Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանն այսօր կդառնար 32 տարեկան:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Նարեկ Մեսրոպյանին նվիրված հուշ-ցերեկույթ։
Այն վարում էր Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի եւ 5-րդ ալիքի Արցախի թղթակից Ծովինար Բարխուդարյանը:
Կարդացեք նաև
Ներկա էին Նարեկ Մեսրոպյանի հարազատները, ընկերները: Ցուցադրվեց մայորի մարդկային նկարագրին, գործունեությանը նվիրված ֆիլմ: Ելույթ ունեցան ԱՀ վաստակավոր արտիստ Սիմոն Սարգսյանը, Արցախի Մռակաց պետական կամերային երգչախմբի մենակատարներ, Տիգրան Քախվեջյանը և այլք:
Մայոր Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989-ին՝ Ստեփանակերտում: Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին: Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքը՝ նա պարգևատրվել է Արիության մեդալով: 44-օրյա պատերազմի լուրը ստանալով՝ Նարեկ Մեսրոպյանը 2020-ին կամավոր մեկնեց Արցախ:
Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Մեսրոպյանի քույրը՝ Դիանա Մեսրոպյանը պատմեց՝ եղբորն ամենից շատ բնորոշ էր համեստությունը. «Նարեկն իրականում բազմակողմանի զարգացած մարդ էր: Փոքր տարիքից երգում էր, դերասան էր, ասմունքում էր, դաշնակահար էր: Այդ բոլոր բնագավառներում էլ լուրջ հաջողություններ է ունեցել, բայց փոքրուց էլ ասում էր՝ ուզում է բժիշկ դառնալ: Այդ ունակություններով հանդերձ եղբայրս չափազանց համեստ էր, երբեք ոչ մեկին ցույց չէր տալիս իր՝ այդքան բազմակողմանի զարգացած լինելը: Չափից դուրս համեստ էր, թեկուզ պատերազմում իր կատարած հերոսությունների մասին միշտ իր մարտական ընկերներից էինք լսում»:
Արցախյան 44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես՝ որպես կամավոր Նարեկ Մեսրոպյանը շտապել է Արցախ: Հոկտեմբերի 11-ին՝ Աղդամի ճանապարհին վիրավոր զինվորներին օգնության հասնելու ճանապարհին հրետակոծություն ժամանակ մայորը վիրավորում է ստացել, նրան տեղափոխել են Երևան, որից մեկ շաբաթ հետո չկարողանալով հաղթահարել վիրավորումը՝ բռնել է հավերժի ճամփան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ