Երկուշաբթի օր՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել․ մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի դեմ։ Նշենք, որ «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Պարզվում է՝ երիտասարդն այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում, այլ քաղաքական հայացքներ ունի և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։
Այսօր «Ազգային արժեք» ակումբի անդամները «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։
«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը պատմեց, որ իրենք հյուրընկալվել են Գյումրու հեռուստաընկերություններից մեկում, այնուհետ այդ տեսանյութը տեղադրել են «Ազգային արժեք»-ի ֆեյսբուքյան էջում։ Մի երիտասարդ վիրավորանքներ է գրել և երբ ակումբի անդամները պարզել են, որ նա ֆեյք չէ, այլ իրական անձ է, փորձել են հանդիպել ու հասկանալ, թե ինչն է պատճառը։
Կարդացեք նաև
Ըստ Վարդան Սրտաշյանի, նրա հեռախոսահամարը գտել են, զանգահարել են ու ամենատեսանելի տարածքում՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի դիմաց որոշել են նրա հետ հանդիպել։ Արմեն Ներսիսյանը, որը Շիրակի պետական համալսարանի դասախոս է, մտածել է զրուցի երիտասարդի հետ, հարթի խնդիրը, որպեսզի վերջինս որպես գործելաոճ՝ չընտրի հայհոյանքն ու վիրավորական արտահայտությունները։ Երիտասարդը, որը հեռախոսով արդեն իսկ հայտարարել էր, որ «ինչ գրել է, լավ է արել, ատում է իրենց քաղաքական հայացքները», գալով տնտեսագիտական համալսարանի դիմաց ու մեքենայից իջնելով՝ միանգամից կացնահարել է Արմեն Ներսիսյանին։
Կացնով վնասել է Արմեն Ներսիսյանի ձեռքը (տես լուսանկարում), այդ պահին վրա են հասել «Ազգային արժեք» ակումբի անդամները, միջամտել, այլապես ողբերգական ավարտ կունենար։
Ապշեցնողն այն է, որ երիտասարդը կացնով վրա հասնելու պահը տեսանկարահանելն անձամբ է նախաձեռնել ու տարածել է համացանցում՝ հատկապես «Ազգային արժեքի» էջերի տակ։
Այս մասին ասաց Արմեն Ներսիսյանը։
«Սա քաղաքական կոչվող դաշտի պատկերն է, որն այսօր արտահայտվում է ծեծկռտուքներով, , մուրճով, ասֆալտին փռելով և այլն։ Ըստ էության, սա տեսակի կռիվ է արդեն դառնում, որովհետև բազմիցս շեշտել ենք՝ եթե այս ուղղությամբ էինք գնում, մենք հաստատելու ենք անարժեքային դիկտատուրա։ Եվ կարծես թե արդեն այդ դիկտատուրայի պահպաններն են ի հայտ գալիս», -մտահոգված է Արմեն Ներսիսյանը։
Մանրամասները տեսանյութում՝
Լուսանկարները՝ «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ