Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց պատերազմի հետեւանքների ու այն մասին, թե ինչպես են իշխանությունները մեղադրում բոլորին՝ զինվորին, կամավորականին, հրամանատարին, բացի գիտակցելուց Նիկոլ Փաշինյանի մեղքը. «Սխալվում, կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այս պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել: Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018-ին՝ հայտնի իրադարձություններից հետո: Դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական նախապատրաստության եւ ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակտումները եւ ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի նախապատրաստելը»:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ մեկուսացված չեն. «ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի: Ինձ համար կարեւոր չէ, թե իշխանությունը պարտության պատասխանատվությունն ում վրա է փորձում գցել, ինձ համար կարեւոր է, որ նշածս մարդկանց անվտանգությունն ապահովված լինի, որովհետեւ իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու իրականությունը, ինչուների պատասխանը, ինչն այսօր այս իշխանության պարագայում գրեթե բացառելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ