Լրահոս
Օրվա լրահոսը

Շահե Աճեմյան. «Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը թասիբը կորցրել է»

Սեպտեմբեր 21,2021 13:45

Երեկ մի քանի տասնյակ քաղաքացիներ կառավարության շենքի առջեւ շարունակում էին բողոքի խաղաղ ցույց եւ մոմավառություն անցկացնել ընդդեմ վաղը Հանրապետության հրապարակում նախատեսվող գունագեղ տոնակատարության:

Ազատամարտիկ Շահե Աճեմյանը, որ ծնվել է Բեյրութում, 20 տարի ապրել ԱՄՆ-ում, 1999 թվականից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում եւ Արցախյան երեք պատերազմների մասնակից է, չի հասկանում, թե ինչպես է հասարակությունը իր իսկ ողբերգության նկատմամբ դարձել այսքան անտարբեր եւ դուրս չի գալիս փողոցային պայքարի: Aravot.am-ին ասաց. «Իսկապես, չգիտեմ՝ ինչ ասել: Քչաթիվ մարդկանցից եմ, որ դեռ 2018-ի ապրիլից ահազանգ եմ հնչեցրել, խոսել, բացատրել: Ու, ցավոք, ասես, մարգարեություն, ինչ ասել եմ՝ ամենը եղել է: Այս բոլոր դավադրությունները շարժանկարի նման աչքիս առջեւ են: Բայց երբեք չէի պատկերացնի, որ Արցախի հանձնումից ետք, կանցնեն Հայաստանի հանձնմանը: Դավադրությունը շարունակվում է, եւ թունելի վերջում լույս առայժմ չի երեւում: Իսկ ժողովուրդը անտարբեր է: Երեւի նրա համար, որ այդ ժողովրդի մեծամասնությունը Արցախում չի եղել, Սյունիքում չի եղել, պատերազմ չի տեսել: Պատերազմ պատկերացնելը մի բան է, պատերազմը սեփական մաշկի վրա զգալը՝ մի այլ բան: Երեւի պետք է՝ մի երկու ռումբ ընկնի Երեւանի գլխին կամ շատ անցանկալի մի բան պատահի, որպեսզի ժողովուրդը զգաստանա:

Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը թասիբը կորցրել է կամ շատ վիրավորված է չգիտեմ ինչից: Երեւի ժողովուրդը ուզում է տեսնել իսկական ղեկավար, որը կիջնի փողոց եւ իրեն կհետեւի:

Այստեղ՝ կառավարության շենքի առջեւ, գունագեղ տոնակատարության փորձի մասնակիցների հարեւանությամբ բողոքի, անհամաձայնության շարժումը կազմակերպել է երիտասարդությունը: Ես որպես ավագ ընկեր պարտականություն եմ զգում՝ կանգնել երիտասարդների կողքը, քաջալերել նրանց: Հավատում եմ, որ մեծ հրդեհները այսպիսի կայծերից ու կրակներից են բռնկվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930