Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շոու մի սարքեք…Դատավորն իրավունք ունի ունենալ սեփական գույք». Դատավոր Խանդանյանը՝ 2,5 մլն արժողությամբ բիզնես ընկերության բաժնետոմս գնելու մասին

Սեպտեմբեր 30,2021 21:44

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Մասնավորապես, ինչպես դատարանում ներկայացվեց, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։

Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանն ասաց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարողանում հիմնավորել, ստեղծել է բաբելոնյան խառնաշփոթ դատական համակարգում. «Հանձնաժողովը Գագիկ Խանդանյանին ի՞նչ արարքներ է վերագրում ու ի՞նչ որակումներ է տալիս: Հանձնաժողովը երկու դեպք ունի, որով պաշտոնների անհամատեղելիության վերաբերյալ եզրակացություն է տվել: Մեկը Գագիկ Ծառուկյանի գործով է, մյուսը՝ Գագիկ Խանդանյանի. վերցրեք եզրափակիչ մասերը համեմատեք՝ հանձնաժողովն առ այսօր չի կողմնորոշվել, թե արարքները մեղսագրվելու ի՞նչ ձեւաչափեր են օգտագործելու: Այս նիստն ապացուցեց, որ հանձնաժողովը չունի դեռեւս հստակ պատկերացում իր իսկ կողմից կիրառման ենթակա օրենքի ընկալման վերաբերյալ: Եկել է այստեղ, ուզում է փորձարկումներ անի, թե այս նորմը մենք ինչպե՞ս պետք է հասկանանք, ԲԴԽ, դուք էլ եկեք մեզ օգնեք: Ու դա անում են պետական ապարատի ինքնավարություն պահանջող ամենաբարձր մարմնի դատավորի նկատմամբ: Այդ փորձարկումները կարելի էր անել ուրիշ տեղեր քաղաքական կամ հայեցողական պաշտոնի պարագայում, ոչ թե գալ ու ձեր կոլեգիալ մարմնի չպարզաբանված հարցերը պարզաբանել: Վերագրվում է 3 կետի խախտում, ո՞ր փաստերն են դրա տակ»:

Նա մի հարցադրում էլ հնչեցրեց՝ եթե դատավորը ժառանգություն ստանար բաժնեմաս, ի՞նչ էր անելու դա, պարտավորեցվելու էր օտարե՞լ բաժնեմասը:

Խանդանյանի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանն էլ ասաց, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեպքում հանձնաժողովը այլ դիրքորոշում ուներ:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հորդորեց կարդալ դատավորի վարքագծի կանոնները, կարդալ իր կարգավիճակից բխող միջազգային այն սկզբունքները, որով պարտավոր է առաջնորդվել արդարադատության շահը սպասարկող անձը «Ձեզ հարց տվեք՝ արդյոք դատավորը, որը ձեռք է բերում 2,5 մլն դոլար արժողությամբ բիզնես ու պաշտոնավարման ժամանակ ունենում է դրա կառավարման հնարավորություն, ձեզ համար ընդունելի՞ է: Մասնագիտական ինչ մանիպուլյացիաների էլ փորձեք տրվել, փաստ է եւ արարքը հստակության կարիք չունի: Մի՛ վկայակոչեք փաստեր, որոնք իրականության հետ աղերսներ չունեն»:

Տեղից միջամտեց Խանդանյանը. «Ասեք ինչի՞ մասին է խոսքը, շոու մի՛ սարքեք ստեղ»: Խանդանյանը պատասխանեց Հարությունյանի հարցին՝ թույլատրելի՞ է համարում, որ Վերաքննիչի դատավորը ձեռք բերի ի պաշտոնե բիզնես. «Այո, թույլատրելի եմ համարում, որովհետեւ դատավորն իրավունք ունի ունենալ սեփական գույք: Այն ցանկությունը, որ ես ուզեցել եմ ունենալ, դա չի նշանակում, որ դուք պետք է նման հարց բարձրացնեիք: Եթե չլիներ 2 մլն, այլ լիներ 200 հազար, դուք կներկայացնեի՞ք: Իհարկե, կներկայացնեիք, որովհետեւ ձեզ պետք էր ներկայացնել: Դուք ասում եք, բայց չգիտեք դատավորի վարքագծի կանոնների մեջ ի՞նչ է գրված»:

Պատասխանելով ԲԴԽ անդամների հարցերին՝ Խանդանյանն ասաց, որ ինքը բիզնես ձեռք չի բերել, այլ՝ անշարժ գույք է դիտարկել բաժնեմասը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930