Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում». Թագուհի Թովմասյանը` Ալեն Սիմոնյանին

Օգոստոս 12,2021 15:17

«Լրագրողները կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները, ՀՀ քաղաքացուն տալիս են տեղեկություն ԱԺ ընտրված պատգամավորների գործունեության վերաբերյալ: Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք հնարավորինս թափանցիկ, եւ ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի: Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում, սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների դասական ոտնահարում է, որովհետեւ ԱԺ նախագահությունը որոշում է՝ ի՞նչ նյութ գրեն լրագրողները, ո՞ւմ մոտենան, ո՞ւմ՝ ոչ: Այսինքն` օրակարգը ձեւավորում է խորհրդարանի ղեկավարությո՞ւնը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվելու է` «այնպես չի լինելու, որ լրագրողները հասնեն պատգամավորների աշխատասենյակների մոտ եւ դրանք բացեն, քանի որ այդ ամենը վիրավորում է պատգամավորների արժանապատվությունը»:

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ Ալեն Սիմոնյանի հորդորով ԱԺ նիստերի ուղիղ եթերն անջատվեց: Թագուհի Թովմասյանը դա որակեց ԱԺ նախագահի կամայական որոշման արդյունք. «Այդ միջադեպի ժամանակ լրագրողներին դուրս էին հրավիրել նաեւ օթյակից, ինչը նրանց իրավունքների ուղղակի ոտնահարում է, որովհետեւ նրանք արձանագրում էին այն խայտառակ պատկերը, որն առկա էր ԱԺ դահլիճում, այն հայհոյանքները, որը պատգամավորները տալիս էին միմյանց: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե ինչով են զբաղված խորհրդարանի դահլիճում իրենց կողմից ընտրված պատգամավորները»:

Ըստ Թագուհի Թովմասյանի, իշխանական պատգամավորներից մեկը (Վլադիմիր Վարդանյանը. խմբ) երեկ ասել էր, որ լրագրողների գործառույթը չէ ԱԺ վիճաբանությունը տեսանկարահանելը. «Իսկ նույն այդ պատգամավորը ի՞նչ գիտի լրագրողների պարտականությունների մասին: Լրագրողը պարտավոր է արձանագրել այն, ինչ տեսնում է խորհրդարանում, եւ եթե դահլիճում պատգամավորներն իրար վիրավորում, հայհոյում, իրենց փողոցայինի նման են պահում, ապա դա պետք է դառնա հասարակությանը տեսանելի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031