ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չգիտե, թե ինչպե՞ս է պատահել, որ Բաքվից Երեւան եկող ինքնաթիռը ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերեւարված անձանց խոշտանգված մարմիններ:
Այսօր խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը եւ պարզաբանում կներկայացնի:
Հիշեցնենք, ամիսներ առաջ, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց Բաքվից Երեւան եկող ինքնաթիռի մասին, որ գերեվարված անձանց է տեղափոխելու Հայաստան: Ավելի ուշ, պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է եկել: Օրերս, «Հետք» պարբերականը հոդված հրապարակեց, որտեղ մայրը պատմում է իր որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երեւան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը ասվեց, թե դատարկ է եկել Երեւան:
Դավիթ Տոնոյանի կալանավորման մասին հարցին Անդրանիկ Քոչարյանը շատ մանրամասների մեջ չմտավ՝ միայն ասաց, որ բանակից կոռուպցիան պետք է իսպառ բացառվի: Նա կրկին քար նետեց նախկին իշխանության կողմը՝ մեղադրելով նրանց թալանի մեջ ու կրկնեց իր հայտնի թեզը, որ յուրաքանչյուր դղյակի, յուրաքանչյուր քարի մեջ մի զինվորի ճակատագիր է: Արձագանքելով նրան, որ ըստ մեղադրանքի, Դավիթ Տոնոյանին մեղսագրվողը վերաբերում է ներկա իշխանության գործունեության շրջանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ նախաքննական մարմինը մեղադրանք է ներկայացրել, թող այն հետագայում պաշտպանի:
Կարդացեք նաև
Իշխանական պատգամավորը չհամաձայնեց դիտարկման հետ, որ Դավիթ Տոնոյանը քավության նոխազ է ընտրվել պատերազմից հետո: Ասաց, որ բանակի կառավարման խնդիր է՝ ՊՆ-ԳՇ հարաբերությունների համատեքստում, եւ այս հարցերը նույնպես տեղ են գտնելու 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի օրակարգում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ