Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրանական բեռնատարներն առանց Ադրբեջանի օգնության Եվրասիա կհասնեն». Իրանի մամուլը Հայաստանի և տարածաշրջանի մասին

Հոկտեմբեր 14,2021 16:50

(14 հոկտեմբերի տեսություն)

*** «Ալիևն ինքն իրեն պատժում է»

Իրանի «Վաթան Էմրուզ» օրաթերթն իր այսօրվա ակնարկն այսպես է վերնագրել: Թերթը ակնարկում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցելությունը: Հոդվածագիրը քննարկում է Հյուսիս-Հարավ ճանապարհի հարցը և Հնդկաստանի առաջարկը՝ Իրանի Չահբահար նավահանգստից օգտվելու համար: Ադրբեջանը սերտ կապեր ունի Հնդկաստանի ախոյան Պակիստանի հետ, նրա և Թուրքիայի հետ կատարել է զորավարժություն և պաշտպանում է Քեշմիրի անջատողականներին. Դելին էլ ակտիվացնում է իր կապերը Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի հետ, փորձում է իր կապերն աշխուժացնել նաև Չինաստանի և Աֆղանստանի հետ: Հնդկաստանի օգնությամբ Իրանի Չահբահար նավահանգստի բարգավաճման ծրագրի հիմքը դրվել է 2015 թվականին, վարչապետ Նարենդրա Մուդիի Թեհրան կատարած այցելության ժամանակ: Հնդկաստանը՝ Իրանի և Ռուսաստանի հետ ևս 2002 թվականին կնքել է Հյուսիս-Հարավ բազմապրոֆիլ ճանապարհ հիմնելու համաձայնագիրը: Աֆղանստանի կայունությունը ևս Իրանի և Հնդկաստանի շահերից է բխում, իսկ Հնդկաստան- Իրան-Հայաստան կապերի սերտացումը կչեզոքացնի Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել տարածաշրջանային դավերը, կօգնի Հայաստանի տնտեսության հզորացման և կհանգեցնի Ալիևի «ինքնապատժման»:

*** «Իրանական բեռնատարներն առանց Ադրբեջանի օգնության Եվրասիա կհասնեն».

Այս կարծիքին է Իրան-Հայաստան պալատի նախագահ հայազգի Հերվիկ Յարիջանյանը, որը հարցազրույց է տվել ԻՍՆԱ- ISNA գործակալությանը և արտատպվել է «Քեյհան» օրաթերթի այսօրվա համարում: Նա նկարագրել է, որ Ադրբեջանն այժմ յուրաքանչյուր անգամ՝ երթ ու դարձին, իրանական ավտոների վարորդներից գանձում է 130$, որը բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը: Հայաստանը շուտով ավարտին կհասցնի իր այլընտրանքային ճանապարհը, որով իրանական ավտոները ուղղակի կերպով կմտնեն Եվրասիայի շուկա և կշրջանցեն Ադրբեջանին: Իրանը խոստացել է նաև օժանդակել այդ ճանապարհի ընդարձակման և բարեկարգման գործում: Իրանի ճանապարհաշինական ընկերությունները կմասնակցեն նաև Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի կառուցման միջազգային մրցույթին. Հայաստանի կառավարությունը մեկ միլիարդ դոլար է հատկացրել այդ աշխատանքի համար, որի ավարտից հետո Մեղրիից Երևան կարելի է հասնել չորս ժամվա ընթացքում: Նա Իրան-Հայաստան այս տարվա ապրանքաշրջանառությունը մինչ այժմ գնահատել է 200 միլիոն ԱՄՆ դոլար և հույս է հայտնել, որ բարեկարգ ճանապարհներ լինելու դեպքում այդ թվերը կաճեն:

*** «Էրդողան-ԻԼԻՊ,ԴԱԻՇ համագործակցության սկանդալ».

«Խորասան» օրաթերթն այս վերնագրով իր այսօրվա համարում քննադատում է Թուրքիայի նախագահին, որը «քանի հազար դաիշական և Ալղաիդա խմբի տեռորիստներ է ուղարկել Ադրբեջան, որոնք մասնակցեցին նաև Ղարաբաղի պատերազմին… այս վարձկանները Սիրիայի, Իրաքի և Հայաստանի քաղաքացիների մահվան պատճառ են դարձել: Էրդողանի և վարձկանների համագործակցությունը մերկացրեց նաև Թուրքիայի Ջոմհուրիեթ օրաթերթի նախկին խմբագիրը և հայտնեց, որ 2015 թվականից Անկարան է ապահովել ԻԼԻՊ-ԴԱԻՇ-ի զինամթերքն ու անհրաժեշտ վառելիքը: Նա դրա համար բանտարկվեց, իսկ հիմա էլ նոր սկանդալ է հասունանում. Եվրոմիության տեղեկատվական զեկույցը փաստում է, որ վարձկանների ինքնասպան ջոկատը 2015 թվականին հենց Էրդողանի հրահանգով է պայթեցրել Թուրքիայի ընդդիմության ցույցը:

*** «Արդյոք Ասիայի արևմուտքի գեոպոլիտիկան փոխվո՞ւմ է».

«Աֆթաբ Յազդ»-ի մեկնաբանն է հարցնում և կարծում է, որ ԱՄՆ-ն Իրանի արևելքում նոր դեր է վերապահել Պակիստանի համար և ակնկալում է, որ հյուսիս-արևելքի Ադրբեջանի նման մասնակցի Իրանի շրջափակմանը: ԱՄՆ-ն իր զորքերը հանեց Աֆղանստանից և հիմա պատրաստվում է դուրս գալ նաև Իրաքից. մինչ այդ՝ Ասիայի արևմուտքում ուժերի վերադասավորում է ընթանում և նոր դերեր են բախշվում Չինաստանին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին ու նաև համախոհ կամ արբանյակ երկրներին: Իրանի ազդեցությունը պակասում է Սիրիայում, հիմա նաև Իրաքում. ամերիկացիները սաուդիների օգնությամբ փորձում են զարկ տալ Իրաքի արաբականացման և նրանց հեռացնել շիական ակունքներից, որը հարված է Իրանին: Նոր դերաբախշման մեջ Չինաստանի դերը հզորանում է Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում. Հնդկաստանը մնում է որպես ԱՄՆ զինակից: Հոդվածագրի կարծիքով Իրանը չպետք է հարի որևէ կողմին, այլ պետք է լավ հարաբերություններ մշակի բոլոր կողմերի հետ:

*** «Իրանի մեղադրանքները պատրվակ են».

«Էբթեքար» օրաթերթը մեջբերել է իտալական «Ռիպաբլիկա» թերթին տված Ալիևի նախադասությունը և քննադատել է նրան: Ալիևը այդ թերթին հայտնել է, որ իսրայելական ուժերի ներկայությունը Իրանի սահմանի մոտ իրականություն չունի: Նաև Իրանին նախապես ասվել էր, որ իրենց բեռնատար ավտոներն անօրինական կերպով մտնում են Ղարաբաղի տարածք և պետք է վերջ տրվի այդ անօրինականությանը:

*** «Հարավային Կովկասի էսկալացիան և ապագա հեռանկարը».

«Քեյհան» օրաթերթի սյունակագիր Մանսուր Մաջեդին այս վերնագրով հոդվածում հայտնում է, որ Ադրբեջանը աշխարհի երկրորդ մեծ շիական երկիրն է՝ պատմական Իրանի մաս, այժմ Իսրայելի ներկայության ու նաև Թուրքիայի ազդեցության պատճառով վտանգում է Իրանի տարածաշրջանային շահերը և Իրանը պարտավոր է դիմակայել այդ վտանգները: Նա ներկայացնում է էսկալացիայի պատմությունը՝ սկսած սեպտեմբեր ամսից, երբ ադրբեջանցիք իրանցի բեռնափոխադրողներից սկսեցին մաքսատուրք գանձել. դրան նախորդել էր Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան կասպյան «եռաեղբայր» զորավարժությունները: Սա ինքնին Կասպից Ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի խախտում էր, քանի որ զորավարժության մասնակցում էին Ծովին չհարող երկրներ: Ապա վրա հասավ Իրանի հյուսիս-արևմտյան զորավարժությունը: Իրանն այս զորավարժությամբ ի դերև հանեց նաև Ադրբեջան-Թուրքիա ծրագիրը Հայաստանի Սյունիք նահանգը գրավելու կապակցությամբ: Հեղինակի կարծիքով՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, ինչպես՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ներկայությունը, անվտանգային սպառնալիքները իր բարձրակետին է հասցում:

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031