Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է». բանասերը` հայերենից 50% «կտրվածների» մասին

Հուլիս 08,2021 14:56

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: Ըստ այդմ` բուհ ընդունվողների 46.9%-ը չի հաղթահարել հայոց լեզվից, իսկ 40%֊ը՝ մաթեմատիկայից անցողիկ շեմը: Նրանք չեն կարողացել վաստակել 8 միավոր հնարավոր 20֊ից։

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննություններից ստացված պատկերը` բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը նշեց. «Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ արդյունքն է, ընդ որում, միայն կրթական ցենզի մասին չէ խոսքը: Մենք գիտենք, որ այսօր դպրոցը, կրթությունը գտնվում է շատ վատ վիճակում, անընդհատ եւ ամբողջական կրթական համակարգը, եւ դպրոցականը, եւ բուհականը եւ հետբուհական համակարգը հարվածներ են ստանում իշխանությունից: Արդյունքում, տեղից էլ խախուտ, հազիվ ծայրը ծայրին հասցնող համակարգը եւ հարվածներ է ստանում, եւ անորոշ վիճակն է խորացվում»:

Գեւորգ Էմին-Տերյանի ձեւակերպմամբ, տվյալ դեպքում, հայոց լեզվի պարագայում մենք գործ ունենք նաեւ այլ երեւույթի հետ. «Նախ մի կողմից դա մեր ինքնահարգանքի բացակայությունն է, երեխաները տեսնում են, որ ԿԳՄՍ նախարարը ոչ գրական հայերեն է խոսում, մշակույթը ներկայացնող կառավարության անդամը Թումանյանի քառյակն անգիր չգիտի, ու այդպես հայերեն սովորելու, հայերեն գրագետ խոսելու անհրաժեշտությունը երեխաների աչքի առաջ վերանում է:

Իրենք մտածում են` ի՞նչ իմաստ ունի իմանալ հայերեն, եթե առանց դրա էլ կարող ես դառնալ երկրի վարչապետ, ԱԺ նախագահ, ԿԳՄՍ նախարար եւ այլն: Ես կարծում եմ, որ սա լիբերալ անգրագիտության հաղթարշավի մի մասն է, գաղափարական հիմքը»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ հայոց լեզվի թեստերին. «Հայոց լեզու առարկան, չափորոշիչները, թեստերը այնքան չարչրկվել են, որ շարունակում են մնալ կոռուպցիայի հարուստ աղբյուր, ինչ-որ մարդիկ շարունակում են ձեռքերը տաքացնել հայոց լեզվի քննությամբ եւ դրանով հիասթափեցնում են երեխաներին, հայերենով հիասթափեցնում են հայաստանցուն:

Որովհետեւ եթե երեխան չի կարողանում սովորել հայերեն, հիասթափվում է, իսկ մենք գիտենք, թե թեստերում ինչքան սխալներ կան, ինչի պատճառով էլ բոլոր քննություն հանձնածներին ավտոմատ կես միավոր բարձր են նշանակել: Եթե մասնագետը չգիտի ու ամբողջ հանրապետությունում կես միավոր բարձրացնում են, ինչի՞ մասին է խոսքը:

3 տարվա ընթացքում ինչ ասես, խոստացան, բայց կոնցեպտը չփոխեցին, շտեմարանները մնացել են, բայց թեստերը կազմում են շտեմարաններից դուրս հարցերով, այդ դեպքում շտեմարանն ինչի՞ համար է, չէ՞ որ դրանից պետք է լինեն բոլոր հարցերը: Նորից հայոց լեզվի քննությունը սարքել են փողի մեծ տոպրակ: Մի խոսքով այս ամենի պատճառները երկուսն են` մեկը կրթական մակարդակը, մյուսը հայերենի հանդեպ արհամարհական վերաբերմունքը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031