Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Մուշեղ Շուշանյանի դեմ՝ Փաշինյանի լուսանկարի ներքո վիրավորական գրառում անելու համար

Հոկտեմբեր 01,2021 12:15

Թեեւ միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն իսկ քննադատել է Հայաստանի իշխանությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար 2 քրեական գործեր հարուցելու համար՝ նյութեր են նախապատրաստվում եւս մի նման գործ հարուցելու:

«Առավոտին» հայտնի դարձավ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ Մուշեղ Շուշանյանը Ֆեյսբուք սոց.ցանցի իր էջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Շուշանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Մուշեղ Շուշանյան

Ըստ ամենայնի՝ խոսքը փաստաբան Մուշեղ Շուշանյանի մասին է, որի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն: Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքն է․ «Նա, հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված լինելով օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային՝ իր «հետևորդների», «ընկերների» և կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը, մասնավորապես 2020 թվականի դեկտեմբերի 13-ին իր հիշյալ կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը, «Կիկոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ՝ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիկոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատար ածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն՝ նրա ու նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան և արդար», ինչպես նաև 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կրկին նույն կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը. «Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամենաիսկական թուրքը: Նա վտանգավոր է, քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը: Սա թուրքերի կողմից ներդրված «ական» է՝ Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու և հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի այս ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրեք սրան, Հայեր»՝ նշված կոչի ներքևի հատվածում տեղադրելով ՀՀ վարչապետի նկարը»:

Փաստաբանի նկատմամբ խափանման միջոց է կիրառված քաղաքից չբացակայելու ստորագրությունը եւ նա դատարանում միջնորդել է կալանավորել իրեն, ու «Հրապարակին» տված հարցազրույցում էլ ասել է. «Ուզում են էս գործով դատեն, դատապարտեն, ուզում են ևս մի քանի գործ հարուցեն, իմ համոզմունքն է դա, որ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը ազգային և պետական դավաճան է, պայմանավորված պատերազմի է գնացել մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու նպատակով, թշնամու հետ գործարքի մեջ է գտնվել, կոլաբորանտ է ինքը, այսինքն՝ գործում է ի շահ թշնամու։ Դա իմ համոզմունքն է, և որևէ մեկը որևէ միջոցով, քրեական հետապնդումներով և այլն, չի կարող ինձ լռեցնել, արգելել, որ ես իմ համոզմունքները ըստ անհրաժեշտության հրապարակայնացնեմ»:

Հիշեցնենք, որ Freedom House-ը մինչ այս հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Հայտարարության մեջ ասվում է. «Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։ Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»:

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել է, թե կազմակերպությունը մոլորության մեջ է ու չի հասկացել այդ հոդվածի բովանդակությունը. «Միջազգային կազմակերպությանը մոլորության մեջ են գցել, որովհետև Հայաստանում քրեականացվել է հայհոյանքը, անձի արժանապատվությունը նվաստացնելը»:

Փաշինյանի թիմակիցը, որը նաև այս օրենքի համահեղինակն է, միջազգային հեղինակավոր կազմակերպության համար բացատրել է՝ «Ծանր վիրավորանք» վերնագրով հոդվածը ոչ թե վիրավորանքը, այլ հայհոյանքը քրեականացնելու մասին է։ Իսկ դա, ըստ նրա, ընդունված է զարգացած երկրներում:

«Freedom House-ի հորդորը կապ չունի այն օրենքի հետ, որի դեմ ուղղված է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքը չի քրեականացվել: Մեզ ասել, որ ինչո՞ւ եք անում, դա նույն է, թե, այսինքն` հնարավորություն չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա իրավական երկիր», – հայտարարել է Հովակիմյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031