Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի և ֆինանսական հաշիվների վրա կալանք դնելու որոշումը

Օգոստոս 17,2021 15:25

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց չեղարկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա եւ ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքը։

Դատարանին միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ վարույթ իրականացնող մարմինը դեռեւս նախաքննության փուլում կալանք է դրել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա, համարելով որ վերջինիս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Փաստաբանի ներկայացմամբ՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը որեւէ կերպ չի կարող նպաստել սույն գործի քննությանը եւ դատավարական նպատակներին։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ դատարանում հայտարարեց՝ նախաքննության ընթացքում պարոն Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել զուտ այն հիմքով, որ իբրեւ այդ գույքը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին․ «Քրեական դատարավարության օրենսդրությունը, հատկապես գույքի վրա կայանք դնելու ինստիտուտը, եթե ուսումնասիրեն, ապա «փաստացի պատկանելիություն» հասկացություն գոյություն չունի, ավելին՝ քրեական դատավարության օրենսգրքի 232 եւ 233 հոդվածներով գույքի վրա կալանք կարող է դրվել կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձանց գույքի վրա կամ երրորդ անձանց գույքի վրա։ Միեւնույն ժամանակ օրենսդիրը սահմանում է երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու չափանիշները՝ այսինքն՝ եթե երրորդ անձի կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար կրում է նյութական պատասխանատվություն, եւ եթե նրանք հանդիսանում են ոչ բարեխիղճ ձեռքբերողներ, եւ եթե այդ գույքը ձեռք է բերվել կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում։ Տվյալ դեպքում քննիչը չափանիշները չի նշել՝ Սեդրակ Քոչարյանը կրում է պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի գործողությունների համար, Սեդրակ Քոչարյանը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, կամ գույքը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործողությունների արդյունք»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ պնդեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի 233.1 հոդվածի 1-ին մասում հստակ նշված է՝ հնարավոր բռնագանձման ենթակա գույքի նկատմամբ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է անհապաղ կալանք կիրառել․ «Առաջադրված մեղադրանքը վերաբերում է 927 միլիոն դրամ ենթադրաբար կաշառք ստանալու դեպքին, եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հստակ նկարագրված է այդ գույքի հնարավոր շարժի եւ հանցավոր ծագում ունենալու եւ դրա, հավանաբար, բռնագանձման ենթակա լինելու հանգամանքները, որ այդ հիմքով պայմանավորված գույքերը պետք է մնան արգելանքի տակ մինչև, ըստ էության գործը լուծելը եւ դատարանի վճռով այդ հանգամանքին անդրադառնալը»։

Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո որոշում կայացրեց՝ արդեն իսկ կալանքի տակ դրված գույքը բավարար է դատարանի կողմից դատավարական նպատակներին հասնելու համար, վերացնել նախաքննական մարմնի՝ գույքի վրա կալանք դնելու 2018 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի շարժական եւ անշարժ գույքի վրա, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի եւ ակտիվների վրա, ինչպես նաեւ «Նաիրի ինշուրանս», «Թարգետ» ՍՊԸ-ի բանկային հաշիվների գումարների վրա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031