Մեր տեղեկություններով, նախորդ օրը միջադեպ է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու մասնակցությամբ։ Այս անգամ միջադեպը կապված է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության տեսուչներից մեկին սպառնալու հետ։
Ըստ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերի, միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նախորդ օրը՝ երեկոյան ժամը 23.00-23.15-ի սահմաններում, 3-4 տղամարդու հետ այցելել է Գյումրու Հակոբյան փողոցի տներից մեկը, թակել է տան դարպասը, ներս մտել բակ ու հրելով թոշակառու տանտիրուհուն, ասել՝ «էս տանը մի հատ «մուսր» տեսուչ կա ապրող, ով իմ վրայով բան է գրել, պիտի տեսնեմ իրեն»։
Ոստիկաններն այս միջադեպի հետքերով՝ դիմումի հիման վրա, օգոստոսի 18-ին ժամը 00.35-ին այցելել են Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տուն, որպեսզի պարզաբանումներ կատարեն։ Սակայն Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, տան 2-րդ հարկի պատուհանից պատասխանել է, որ չի ցանկանում դուռը բացել, քանի որ ուշ ժամ է։
Նույն օրը ժամը 12.59-ին Ղուկասյանների տուն այցելած տեսուչին է զանգահարել Սպարտակ Ղուկասյանը ու ագրեսիվ տոնով նրան մեղադրել է իրենց տուն այցելության համար և հնչեցրել է սպանության սպառնալիք:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր. 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Ձեռնարկվում են միջոցառումներ Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ: