգավորումն իմաստ չունի: Առանց այս փոփոխության էլ, եթե որեւէ մեկը հայցվոր է դառնում ԶԼՄ-ի դեմ կամ կրկնում է ֆեյքի վիրավորանքը, ԶԼՄ-ն պիտի պատասխաներ, չէր կարող ասել՝ «Սերոժիկն է գրել իր էջում, ես հորս արեւ չեմ ճանաչում Սերոժիկին, եկեք ինձ պատասխանատվության մի ենթարկեք, գնացեք Սերոժիկին գտեք: Դատարանը էլի պատասխանող պիտի ճանաչեր ԶԼՄ-ին, կամ էլ ԶԼՄ-ն պետք է բերեր սկզբնաղբյուրը: Հիմա որոշել են ավելորդ ծանրաբեռնել: Եթե հիմա գործող օրենքով որեւէ մեկը ասի՝ Լեւոնը կաշառակեր է, որովհետեւ Ռեգինա Պռազյանը նման բան է ասել, ես ԶԼՄ-ին եմ դատի տալու, ես Ռեգինա Պռազյանին դատի չեմ տալու»:

Ըստ նրա, դաշտը կարգավորման կարիք ունի, բայց այս կարգավորումները, ինչպես եւ զրպարտության, վիրավորանքի համար տույժերը եռապատկել, պաշտոնյաների հասցեին վիրավորանքը քրեականացնել… դրանք շատ կարճաժամկետ էմոցիոնալ լուծումներ են:

Գործող օրենսդրությամբ ձեւակերպված չէր չնույնականացված աղբյուր հասկացությունը, հիմա արդեն սահմանվում է նախագծով: Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Այդ դեպքում ԶԼՄ-ն, որը նույնականացվող աղբյուր է, պատասխանատու է իր հրապարակումների համար: Եթե ինքը վիրավորանք, զրպարտություն է տպում անանուն աղբյուրից, ողջամիտ կանխավարկածով ինքն է պատասխանատու դրա համար: Ուրիշ բան, որ ինքը գիտի իրական աղբյուրը եւ որոշում է չբացահայտել: Դա արդեն դատարանով կարող է պարտավորեցվել: Բայց եթե մենք խոսում ենք փաստացի անանուն աղբյուրներից, մենք պիտի կանխավարկած ունենանք, որ ցանկացածն էլ կարող է ստեղծել անանուն աղբյուր: ԶԼՄ-ն 3 հատ «Ռեգինա Պռազյան» է արտադրում, դրանով տարածում է իր եղած-չեղածը, վերցնում արտատպում է ու հետո ասում՝ ես մեղք չունեմ, ախպեր, Ռեգինան էր: ԶԼՄ-ն ինքը պիտի լինի պատասխանատուն»:

Հարցին՝ այսինքն, նորմա՞լ է, որ այդ կարգավորումը լինի՝ Բարսեղյանը պատասխանեց. «Ոչ, դրա կարիքը չկա: Ռեպրեսիվ մեթոդները կարճաժամկետ եւ էմոցիոնալ պոռթկումների արդյունք են: Հետո անցնելու է ժամանակ, ասեն՝ չօգնեց»:

Արթուր Հովհաննիսյանը հայտարարում է, որ ուզում է առողջացնել լրատվական դաշտը, որ գործ չունենան ԶԼՄ-ների անբարեխղճության հետ՝ Լեւոն Բարսեղյանն արձագանքեց. «Արթուր Հովհաննիսյանը բավականաչափ սահմանափակ գիտելիքներ ունի՝ նման բաները կարգավորելու համար: Չի կարելի կարգավորել անկարգավորելին: Եթե զրպարտություն ու վիրավորանք է, հայտնի է աղբյուրը, դրա դեմ պիտի հայց լինի, եթե մարդը նեղված է: 3 լուծում կա՝ կարող է շան տեղ չդնել, անտեսել, կարող է պատասխան տալ ինչ-որ մի ձեւ՝ խաթրով, առանց խաթր, քֆուրով եւ այլն, երրորդը դատարանն է: Ուրիշ մեխանիզմ ժողովրդավարական հասարակությունը չի հորինել: Այս դեպքերում իմաստ չունի լուծել այն, ինչ մարդկությունը դեռ չի հորինել: Այս խոսակցությունը եղել է նաեւ Դավիթ Հարությունյանի հետ՝ ֆեյքերի դեմ օրինագծի քննարկման ժամանակ: Բացատրեցինք, որ բամբասանքը չեք կարող կարգավորել, ա՛յ ժողովուրդ ջան: Եթե նման ռեպրեսիվ բան լինի, սաղ ֆեյքերով սկսելու են հայհոյել, ֆեյսբուքում ղժժոց ու տժժոց է լինելու, քրֆելու են էլ դու սուս: Դե գնա նույնականացրու: Այդ տղան եւ իր համախոհները պարապ են մնացել»:

Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվետվություն չներկայացրած ու չնույնականացված ԶԼՄ-ին պետական մարմիններում չհավատարմագրելուն, Լեւոն Բարսեղյանն ասաց. «Այդ դեպքերում ողջամտությունը սա է հուշում. եթե պետությունը ԶԼՄ-ին համարում է ԶԼՄ՝ անկախ նրանից, թե ինչ պարտքեր ունի, տուգանքի է ենթարկվել, չի ենթարկվել, քանի դեռ համարվում է իր մոտ գրանցված ԶԼՄ, քանի դեռ համապատասխանում է «ԶԼՄ-ների մասին» օրենքով ԶԼՄ-ին ներկայացվող պահանջներին, չի կարող ինքը զրկվել ԶԼՄ-ի իրավունքներից: Եթե ԶԼՄ-ն եկամտահարկ չի մուծել, չեն կարող դրա դեմ մոգոնվել արհեստական ինչ-որ խոչընդոտներ: Ես հակված եմ ու ուզում եմ, որ ԶԼՄ-ների սեփականատերերը բաց ու թափանցիկ լինեն: Պետություն, ջանքեր դիր, թափանցիկություն ապահովիր, բայց դա մեխանիզմ չի: Հիմա ԶԼՄ-ները այդ դեպքում ի՞նչ են անելու. օրինակ, եթե «Ասպարեզը» չգրանցեն ֆինանսական հաշվետվություն չտալու համար, մյուս առավոտ ես գրանցելու եմ «Չասպարեզ», կամ «Ասպարեզ +», կամ «Հանդուգն Ասպարեզ» եւ ասելու եմ՝ դավայ հավատարմագրիր, հլը տարին չի լրացել, որ ես հաշվետվություն տամ: Շրջանցեցինք, չէ՞: Այսինքն, մարդկային միտքը այդքան սնանկ լինել չի կարող: Ոտքի վրա արդեն լուծումներ գտանք այդ ախմախ բաների դեմ: Դա նման է, որ մարդը գնում է իր մասին տեղեկանք վերցնելու, ասում են՝ զիբիլի վարձը չես տվել: Մարդու այն իրավունքը ի՞նչ կապ ունի այս պարտականության հետ: Հիմա այստեղ նույնն է:

Եթե պետությունը ընդունում է ԶԼՄ, իրավունքների դեմ ելնել չի կարող: Խախտո՞ւմ է արել ՝պատասխանատվության ենթարկիր, կամ էլ պիտի օրենքով սահմանես, որ եթե ԶԼՄ-ն հաշվետվություն չի ներկայացնում, դու դադարեցնում ես իր գործունեությունը դատարանի վճռով: Այդ ժամանակ բնական է, էլ հավատարմագրելու կարիք չի լինի: Սա է ողջամիտ լուծում, եթե այդպես ես ուզում անել: Իհարկե, դա անելու բան չէ: Հարցեր են առաջանում՝ այդ ԶԼՄ-ն ի՞նչ հեռավորության վրա պետք է լինի դեղին ժապավենից, եթե այդտեղ կա պաշտոնյա: Եթե իրենք խորհրդակցեին ոլորտի մասնագետների հետ, իրենք այդքան անհեթեթ բաներ չէին անի արդեն 2 տարի է:

Ես նույնիսկ չեմ ուզում դրանք որակել քայլեր՝ ժողովրդավարության դեմ, այստեղ դիտավորություն չկա: Նախկինում, որ անում էին, ժողովրդավարության դեմ հատուկ, նպատակային դիտավորությամբ օրենքներ էին ընդունում, այս դեպքում տգիտությունն ավելի մեծ պատճառ է: Ինչ-որ բան ուզում են մոգոնել: Արթուր ջան, մի՛ արեք: Ոնց որ ես գնամ նյարդային վիրաբույժին ասեմ՝ լանցետդ այսպես բռնիր, չի՞ ասի՝ ա՛յ տղա, ս…ր եղի ստեղից: Կասի, չէ՞: Ո՞ւմ ես հարցրել, ո՞ւմ հետ ես զրուցել: Հա, լրագրող ես աշխատել: 20-30, 50 տարի աշխատած լրագրողներ կան, մի հատ խորհրդակցիր հետները, ախպեր, չե՛նք ասում մեր ասածով արա, տես ինչ սողանցքեր են մնում: Այնքան պատմեմ, ասես՝ արա, էս ինչ ախմախ բաներ եմ գրել, սպասի ճղեմ գցեմ, քանի շատ մարդ չի իմացել, ջրի երես չհանեմ, չերեւա: Դրանք լուծումներ չեն, արդյունավետ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031