Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

«Տիգրան Արզաքանցյանը մեզ խաբել է, թրաֆիքինգի ենթարկել, դռներս կռիվ է գցել»․ Գյումրիում մեծ աղմուկ է

Հուլիս 13,2021 23:29

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի ու Գյումրու շտաբերի աշխատակիցները՝ բարձրաձայնելով, որ այս կուսակցության ցուցակը գլխավորող գործարար Տիգրան Արզաքանցյանը իրենց խաբել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած կազմակերպչական աշխատանքների համար ոմանց ընդհանրապես չի վճարել, ոմանց էլ չնչին գումարներ տվել։

Գյումրիի շտաբերի աշխատակիցների ասելով, իրենք զօրուգիշեր կազմակերպչական աշխատանքներ են կատարել, թեկնածուին Գյումրիում իր կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ ամենաբարձր մակարդակի ընդունելության են արժանացրել, ֆայտոնով ման տվել, աղավնիներ բաց թողել, որոշ տեղերում նրա ցուցապաստառներն են փակցրել, սակայն Տիգրան Արզաքանցյանն այս ամենի ծախսերն անգամ չի տվել։

«Նատալյա Ռոտենբերգը իջել էր ֆայտոնից, ասում էր՝ ես մանուկ հասակում նույնիսկ էսպես երջանիկ չեմ եղել։ Այ, այդպիսի ընդունելության ենք արժանացրել։ Տեքստիլագործների ակումբում էլ 40-ից ավել աղավնիներ ենք թռցրել, ասում էին՝ վաոո, էս ինչ է կատարվում։ Գյումրիում իրենց ճանաչող չի եղել, զօր ու գիշեր գյումրեցիներին իրենց ծրագրերն ենք ներկայացրել, ծանոթացրել»,- ասացին Գյումրիի շտաբի աշխատակիցները։

Ըստ նրանց, վերջում վատամարդ իրենք են դուրս եկել, Տիգրան Արզաքանցյանն ասել է, թե ձայն չեք բերել, գումար չենք տալու, բայց, ըստ աշխատակիցների, իրենք պայմանավորվածություն չեն ունեցել, որ իրենց ձայնը պարտադիր պիտի տային թեկնածուի գլխավորած կուսակցությանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Շիրակի մարզային շտաբի պատասխանատու Գարիկ Մուրադյանին էլ պարտքերի տակ են գցել, նա իր անձնական մեքենան է գրավադրել, որ կարողանա որոշ աշխատակիցների ծախսեր տալ, այդ թվում ֆայտոնի, ավտոմեքենաների բենզինի, գազի գումարները։ «Այդ մարդն էլ միլիոնավոր դրամներ տուժվել է, հսկայական խոստումներ են տվել, բայց ոչ մի բան չեն տվել»,-ասուլիսի ժամանակ ասացին շտաբի աշխատակիցները։

Թե՛ Գարիկ Մուրադյանը, թե՛ մյուսները տհաճ պատմության մեջ են ընկել, այն ծանոթ մարդիկ, որոնց ներգրավել են Տիգրան Արզաքանցյանի քարոզչական աշխատանքներում, պահանջում են իրենց գումարը, ամեն օր դռներն են ծեծում, կռիվ տալիս։

Գարիկ Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմեց հետևյալը․ «Մարդն ինձ ասում է՝ լավ, մենք ունեցել ենք 480 հոգի աշխատող Շիրակի մարզում, ինչո՞ւ այդ աշխատողները ձայն չեն տվել մեզ։ Ասում եմ՝ մինչև վերջին վայրկյանը ես սպասել եմ, որ մարդկանց աշխատավարձերը պիտի տաք, դրանից հետո զանգել եմ աշխատակիցներին, ասել եմ՝ ձեր աշխատավարձերը չեն տալիս, դուք ազատ եք, ինչ ուզում եք արեք, որպեսզի մարդիկ ինձ չգան մեղադրեն։ Վստահված անձանց ասել եմ ՝ էս է պայմանը, ուզո՞ւմ եք գնաք, վստահված անձ աշխատեք, 25 հազար դրամ խոստացված գումարի 10 հազարը տան, 15 հազարն էլ հետո տան։ Ես այլևս պատասխանատու չեմ՝ հետո կտան, թե չեն տա, որովհետև էս մարդիկ միշտ խաբել են։ Մարդիկ հրաժարվել են վստահված անձ գնալուց, այդ ամենից հետո ինձ ասում է, դու որ ասել ես մարդկանց՝ էդ օրը չգնան, չմասնակցեն, դրա համար մենք մարզի վրա ինչքան գումար որ ծախսել ենք, դրա կրկնակին բերես, հետս կտաս։ 290 ձայն են հավաքել Շիրակի մարզում, բայց երբ ինձ ընտրությունների նախօրեին հարցրել են ՝մոտ քանի՞ ձայն ունենք Շիրակի մարզում, ասել եմ՝ էս պահի դրությամբ զրո ձայն։ Հարցրել են՝ բա ինչո՞ւ, ասել եմ, որովհետև մարդկանց աշխատավարձերը չեք տվել»։

Նա նշեց, որ քարոզչական աշխատանքներում իր կողմից ներգրավված մարդիկ ձայն տալու համար չեն աշխատել, այլ ագիտացիայով են զբաղվել, բուկլետներ են բաժանել, ցուցապաստառ են փակցրել, գյումրեցիներին կուսակցության ծրագրերին են ծանոթացրել։
Գարիկ Մուրադյանը նշեց, որ միայն Գյումրիում Տիգրան Արզաքանցյանին դիմավորելու օրը 700 հազար դրամ է ծախսել, վարկեր է վերցրել, որպեսզի կարողանա իր տուն հասնող մարդկանց փոքր- ինչ «խաղաղեցնել», մինչև որ պարտք մնացած փողերը կտան։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի շտաբի պատասխանատու Խաչատուր Մարգարյանն էլ, որն հատուկ Գյումրի էր եկել՝ Տիգրան Արզաքանցյանի մասին խոսելու, ասաց, որ շտաբը ղեկավարել է իր քրոջ տղայի խնդրանքով։ Շտաբն ունեցել է 7 աշխատակից, որից 4-ի խոստացած աշխատավարձը Տիգրան Արզաքանցյանը չի տվել։

Նա դժգոհեց, որ շտաբի բոլոր ծախսերը, անգամ հացի, ջրի, սուրճի, հյուրասիրության հոգացել է անձամբ, որի համար իրեն գումար չեն վճարել, ավելին՝ իր աշխատավարձը չեն տվել։ Անձնական մեքենան ևս օգտագործել է կուսակցության քարոզարշավի կազմակերպչական աշխատանքների համար, սակայն վառելիքի ծախս անգամ չեն փոխանցել։ «Քրոջս տղան՝ Գուրգեն Գրիգորյանը, որ այդ կուսակցության ցուցակում էր, ինձ ասել է՝ քեռի ջան, կգաս, ինձ կօգնես, գնացել եմ, օգնել եմ, Աբովյան եմ գնացել, Չարենցավան եմ գնացել, Բյուրական եմ գնացել, Հրազդան եմ գնացել, Բջնի եմ գնացել, Ապարան, Աշտարակ, Թալին, սաղ տեղերը իմ անձնական մեքենայով գնացել եմ։ Շատ քիչ գումար են տրամադրել՝ ծախսերը թողնելով իմ վրա, իսկ երբ հարցրել եմ իմ աշխատավարձի չափի մասին, ասել են՝ լավ կլինի։ Ո՛չ աշխատավարձ են տվել, ո՛չ իմ մեքենայի ծախսերն են տվել՝ բենզին ա, գազ ա, ընդմիջմանը սնվելու փող ա, էս ա, էն ա»,-ասաց բանախոսը։

Նա նշեց, որ շտաբի աշխատակիցները փողերը իրենց են պահանջում, անհարմար դրության մեջ է հայտնվել։ Վերջինս նշեց, որ 1,5 միլիոն գումար է ծախսել, իրեն փոխանցել են մոտ 800-900 հազար դրամ՝ մնացած ծախսերը թողնելով իր վրա։
Գյումրու շտաբերի աշխատակիցներից Վոլոդյա Կիրակոսյանն էլ ասաց, որ շտաբն է համակարգել, աշխատակիցների է ներգրավել, բոլորն աշխատել են ու բացարձակապես չեն վճարվել։

«Մենք պահանջում ենք մեր հալալ քրտինքը՝ աշխատավարձը։ Երկու շտաբ է եղել Գյումրիում, որտեղ 400 աշխատակիցներ կային, մեզ գումար տվել է իմ ընկերը՝Գարիկ Մուրադյանը, որի խոսքով եմ ես եկել-մտել էս գործի մեջ, հարցրել եմ՝ ինչքան է աշխատավարձը, ասել է՝ 125 հազար դրամ յուրաքանչյուրիս։

Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալjա Ռոտենբերգը ինքն է այդ պայմանագիրը ստորագրել, ցույց տվել Գարիկին, որի հիման վրա Գարիկը մեզ է խոստացել, որ այդքան է գումարը, մարդը օդի մեջ չի ասել։ Մենք էլ համաձայնել ենք տվյալ աշխատանքը կատարել։ Մենք գնացել Երևանում մասնակցել ենք իրենց քայլերթին, Գյումրիում իրենց բարձր մակարդակով ընդունել-ճանապարհել ենք, աշխատանքներ ենք կատարել, պլակատներն ենք կպցրել, մարդկանց ներկայացրել ենք իրենց ծրագիրը։ Վերջը դա աշխատանք է, մարդկանց հետ աշխատել ենք, ջանք ենք թափել գիշեր-ցերեկ։

Իրենց խոստանալով՝ վաղը եկեք Երևան, ձեր գումարները կտանք, մյուս օրը եկեք, ձեր գումարները կտանք ու մինչև վերջ պահը չեն տվել։ Գարիկին երեք օր պահել էին Երևանում, թե ամեն վայրկյան ձեր գումարները կտանք, էստեղ սպասեք, ոչ մի գումար մեզ չփոխանցեցին, վերջում չնչին գումար են տվել, թե փոխանցեք վստահված անձանց։ Գարիկն ասել էր՝ եթե սա տամ, աշխատավարձի գումարները կմնա իմ վրա, բերել աշխատավարձի գումարներ է տվել՝ չնչին գումար է եղել, մոտ 40 հազար դրամ, ամեն մեկիս մոտ 55 հազար դրամ պարտք են, մենք պահանջում ենք մեր օրինական աշխատավարձը։

Տիգրան Արզաքանցյանը կանչել է Գարիկին իր մոտ ու ասել՝ ոչ մի գումար ձեզ չունենք տալու, ես չեմ անցել ընտրություններում»։
Վերոհիշյալ կուսակցության Շիրակի մարզի շտաբի աշխատակից Արտուշ Պետրոսյանի ասելով էլ իրենց ամեն առիթով կանչել են Երևան, թե պայմանագիրը կտանք, այդպես էլ չեն տվել։

«Մենք զօրուգիշեր իրենց համար աշխատել ենք, ամեն ինչ արել ենք․ իրենց Շիրակի մարզում ոչ մեկը չէր ճանաչում, մենք առավոտից իրիկուն հաց նույնիսկ չենք կերել, ոտքի վրա թեթև բրդուճներով ենք սնվել, որ իրենց ծանոթացնենք Շիրակի մարզի բնակիչների հետ, բայց տեսեք ինչ ձևով են վարվում մեզ հետ»։

Ի դեպ, շտաբի աշխատակիցները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով Տիգրան Արզաքանցյանին պատժել իրենց թրաֆիքինգի ենթարկելու։
Մենք կլսենք նաև Տիգրան Արզաքանցյանի պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031